«Ասֆալտապատ հարթ ճանապարհն ունի մի քանի թաքնված վտանգ»․ Հակոբ Բադալյան
104
Այսօր, 14:42
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ողբերգակն վթար է Շիրակի մարզում: Վթարից զոհվել է 6 մարդ, այդ թվում նաև ընտանիքի 5 անդամ: Հավանաբար երկու մեքենաները բախվել են դիմահար: Ողբերգությունը տեղի է ունեցել Գյումրի-Արմավիր ճանապարհին, որը նոր է ասֆալտապատված: Լավ է, որ ասֆալտապատել են այդ ճանապարհը: Բայց ճանապարհային անվտանգության համար պատասխանատու որևէ կառույցի մտքով իսկ չի անցնում, թե ի՞նչ անել, ի՞նչ միջոցներ ձեռնարկել, որ ճանապարհի ասֆալտապատմանը զուգահեռ, նաև բարձրանա անվտանգության մակարդակը: Որովհետև ասֆալտապատ հարթ ճանապարհը ունի մի քանի թաքնված վտանգ: Նախ, հարթ ճանապարհը «գայթակղում» է վարորդին՝ բացել մեծ արագություն: Երկրորդ, ասֆալտապատ, հարթ ճանապարհը կարող է նաև «բթացնել» վարորդին, նպաստել զգոնությունը կորցնելուն, արագության զգացումը կորցնելուն, տարածության զգացում կորցնելուն, «քնելուն» և այլն: Հիմա կգտնվի իշխանության մի որևէ երկրպագու, որը կասի՝ «ի՞նչ անեն, չասֆալտե՞ն ճանապարհները»: Դա իհարկե քարոզչությանը բնորոշ երեւույթ է: Ոչ, թող ասֆալտեն, ու լավ է, որ գոնե դա անում են: Բայց պետության պարտավորությունն է ոչ միայն ասֆալտելը, այլ նաեւ ասֆալտած ճանապարհին երթևեկության անվտանգության համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկելը: Հատկապես, երբ խոսքը մի ճանապարհի մասին է, որը չունի այսպես ասած բազրիքային բաժանում, ու դրանից բացի՝ նաեւ չունի մեծ լայնություն: Այդ պարագայում, անգամ սահմանված արագությամբ ընթացքը կարող է իր մեջ պարունակել որոշակի վտանգներ: Օրինակ, այդ ճանապարհին թույլատրելի արագությունը 90կմ/ժամ է: Նույնիսկ այդ թույլատրելի արագության պարագայում հնարավոր է ամենափոքր խնդիր անգամ եւ բախում: Հայաստանում բացարձակ չկա ճանապարհային երթևեկության անվտանգությանը միտված համակարգված քաղաքականություն՝ պարզապես տուգանքից, երբեմն-երբեմն էլ մանկական «քար-սիթերի» մասին արշավներից զատ: Մինչդեռ դա բավարար չէ բացարձակապես: Ճանապարհային երթևեկության անվտանգությունը պահանջում է թե ճանապարհների կահավորման և տեխնիկական հագեցման համակարգային աշխատանք, թե աշխատանք հանրության հետ՝ ինտենսիվ, հետևողական: Այլապես, մի տարի մյուսի համեմատ մի քանի զոհով պակաս է լինում, անմիջապես դա էլ դառնում է քարոզչության նյութ, տպավորություն ստեղծելու, թե իբր լավ աշխատանք է կատարվել ու եղել է առաջընթաց: Ճանապարհային երթեւեկության անվտանգության ուղղությամբ ոչ մի համակարգային ու հետևողական աշխատանք էլ չի կատարվում»։