«Նիկոլին ուղեկցող «հավատացյալների» համար այս ամենը հենց «հելոուին» է». Կարեն Վրթանեսյան
111
Այսօր, 09:30
Ռազմական փորձագետ Կարեն Վրդանեսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Շատ տարիներ առաջ մի խումբ ֆեմինիստներ որոշել էին ակցիա անել և ըստ սցենարի՝ մի աղջիկ էլ պետք է քահանայի հագուստով «ծես» իրականացներ։ Կոշտ քննադատության արժանացավ այդ գաղափարը, մեծ աղմուկ բարձրացավ, վերջում առանց այդ կեղծ քահանայի արեցին։ Հետո ամիսներ անց անկապ մի քննարկման ժամանակ այդ նույն աղջիկը պատահեց ու վստահ պնդում էր, թե «ՀԱԵ հավատացյալ զավակ է»։ Մի քիչ էլ բանավիճեցինք, պարզվեց ո՛չ միայն ՀԱԵ-ից է անտեղյակ, այլև ընդհանրապես կրոնից... Մնաց-մնաց, ասաց. — Ես չգիտեմ, իրականում աստված կա, թե ոչ։ — Դու քրիստոնյա չես, դու ագնոստիկ ես, — պատասխանեցի։ Նեղվեց, իրեն թվաց, թե վիրավորում եմ։ Բացատրեցի ագնոստիկը որն է, ու է՛լ արդեն իմաստ չկար որևէ բան քննարկելու, որովհետև ակնհայտ էր, որ իր համար այդ ամենն ուղղակի հավես ակցիա էր, կրոնի հետ որևէ կապ չունեցող։ Ինչպես, ասենք՝ Հելոուինի ժամանակ մեկը կարող է քահանայի կամ միանձնուհու պես հագնվել, գժություններ անել, հաճույք ստանալ ուշադրության կենտրոնում լինելուց... * * * Կարծես թե արդեն որևէ կասկած չի մնացել և ոչ մեկի մոտ, որ Նիկոլին ուղեկցող «հավատացյալների» համար այս ամենը հենց «հելոուին» է... Ու եթե վաղը շեֆից հրահանգ գա սատանիստական ծես անելու, ապա նույն մարդիկ է՛լ ավելի մեծ եռանդով կգնան «սև մեսսայի»։ Բայց հարց է առաջանում, թե ինչու այս ամենը տեսնելուց հետո էլ փորձում ենք Նիկոլի հերթական աբսուրդներին արձագանքել բովանդակային բանավեճով ու շարունակում կուսակրոնության հարց քննարկել... Ախր իր արածը որևէ կապ չունի ո՛չ հավատքի, ո՛չ բարոյականության, ո՛չ Եկեղեցու հետ։ Ինչո՞ւ ենք շարունակում Նիկոլի հետևից կրկնել «բարենորոգում» բառը, ինչո՞ւ ենք իրենց թատրոնը շարունակում նկարագրել «պատարագ» բառով (թեկուզ ավելացնելով «կեղծ» բառը)։ Նույնն է, թե քահանայի շորերով բանկը թալանող հանցագործի հետ սկսենք աստվածաբանական թեմաներ քննարկել... Նիկոլն արշավում է Եկեղեցու և Վեհափառի դեմ։ Այդ արշավը քաղաքական և իրավական տիրույթում է պետք դիտարկել. այն պետական և քաղաքական հանցագործություն է։ Որևէ վալիդ փաստարկ, որևէ արդար պահանջ, խոսելու որևէ տեղ նա չունի, որ դեռ մի հատ էլ դնենք, քննարկենք ու լրացուցիչ կշիռ տանք այդ զառանցանքներին»: