«ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՔՈՂԱՐԿՎԱԾ ՊԱՏԻԺ ՉՊԻՏԻ ԴԱՌՆԱ Նոյեմբերի 4-ին և 6-ին ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի մի քանի պատգամավորների և հանձնաժողովի փորձագետների հետ այցելել եմ Երևանի կենտրոն, Աբովյան, Սևան, Նուբարաշեն և Արմավիր քրեակատարողական հիմնարկներ՝ անազատության մեջ գտնվող անձանց պահպանման պայմանները, նրանց իրավունքերին առնչվող խնդիրները դիտարկելու նպատակով։ Մեր այցերի ավարտին ընդգրկուն զեկույց կպատրաստեմ․ մինչ այդ՝ ամփոփ․ ՆՈՒԲԱՐԱՇԵՆ ՔԿՀ–այս հաստատության պահպանման և առհասարակ նյութետեխնիկական պայմաններն այնքան վատ են, եթե ոչ՝ սարսափելի, որ անկարելի է դրանց մասին խոսել՝ առանց հոգեկան անդորրդ կորցնելու։ Պատահական չէ, որ Նուբարաշեն ՔԿՀ-ին անդրադարձել են հենց ԵԽ խոշտանգումների կանխարգելման (CPT 2023) և ՄԱԿ-ի կոմիտեները/2024/ և կացությունը գնահատել ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՄ ՆՎԱՍՏԱՑՈՒՑԻՉ։ Ի դեպ, պայմաններն անթույլատրելի են և անարժանապատիվ ոչ միայն կալանավորված և ազատությունից զրկված անձանց համար, նաև աշխատակազմի, այնտեղ քրեակատարողական ծառայություն իրականացնող ստորաբաժանման ողջ անձնակազմի համար։ Ընդհանուր կացությունն այնքան անընդունելի է, որ մասնակի կամ հատվածական նորոգումներով/խոհանոցն ու ադմինիստրատիվ շենքերը մասնակի նորոգված էին/ իրավիճակը հնարավոր չէ փոխել։ Խնդրի լուծումն ուղղակի ՀՐԱՏԱՊ է, պետական առաջնահերթություն։ Պետության անմիջական և անհետաձգելի պարտականությունն է սեփական քաղաքացիների՝ ծառայություն իրականացնողների, նաև դատապարտված կամ կալանավորվածների կյանքի իրավունքի և արժանապատվության երաշխավորումը։ ԱԲՈՎՅԱՆ՝ Կանանց և անչափահասների ՔԿՀ․ այստեղ պայմանները բարվոք են, ակնհայտորեն մաքուր, բարեկարգ տարածքով, մինչև երեք տարեկան երեխաների և նրանց մայրերի համար կենցաղային համապատասխան պայմանների առկայությամբ, անչափահասների համար կրթությունը շարունակելու, մարզվելու հնարավորությամբ։ ԱՐՄԱՎԻՐ ՔԿՀ– Այս հաստատությունը ՔԿ հիմնարկների մեջ ամենաբարեկարգն է, ուր վերջերս օդափոխության և ջրամատակարարման խնդիրներ են լուծվել։ Պահպանման պայմանները և խցերի ծանրաբեռնվածությունը հիմնականում համապատասխանում են չափանիշներին։ Նկատելի էր, որ անազատության մեջ գտնվող անձանց վերասոցիալականացման համար պայմաններ են ստեղծվել․ բարեկարգ գրադարան, ինքնագործ մարզական և մշակութային խմբեր, դահլիճ և այլն։ Դատապարտյալներից մեկն անգամ դատապարտյալների շրջանում շախմատի աշխարհի փոխչեմպիոն էր դարձել։ Այստեղ գործում է առողջապահության նախարարության ենթակայության դատապարտյալների ամբուլատորիա/ստացիոնար։ Առերևույթ բավարար պայմաններով, թեև բուժման և ծառայությունների մատչելիության վերաբերյալ գնահատականներ տալուց կխուսափեմ այս պահին։ ՍԵՎԱՆ ՔԿՀ–կառանձնացնեի կեցավայրերի/կացարանների ծանրաբեռնվածությունը/խտությունը/, լուսավորության խնդիրները, վերասոցիալականացվելու սահմանափակ հնարավորությունները։ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐ ԿԱԼԱՆՔԻ ենթարկված անձանց անթույլատրելի բարձր տոկոս։ Անազատության մեջ գտնվող անձանց 41%-ը կալանավորվածներ են, որոնք չունեն դատավճիռներ։ Որոշ կալանավորվածներ մինչև 5-6 տարի զրկված են ազատությունից, կորցնում են առողջություն, այդ թվում՝ հոգեկան առողջություն, ընտանիք, արժանապատվություն, աշխատանք, երբ դեռ դատավճիռներ չկան։ Որոշ ՔԿՀ–ում կալանավորվածներն անգամ դատապարտվածներից շատ են։ Մինչդեռ միջազգային և ՀՀ օրենսդրությամբ կալանքը մարդու ազատության խափանման բացառիկ և ծայրահեղ խափանման միջոցն է։ Արձանագրվող այս պատկերը ոչ թե ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ, ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾ ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ այլ՝ արդարադատության տակ քողարկված պատժիչ և ոչ հումանիստական վարքագծի մասին է։ 2025թ կալանավայրերում արձանագրված ԱՆՆԱԽԱԴԵՊ ինքնասպանությունների և մահերի պատճառների հիմքում նաև հոգեբանական խնդիրներն են, որոնք իմ համոզմամբ նաև այս պայմանների կամ անարդար և ոչ իրավաչափ կալանքի, արդար դատաքննության իրավունքի ոտնահարման հետևանք են։ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ․ Ընդհանուր գնահատականն էր և դժգոհություն, որ այն չի գործում, մինչդեռ այն հնարավորություն է տալիս պատժի նպատակներին հասնել ոչ միայն դատապարտյալին ազատությունից զրկելու, այլև նրա ուղղման, վերասոցիալականացման և հասարակություն վերադարձնելու միջոցով։ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ․ Հայաստանում վերջին համաներումը հայտարարվել է 2018 թվականի նոյեմբերի 1-ին։ Սա պետության կողմից մարդասիրական նկատառումներով իրականացվող իրավական ակտ է և անհասկանալի է, թե ինչու ավելի քան 8 տարի չի գործարկվել այս մեխանիզմը։ ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆ։ Սա համատարած խնդիր է, բոլոր հիմնարկներին բնորոշ։ Սևան և Արմավիր ՔԿՀ–ում հանդիպեցի անազատության մեջ գտնվող անձանց, որոնց պարագայում ակհնայտ էր կալանքի հետ անհամատեղելի առողջական վիճակը։ Այս դեպքերի առնչությամբ գրություններ եմ պատրաստում Առողջապահության նախարարությանը և համապատասխան ստորաբաժանմանը, և կանդրադառնամ առանձին։ ԶԲՈՍԱՆՔ ԵՎ ՀԱՆՁՆՈՒՔՆԵՐ– Շատերը բարձրացրին զբոսանքի համար հատկացված մեկ ժամը երկարացնելու խնդիրը, նաև դատապարտյալներին հասանելիք 20կգ․ հանձնուքների մեջ ջուրը չներառելու անհրաժեշտությունը։ Առաջիկայում այս և այլ խնդիրներ առավել մանրամասն զեկույցով կդառնանք և կքննարկենք»։