Երևան`   +15 °C
Այսօր`   Շաբաթ, 18 ապրիլի, 2026 թ.

«Մենք այսօր լայն բացել ենք քաղաքական անպատասխանատվության դռները». Լիլիթ Բլեյան

51
Այսօր, 10:36
«Մենք այսօր լայն բացել ենք քաղաքական անպատասխանատվության դռները». Լիլիթ Բլեյան

Երգչուհի Լիլիթ Բլեյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երկար եմ գրել, որ կարդաք
Անարդարության դեմ բողոքի ուժին ծանո՞թ եք։ Էդ բողոքը մարդկության պատմությունը կարող է փոխել։
Այսօրվա Իսրայելի ստեղծման հիմքում անարդարության դեմ բողոքն է։ 131 տարի առաջ Ֆրանսիայում հրեա սպա Ալֆրեդ Դրեյֆուսի հանդեպ տեղի ունեցած անարդարությունը Եվրոպայում սիոնիստական շարժման ստեղծման խթանը դարձավ։
Հրեա Դրեյֆուսի հանդեպ անարդարությունը և հակասեմիտիզմի պատճառները վերլուծելով՝ Թեոդոր Հերցլը գրեց իր «Հրեական պետություն» գիրքն ու սկսեց շարժում, որն ի վերջո վերածվեց Իսրայել պետության՝ Հերցլի մահից 44 տարի անց։
Դրեյֆուսի դեպքը նաև այլ ծավալուն հետևանքներ ունեցավ։
Ֆրանսիացի հայտնի գրող, հրապարակախոս Էմիլ Զոլան գրեց իր հռչակավոր «ԵՍ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՄ» բաց նամակը՝ մեղադրելով բոլոր նրանց, ովքեր հանիրավի դատապարտել էին անմեղ մարդուն։
Ֆրանսիական մտավորականությունն այդ նամակից հետո թշնամական ճամբարների բաժանվեց։ Զոլային մեղադրեցին զրպարտության մեջ, դատապարտեցին բանտարկության, նա ստիպված եղավ թաքնվել։
Ֆրանսիական հասարակությունը կիսվեց երկու մասի՝ Դրեյֆուսի պաշտպանների և նրան մեղադրողների։
Դատապարտվելուց 11 տարի անց Դրեյֆուսն արդարացվեց։ Իսկ Զոլայի բողոքը՝ մեկ մարդու հանդեպ անարդարության մասին, ձևափոխեց ֆրանսիական քաղաքական-հասարակական դաշտը, խթան դարձավ բազմաթիվ իրավապաշտպան ու սոցիալական շարժումների համար ամբողջ աշխարհում։
Ի՞նչ կապ ունի այս ամենն այսօրվա Հայաստանի հետ։
Հայաստանի, Արցախի հետ կատարվածը և կատարվողը բազմակի անգամ ավելի անարդար ու հրեշավոր է, քան՝ Դրեյֆուսի գործը։ Մեր աչքի առաջ մեր երկրի, մեր ջահել սերնդի հետ կատարվել ու կատարվում է հրեշավոր անարդարություն։
Ի՞նչ ուժգնության ենք մենք՝ որպես հասարակություն, որպես ժողովուրդ, որպես պետություն, ցնցվել այդ անարդարությունից։
Արցախի կորուստը Ցեղասպանությունից հետո մեզ հասցված ամենածանր հարվածն է։ Մեր հավաքական մարմնի անդամահատումը տեղի ունեցավ այնպիսի սառնասրտությամբ, արյան ու ցինիզմի այնպիսի հեղեղով, որ հասարակությունն ինքն իրեն նետեց թմրության գիրկը, որպեսզի այդ ահռելի ցավն ամբողջությամբ չզգա։ Սա՝ պարզ քաղաքացիները։ Իսկ քաղաքական մի՞տքը։
Մեզ հետ կատարվածի քաղաքական պատասխանատուները այսօր էլ, մատները կապտացրած, կառչած են երկրի ղեկին։
