Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի հայտարարությունը կալանավայրից
141
Երկուշաբթի, 05 հունվարի, 2026 թ., 22:48
Արագածոտնի թեմի առաջնորդ՝ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի հայտարարությունը կալանավայրից. «2025 թ․ դեկտեմբերի 31-ին Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցածը պարզապես միջադեպ կամ թյուրիմացություն չէր․ դա բացահայտ, գիտակցված և համակարգված սրբապղծություն էր՝ ուղղված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, նրա նվիրական կարգի, սրբավայրի անձեռնմխելիության և հավատավոր ժողովրդի հոգևոր արժանապատվության դեմ։ Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանի և կարգալույծ Արամայիս Թախմազյանի կողմից կազմակերպված, իսկ իրավապահ մարմինների անմիջական հովանավորչությամբ իրականացված այս գործողությունը հանդիսանում է կոպիտ ապօրինություն, իշխանական կամայականության և հակաեկեղեցական մտածողության վտանգավոր դրսևորում, երբ սրբապղծությունն ու բռնությունը փորձում են ներկայացվել որպես «օրինական գործողություն»։ Սրբավայր ներխուժելը, եկեղեցական կարգի ոտնահարումը և հոգևոր իշխանության բացահայտ անտեսումը ոչ միայն հակասում են ՀՀ Սահմանադրությանը և օրենքին, այլ նաև վկայում են պետական մտածողության լուրջ խաթարման մասին։ Սա փողոցային ճնշման, սադրանքի և հոգևոր արժեքների դեմ ուղղված ագրեսիայի օրինակ է, որը քայքայում է հասարակական համերաշխությունը և վտանգում իրավական պետության հիմքերը։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հազարամյակների ընթացքում եղել և մնում է հայ ժողովրդի ինքնության, գոյատևման և բարոյական դիմադրության միակ սյունը։ Նա կանգնած է եղել ժողովրդի կողքին պետականության կորստի և վերածննդի բոլոր փուլերում, երբեմն՝ ի հեճուկս բռնապետությունների ու հալածանքների։ Այս Եկեղեցին երբեք չի ղեկավարվել քաղաքական քմահաճույքներով, սակայն մշտապես պաշտպանել է ճշմարտությունը, արդարությունը և մարդու արժանապատվությունը։ Այսօր, ցավոք, ականատես ենք լինում փորձերի՝ սրբությունը ստորացնելու, եկեղեցական կարգը ոտնահարելու, և քրեորեն հետապնդելի արարքներն անպատիժ թողնելու։ Աստվածաշունչը հստակ արձանագրում է, որ․ «Արդարությունը բարձրացնում է ազգը, իսկ մեղքը ազգեր է նվաստացնում» (Առակներ ԺԴ․ 34)։ Վճռականորեն դատապարտում եմ տեղի ունեցածը և հայտարարում, որ որևէ իշխանություն, որևէ պաշտոնյա կամ կարգալույծ անձ չի կարող իրեն վերապահել իրավունք՝ ոտնահարելու սրբավայրը, խաթարելու եկեղեցական կարգը և վիրավորելու հավատավոր ժողովրդի հոգևոր զգացմունքները։ Միևնույն ժամանակ կոչ եմ անում մեր հավատավոր ժողովրդին և նվիրյալ հոգևորականներին՝ չտրվել սադրանքներին, բայց նաև երբեք չհրաժարվել ճշմարտությունից, մնալ խաղաղ՝ սակայն հաստատուն, համբերատար՝ սակայն անզիջում։ Ինչպես ասում է Տերը․ «Մի՛ վախեցեք նրանցից, ովքեր մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող» (Մատթ․ Ժ․ 28)։ Հայ Եկեղեցին չի վախեցել անցյալում և չի վախենա նաև այսօր։ Սրբությունը չի պաշտպանվում աղմուկով, այլ՝ ճշմարտությամբ, հավատքով և միասնականությամբ։ Իսկ սրբապղծությունը, որքան էլ ժամանակավորապես ծածկվի պաշտոնեական շղարշով, դատապարտված է պատմության և Աստծու արդար դատաստանի առաջ։ Թող Ամենակալ Տերը լուսավորի խավարած խղճերը, զորացնի մեր ժողովրդին և անխախտ պահի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին։ Քրիստոս ծնաւ եւ յատնեցաւ Ձեզ և Մեզ Մեծ Աւետիս»: