«Դժգոհելով երեխային տեսակցելու սահմանափակումից՝ մի տղամարդ Երևանում՝ Ոստիկանության դիմաց, կտրել է երակները»․ Լիա Սարգսյան
240
Երեքշաբթի, 25 նոյեմբերի, 2025 թ., 22:30
Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է․ «Ոստիկանության դիմաց քաղաքացին ծանր հոգեկան վիճակում կտրել է երակները։ Այսօր Երևանում մի տղամարդ, դժգոհելով՝ իր նկատմամբ կիրառված երեխային տեսակցելու սահմանափակումից, ոստիկանության մի քանի ստորաբաժանումների մոտ կտրել է իր երակները։ Ականատեսները «Իշխանություն» լրատվականին պատմեցին, որ տղամարդը ՆԳՆ ՔՈԳՎ Երևանի քաղաքի վարչության շենքի դիմաց գտնվում էր ծանր հոգեկան վիճակում, բարձրաձայն լացում էր և խնդրում էր վերացնել երեխային տեսակցելու արգելքը։ Մինչ ոստիկանների մոտենալը, նա սուր ածելիով կտրել է իր ձեռքի երակները, այնուհետև դիմել է փախուստի։ Ոստիկանները հետապնդել են նրան և գտել ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության շենքի մոտ, որտեղ վերջինս կրկին փորձել է կտրել իր երակները՝ խնդրելով վերացնել արգելքը։ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը «Իշխանություն» լրատվականին ասաց, որ ոստիկանները կանխել են հետագա ինքնավնասումը, տղամարդուն ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, ապա տեղափոխվել է կենտրոնի բաժին։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պետական համակարգը, այդ թվում՝ ոստիկանությունն ու սոցիալական ծառայությունները, ՄԻՊ-ը պարտավոր են ապահովել ավելի արդյունավետ միջամտության մեխանիզմներ, խորհրդատվություն և կանխարգելիչ աջակցություն, որպեսզի քաղաքացիներն իրենց բողոքի կամ հուզական վիճակի պահին չդիմեն ինքնավնասման քայլի։ Նման միջադեպերը պետք է դառնան ազդակ՝ վերանայել գործող պրակտիկան և ձևավորել մարդակենտրոն մոտեցում՝ հատկապես ծնող-երեխա հարաբերություններին առնչվող հարցերում»։