Քաղաքականության ու մարդկայնության բոլոր օրենքների համաձայն՝ նրանք պիտի կրեին առնվազն քաղաքական պատասխանատվություն։ Արցախի հայաթափումից հետո նրանք պարտավոր էին գիտակցել իրենց արածի ամբողջ ծանրությունը և հեռանալ «բեմից», նույնիսկ եթե դա իրենց համար հետևանքներ ունենար։ Նույնիսկ եթե այդ ամենը դիտավորության հետևանք չէր։
Նրանք պարտավոր էին հեռանալ, որպեսզի Հայաստանում վերջապես հաստատվեր քաղաքական պատասխանատվության ինստիտուտը։ Որպեսզի երկրի ու սերունդների հանդեպ կատարված հրեշավոր, անարդար հանցանքը դատապարտվեր՝ այլևս չկրկնվելու համար։
Դրա փոխարեն՝ մենք այսօր լայն բացել ենք քաղաքական անպատասխանատվության դռները։ Այս տրամաբանությամբ՝ ամեն մեկը կարող է գալ, ինչ-որ հնարքներով տիրանալ երկրի ղեկին, բանակցություններ ձախողել, պատերազմներ պարտվել, սերունդներ զոհել, հայկական հնագույն հողեր կորցնել ու շարունակել հանգիստ կառավարել։
Հանրային գիտակցության հետ հմտորեն խաղալով՝ երկրի ղեկը ձեռքում պահելը մեծ արժանիքների մասին չի խոսում։ Դա կարողացել են ու դարեր շարունակ արել են բազմաթիվ ձեռնածու բռնապետեր՝ դեռ մինչև սոցիալական մեդիայի հայտնվելը։ Այսօր դա անհամեմատ ավելի հեշտ է։
Քաղաքական պատասխանատվության ինստիտուտը վերջնականապես ոչնչացնելով՝ մենք մեր երկրի մահախոսականն ենք գրում։ Դա նույնն է, որ քո ամենակարևոր վիրահատությունը վստահես այն բժշկին, որը մինչև այդ արդեն ավերել է մարմինդ։
Քաղաքական պատասխանատվություն ստանձնելն ամենակարևորն է երկրի առողջացման համար։ Եթե իհարկե սա ձեր երկիրն է։
Մինչև 2018 թվականն իհարկե եղել են բազմաթիվ սխալներ ու ձախողումներ։ Եղել են շատ ծանր հարվածներ, ու դրանց մասին բոլորս գիտենք, բոլորս էլ ապրել ենք նույն Հայաստանում։
Բայց Արցախը կորսվել է հե'նց այսօրվա իշխանությունների օրոք։
Ու նույնիսկ այն մարդիկ, որոնք փորձում են նախկին սխալներից շղթա հյուսել ու բերել-հասցնել մեր օրեր, միևնույն է, չեն կարողանում պատասխանել հարցին. ինչո՞ւ Արցախի կորուստը չի ունենում քաղաքական հետևանքներ՝ իր քաղաքական պատասխանատուների համար։
Եվ ինչո՞ւ մեր Զոլան չի գրում իր նամակը՝ ասելով «ԵՍ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՄ»։
Գուցե գրո՞ւմ է, գուցե հիմա մենք բոլորս՝ հակաիշխանական «ճամբարում», մի հավաքական Էմիլ Զոլա ենք, ու ամեն օր գրում ենք այդ նամակները մեր էջերին։ Գուցե պարզապես խոսքը հիմա աղմուկ է դարձել, ու այդ աղմկոտ քամին մեր ձեռքից քշում-տանում է մեր այդ միակ զենքը՝ խոսքի, մտքի զենքը։
Ո՞վ է պատասխանատու մեր ջահել սերնդի, մեր Արցախի կորստի, մեր Հայաստանի հանդեպ կատարված ու կատարվող հրեշավոր անարդարության համար։
Մեզ համար ի՞նչ հետևանքներ կունենա այդ անարդարությունը։
Կստեղծվի՞ մի նոր, առողջացնող հոսանք, որը մեզ կփոխի ու լիցք կտա մեզ, որ ձևավորվենք որպես քաղաքական պետություն։
Թե՞ կփլուզվենք վերջնականապես՝ անպատասխանատվության ծանր բեռի տակ»:

Աղբյուրը`   Լիլիթ Բլեյան