Երևան`   +3 °C
Այսօր`   Շաբաթ, 06 դեկտեմբերի, 2025 թ.

«Ընտրական գործընթացում իշխանությանը հաղթելու համար պետք է երկու խոշոր ընդդիմադիր ուժ». Սևակ Հակոբյան

187
Երկուշաբթի, 17 նոյեմբերի, 2025 թ., 21:40
«Ընտրական գործընթացում իշխանությանը հաղթելու համար պետք է երկու խոշոր ընդդիմադիր ուժ». Սևակ Հակոբյան

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ո՞վ պարտվեց Էջմիածնում և ինչ դասեր պետք է քաղի ընդդիմությունը․ «Կարճ ասած»
Վաղարշապատի ընտրություններին մասնակցում էր 8 ուժ, որոնցից երկուսը իշխանական էին, մեկը իշխանությանը աջակից, մեկը անիմաստ մի բան, իսկ 4-ը՝ ընդդիմադիր։ Ամենաշատ ձայն հավաքել է ընդդիմությունից Սևակ Խաչատրյանը՝ «Հաղթանակ» դաշինքով՝ տանելով շուրջ 32 տոկոս կամ 10 հազար ձայն։ Սևակ Խաչատրյանի ձայները ՔՊ-ի ձայներին զիջում են ընդամենը 5 հազարով։ Ես նկատել եմ գրագետ քարոզարշավ, շատ ջերմ հանդիպումներ և կարող եմ ասել, որ Սևակ Խաչատրյանը ձայն չի կորցրել։ Նա պայքարել է նախարարների դեմ, մարզպետների դեմ, իշխանական ողջ ապարատի դեմ ու տարել է ընդամենը 5 հազարով պակաս՝ իշխանությունից։ «Հաղթանակ» դաշինքի և մյուս ընդդիմադիրների ձայները միասին՝ հասնում է ՔՊ-ի ձայներին։
Հետևություններ՝ ընտրական գործընթացում իշխանությանը հաղթելու համար պետք է երկու խոշոր ընդդիմադիր ուժ։ Նկատել եմ պեսիմիստական գրառումներ՝ ընտրություններով բան չի փոխվի, պետք է ընդդիմությունը միավորվի, այլապես ձախողելու է։ Ժողովուրդ ջան, արդեն ակնհայտ է, որ այս ընտրություններում պատկերը այլ կլիներ, եթե մասնակցեր ևս մեկ՝ խոշոր ընդդիմադիր ուժ․ ուժ, որը կլինի այնքան վստահություն վայելող, ինչպես «Հաղթանակ» դաշինքն էր, և նա էլ կկարողանար դուրս հանել էն մարդկանց, որոնք ալարեցին, չուզեցան մասնակցել ընտրությունների, հարմար թեկնածու չգտան, կամ էլ ապագայի նկատմամբ չունեն վստահություն կամ ունեն այլ պատճառներ։
Սա ամենակարևոր հետևություներից մեկն է, կարծում եմ։
Մյուս հետևությունը․ ընդդիմությունը պարտությունից հուսահատվելու իրավունք չունի և կարծում եմ՝ կարիք չունի․ քանի դեռ ողջ երկրում իշխանությունը չի փոխվել, իրականում որևէ համայնքում առանձին հաղթելով Նիկոլ Փաշինյանին, ընդամենը բարոյական հաղթանակի դաշտում է․ բոլոր այն համայնքները, որոնք հաղթել են ՔՊ-ին, չնայած կարևոր, բայց միայն բարոյական հաղթանակ են գրանցել, քանի որ իշխանությունը շարունակել է մնալ ղեկին, իսկ հաղթած ընդդիմադիր համայնքապետերը՝ մեղադրյալի աթոռին, բանտում, իսկ վերջին դեպքն էլ ցույց տվեց՝ որ գերեզմանում։ Այնպես որ, գուցե կարելի է շնորհավորել Սևակ Խաչատրյանին, որ քաղբանտարկյալ չի դառնա։
Մյուս հետևությունը, որը կարծում եմ խիստ կարևոր է ընդդիմության և իշխանության համար․ դա այն է, որ այլևս հնարավոր չէ ձայն հավաքել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին քլնգելով։ Այո, կային ժամանակներ, որ ՔՊ-ն ձայներ հավաքում էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին վատաբանելու, ստեր տարածելու հաշվին, հիմա դա չկա։ ՔՊ քույր կուսակցության թեկնածուն առավոտից իրիկուն Քոչարյանի մասին էր խոսում, ուր գնում էր քարոզարշավի, սեփական տան բակ, թե բազմաբնակարան շենքի, նորակառույցի բակ, թե վթարային շենքի, մանկական խաղահրապարակ, թե ավտոտնակ, խոսում էր Ռոբերտ Քոչարյանից։ Արդյունքում նա ավագանի չանցավ։ Հակառակը, Սևակ Խաչատրյանին կապեցին Ռոբերտ Քոչարյանի հետ, Լևոն Քոչարյանի հետ՝ իբր նրան վարկաբեկելու համար, բայց Սևակ Խաչատրյանը հավաքեց մոտ 32 տոկոս ձայն։ Ինչո՞ւ է այսպես․ իմ բացատրությունն այն է, որ այս անցնող տարիների ընթացքում Ռոբերտ Քոչարյանը կարողացավ հիմնավորել իր մասին բազմաթիվ թեզերի կեղծ լինելը և այս ընթացքում բազմաթիվ գործընթացներ եկան հիմնավորելու, որ մեր երկիրը ծանրագույն վիճակից դուրս հանելու հույսը մարդիկ պետք է կապեն իր հետ։ Գյումրիում Ռոբերտ Քոչարյանի հետ էին կապում Վարդան Ղուկասյանին, և Վարդան Ղուկասյանը հաղթեց։ Իսկ Էջմիածնում, ի դեպ, Սևակ Խաչատրյանը շատ ավելի շատ ձայն է տարել, քան ընտրված համայնքապետ Վարդան Ղուկասյանը Գյումրիում։ Պարզապես այնտեղ կար երկրորդ խոշոր ընդդիմադիր ուժը, ի տարբերություն Էջմիածնի։
Կարճ ասած՝ Վաղարշապատի ընտրությունների արդյունքներից թեև պետք է լրջորեն անհանգստանալ, բայց ավելի շատ, կարծում եմ, պետք է դաս քաղել։ Վստահ եմ՝ և՛ ՔՊ-ն սխալ ու հեռուն գնացող հետևություններ ու հաշվարկներ կանի ու արդեն անում է, և՛ շատերը։
ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը որոշում էր, թե ժողովուրդը ում պետք է ԱԺ ընտրությունների ժամանակ ձայն տա, ում՝ ոչ։ Այնինչ նա ինքը չկարողացավ իր աջակից և ոչ մի ուժի մտցնել անգամ ավագանի։
Պետք է այս ամենից քաղել դասեր, անել հետևություններ և ճիշտ հաշվարկներ, և ՔՊ-ին մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքից հնարավոր կլինի դուրս շպրտելը առավելագույնը 7 ամսից»:

Աղբյուրը`   Սևակ Հակոբյան