Երևան`   +6 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 դեկտեմբերի, 2025 թ.

«Ինչո՞ւ է Թբիլիսին կրկնակի հարուստ Երևանից»․ Արշալույս Մղդեսյան

85
Այսօր, 13:12
«Ինչո՞ւ է Թբիլիսին կրկնակի հարուստ Երևանից»․ Արշալույս Մղդեսյան

Լրագրող Արշալույս Մղդեսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով. «Երևանն ու Թբիլիսին բնակչությամբ գրեթե համադրելի քաղաքներ են: Այս օրերին քննարկվում և հաստատվում են Երևանի և Թբիլիսիի 2026 թվականի գլխավոր փաստաթղթերը՝ բյուջեները: Ահա թե ինչպիսին է պատկերը:
2026 թվականին Երևանի և Թբիլիսիի ֆինանսական հնարավորությունները խիստ տարբեր են: Չնայած երկու քաղաքներում էլ գրեթե նույն քանակությամբ մարդ է ապրում՝ Թբիլիսիի բյուջեն, որը կազմում է ավելի քան 810 մլն դոլար, Երևանի կրկնակին է՝ մոտ 400 մլն դոլար:
Երևանի բյուջեի 63%-ը՝ մետ 247 միլիոն դոլարը, քաղաքի սեփական եկամուտներն են, իսկ 37-ը՝ 147 միլիոն դոլարը, կառավարության հատկացումները։ Թբիլիսիի պարագայում պատկերը հօգուտ քաղաքի է: Բյուջեի 612 միլիոն դոլարը կամ 75%-ը սեփական եկամուտներն են, իսկ 200 միլիոն դոլարը կամ 25%-ը՝ կառավարության հատկացումները։
Շատ ընդհանուր գծերով Երևանն իր 400 միլիոն դոլարը բաշխում է հետևյալ կերպ: Ամենխոշոր կտորը՝ մոտ 125 միլիոն դոլար, հատկացվում է կրթությանը (մանկապարտեզներ և դպրոցներ)։ Երկրորդ տեղում տրանսպորտն է: Ավտոբուսների, մետրոյի և տրոլեյբուսների ֆինանսավորմանը (շարժակազմի պահպանում, վառելիք, աշխատավարձ և նորոգում) հատկացվելու է մոտ 83 միլիոն դոլար:
Ճանապարհների շինարարության ու նորոգման վրա կծախսվի մոտ 35 միլիոն դոլար, որից մի զգալի մասը կուղղվի Իսակով-Արշակունյաց նոր ճանապարհի կառուցմանը։
Թբիլիսին իր 812 միլիոն դոլարը ծախսում է շատ ավելի մասշտաբային ծրագրերի վրա:
Օրինակ՝ Երևանի համեմատ հսկայական՝ մոտ 257 միլիոն դոլար է ուղղվում տրանսպորտին։ Այն ներառում է տրանսպորտի ընթացիկ աշխատանքի ապահովումը՝ նորոգումից մինչև աշխատավարձեր, ինչպես նաև խոշոր նախագծերի մեկնարկը, այդ թվում՝ մետրոյի 97 նոր վագոնների գնման տարեկան վճարումները և ճոպանուղիների հիմնանորոգումը։
Երկրորդ խոշոր ծախսն առողջապահությունն ու սոցիալական ոլորտն է (մոտ 222 միլիոն դոլար). Թբիլիսիի քաղաքապետարանը իր բյուջեից վճարում է քաղաքացիների վիրահատությունների և բուժման համար։
Թեպետ երկու մայրաքաղաքնրում էլ ձևավորվում է այդ երկու երկրների տնտեսության ավելի քան 50%-ը, սակայն Թբիլիսին կրկնակի հարուստ է Երևանից: Բայց դա էլ բացատրություն ունի: Կա մի քանի պատճառ, որից առաջինը հարկերն են: Թբիլիսիի բյուջեում պահում է քաղաքում աշխատող մարդկանց վճարած եկամտային հարկի մի զգալի մասը։ Երևանում այդ գումարն ամբողջությամբ գնում է ՀՀ Պետական բյուջե։
Լիազորությունները ծնում են նաև պարտականություններ: Թբիլիսիի քաղաքապետարանն իր վրա է վերցել շատ ավելի լայն պարտականություններ՝ օրինակ՝ հիվանդանոցային ծախսեր, սոցիալական մեծ փաթեթներ կամ ոստիկանական որոշ ծառայություններ։ Երևանում այդ ամենն իրականացնում է կառավարությունը՝ պետական փողերով բյուջեից ուղիղ հատկացումներով:
Երևանում իրականացվող խոշոր ենթակառուցվածքային ծրագրերը, օրինակ՝ նոր ավտոբուսների գնումը կամ մետրոյի Աջափնյակ կայարանի հիմնական շինարարությունը, ֆինանսավորում է կառավարությունը։ Այդ գումարները ծախսվում են Երևանում, բայց ուղիղ չեն հատկացվում Երևանի քաղաքային բյուջեից։
Այլ խոսքով, Վրաստանի մայրաքաղաքն իր սեփական մեծ եկամուտներով և ծախսերով կենտրոնական իշխանության հետ հարաբերություններում ավելի ազդեցիկ, ուստի՝ ավելի անկախ գործոն է, քան Երևանը, որն ավելի շատ հույսը դնում է կառավարության աջակցության վրա»։

Ինչո՞ւ է Թբիլիսին կրկնակի հարուստ Երևանից
Ինչո՞ւ է Թբիլիսին կրկնակի հարուստ Երևանից