Երևան`   +1 °C
Այսօր`   Շաբաթ, 28 փետրվարի, 2026 թ.

«Ո՞վ է վճարելու թոշակների «բարձրացման» գինը»․ Սուրեն Սուրենյանց

58
Երեկ, 23:42
«Ո՞վ է վճարելու թոշակների «բարձրացման» գինը»․ Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Ո՞վ է վճարելու թոշակների «բարձրացման» գինը
«Եթե թոշակառուների թոշակը ամսական 10 հազար 400 դրամով ավելացնենք, ի՞նչ է անելու թոշակառուն այդ գումարը, ինչի՞ վրա է ծախսելու»,- շուրջ երկու ամիս առաջ հայտարարում էր Հայաստանի վարչապետը Նիկոլ Փաշինյանը։
Երկու օր առաջ նույն վարչապետը հայտարարում է, որ ապրիլի 1-ից կենսաթոշակները Հայաստանում կբարձրանան՝ նշելով, որ ցածր թոշակները կավելանան 10 հազար դրամով, իսկ համեմատաբար բարձր թոշակները՝ ավելի քիչ։
Ընդամենը մեկ ամսվա ընթացքում հնչած այս հայտարարություններն արտացոլում են սոցիալական քաղաքականության նկատմամբ իրարամերժ մոտեցումներ։ Առաջին դեպքում թոշակառուն ներկայացվում էր որպես մարդ, որը չի կարող արդյունավետ տնօրինել հավելյալ եկամուտը, իսկ երկրորդ դեպքում նույն պետությունը փաստացի ընդունում է, որ գործող կենսաթոշակները չեն բավարարում նվազագույն կենսական կարիքները։ Այսպիսի կտրուկ շրջադարձը չի ուղեկցվել սոցիալական քաղաքականության վերանայմամբ, մասնագիտական հաշվարկներով կամ երկարաժամկետ ռազմավարությամբ, ինչը լրջագույն հարցեր է առաջացնում որոշման իրական շարժառիթների վերաբերյալ։
Կենսաթոշակների բարձրացումը Հայաստանի քաղաքական պրակտիկայում վաղուց դիտարկվում է որպես նախընտրական ամենաազդեցիկ գործիքներից մեկը։ Թոշակառուները սոցիալապես խոցելի, բայց ընտրական առումով կայուն խումբ են, և նրանց ուղղված ցանկացած ուղերձ սովորաբար ունի ոչ թե տեխնոկրատական, այլ քաղաքական բնույթ։ Այս դեպքում ևս բացակայում են ակտուարային հաշվարկները, հստակեցումը՝ բարձրացումն ունի շարունակական բնույթ, թե միանվագ է, ինչպես նաև սոցիալական քաղաքականության համակարգային հիմնավորումը։ Փոխարենը կա արագ որոշում և հրապարակային հայտարարություն՝ հստակ ժամկետով։
Առավել մտահոգիչ է ֆինանսավորման հարցը։ Խոսքը մոտ 75 միլիարդ դրամի լրացուցիչ բեռի մասին է, մինչդեռ գործող բյուջեում կենսաթոշակների նման բարձրացում նախատեսված չէ։ Հանրությանը չի ներկայացվել, թե որ աղբյուրներից են ապահովվելու այդ միջոցները՝ հարկային մուտքերի աճի՞, ծախսերի կրճատմա՞ն, թե՞ արտաքին ֆինանսավորման հաշվին։ Այս պայմաններում առավել հավանական են երեք սցենարներ՝ այլ ծրագրերի հաշվին ներքին վերաբաշխում, բյուջետային դեֆիցիտի խորացում կամ պետական պարտքի ավելացում։ Երեքն էլ պարունակում են միջնաժամկետ ռիսկեր, որոնք կարող են իրենց ազդեցությունն ունենալ թե՛ մակրոտնտեսական կայունության, թե՛ սոցիալական ծրագրերի շարունակականության վրա։
Ամսական10 հազար դրամի ավելացումը (մոտ 25–26 USD)՝ նվազագույն պարենային զամբյուղի (42–43 հազար դրամ 2025-ի տվյալներով) համեմատ շատ փոքր է, օբյեկտիվորեն, չի կարող էականորեն փոխել թոշակառուի կյանքի որակը։ Այն չի լուծում դեղերի, կոմունալ վճարների և սննդի շարունակական թանկացման խնդիրները։ Սակայն քաղաքական առումով այն ստեղծում է սոցիալական հոգածության տեսանելի էֆեկտ, որն ուղղված է հանրային տրամադրությունների վրա ազդեցությանը։
Երբ սոցիալական քաղաքականությունը կառուցվում է ոչ թե իրական կենսամակարդակի բարձրացման, այլ կարճաժամկետ քաղաքական ազդեցության տրամաբանությամբ, դրա գինը գրեթե միշտ վճարվում է ավելի ուշ։
Ստեղծված պատկերը ավելի շատ խոսում է նախընտրական հաշվարկի, քան համակարգային սոցիալական քաղաքականության մասին։ Սոցիալական պարտավորությունները, որոնք ստանձնվում են առանց հստակ տնտեսական հիմքի և երկարաժամկետ հաշվարկի, անխուսափելիորեն հանգեցնում են բյուջետային լարվածության, նոր պարտքերի կամ հետագա կրճատումների։ Իսկ այդ գինը, ի վերջո, վճարում են հենց նույն քաղաքացիները, այդ թվում նաև՝ այն թոշակառուները, որոնց սոցիալական խնդիրներն իբրև թե հուզում են Փաշինյանին»: