Երևան`   +1 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 դեկտեմբերի, 2025 թ.

Դիլիջանի համայնքապետարանը Ռուբեն Վարդանյանի ընկերությանը դատի է տվել․ «Հրապարակ»

62
Այսօր, 09:28
Դիլիջանի համայնքապետարանը Ռուբեն Վարդանյանի ընկերությանը դատի է տվել․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Դիլիջանի համայնքապետարանը Երևանի քաղաքացիական դատարան հայցադիմում է ներկայացրել՝ խնդրելով լուծել Դիլիջան համայնքի և Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում գրանցված «Դիլիջան Դևելոփմենթ Քամփնի» ՓԲ ընկերության միջև 2018թ․ սեպտեմբերի 7-ին կնքված քաղաք Դիլիջան, Գետափնյա 19/4 հասցեում գտնվող 4572․1 քառակուսի մետր մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող 11-003-0305-0049 ծածկագրով հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին թիվ 8 պայմանագիրը և անվավեր ճանաչել վերը նշված հողամասի նկատմամբ «Դիլիջան Դևելոփմենթ Քամփնի» ՓԲԸ-ի իրավունքի պետական գրանցումը։
2025թ․ դեկտեմբերի 15-ին Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Մարիաննա Ստեփանյանը որոշել է այդ հայցադիմումը վերադարձնել։ Բացի այդ, Դիլիջանի համայնքապետարանը Երևանի քաղաքացիական դատարան հայց է ներկայացրել ընդդեմ «Դիլիջան Դեւելոփմենթ Քամփնի» ՓԲ ընկերության, երրորդ անձ ՀՀ կադաստրի կոմիտեի՝ Դիլիջան համայնքի և «Դիլիջան Դեւելոփմենթ Քամփնի» ՓԲ ընկերության միջև 2015թ․ ապրիլի 30-ին կնքված անշարժ գույքի վարձակալության թիվ 5 պայմանագիրը վաղաժամկետ լուծելու և որպես հետևանք՝ անշարժ գույքի նկատմամբ կատարված իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջով: Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Ա․ Պետրոսյանը 2025թ․ հուլիսի 7-ին որոշել է հայցադիմումն ընդունել վարույթ: Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ դրանից հետո դատարան դիմում-միջնորդություն է ներկայացվել՝ դատական ակտի կատարման շրջադարձ կատարելու վերաբերյալ։

Մեր տեղեկություններով՝ «Դիլիջան Դևելոփմենթ Քամփնի» ՓԲԸ սեփականատերը հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանն է, որը մեկուկես տարի է՝ գտնվում է Բաքվի բանտում։ Վարդանյանի ընկերությանն է կառուցապատման իրավունքով պատկանում Դիլիջան քաղաքի կենտրոնում գտնվող արհեստական լճակի շրջակա տարածքը։ Ռուբեն Վարդանյանն իր ընտանիքով միլիոնավոր դոլարների ներդրում է կատարել Դիլիջան քաղաքի զարգացման համար։ Դիլիջանում նրա ընտանիքի կողմից հիմնադրված միջազգային դպրոցը Դիլիջանին հայտնի է դարձրել աշխարհով մեկ, այն բազում աշխատատեղեր է ստեղծել։ Բարերար, գործարար Ռուբեն Վարդանյանը ներկայում Ադրբեջանում դատվում է, Բաքվի բարբարոս դատարանում նրան ցմահ ազատազրկում է սպառնում։ Նրա նկատմամբ ադրբեջանական իշխանությունն առավել ընդգծված բացասական վերաբերմունք ունի, քան մյուս գերիների նկատմամբ։ Ադրբեջանում նրա վերաբերյալ ֆիլմ են ցուցադրել, բնականաբար, խիստ բացասական ներկայացնելով Ռուբեն Վարդանյանին և նրա գործունեությունը։

Իսկ ՀՀ իշխանությունը, փոխանակ ամեն ինչ անի՝ հայ բարերարին և մեր մյուս գերիներին բերելու, ճիշտ հակառակը՝ անգամ նպաստում է նրանց նկատմամբ հալածանքներին»։

Մանրամասները՝ թերթի համարում։