«Զինապահ» հիմնադրամին ուղղվող գումարները կկրճատվեն
![]() ՀՀ կառավարության կայքից տեղեկանում ենք. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ աշխատանքային քննարկում է ունեցել Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման շուրջ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 2026 թվականի հունվարից պլանավորվում է ներդնել Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը, պարզաբանել, որ այն համընդհանուր է, այլ ոչ թե համապարփակ, քանի որ վերաբերելու է բոլորին, սակայն ոչ ամեն ինչին։ Վարչապետի խոսքով, աշխարհի փորձը նույնպես ցույց է տալիս, որ ապահովագրական փաթեթները որոշակի սահմաններ են ունենում և մեր երկրի դեպքում էլ դրվել է շատ կարևոր նշածող և առանձնացվել առաջնային, կարևոր ծառայությունները, որոնք պետք է ծածկի առողջապահության համընդհանուր ապահովագրությունը: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր հերթին մանրամասնել է, որ իրականացվել է վերլուծություն և առանձնացվել են այն հիվանդությունները, որոնք ամենահաճախ հանդիպողն են, և այդ հիվանդությունների բուժման մեջ էլ առանձնացվել են ամենաառաջնակարգ ծառայությունները, որոնք կյանք փրկող են և զերծ են պահում հաշմանդամությունից, օգնում են վաղ հայտնաբերմանը, այսինքն՝ շեշտադրումն արվում է կանխարգելման վրա, որպեսզի բուժումն էլ ծախսարդյունավետ լինի։ Հաջորդիվ՝ անդրադարձ է կատարվել շահառուների խմբերին, նշվել է, որ լինելու են շահառուների խմբեր, որոնց փաթեթների արժեքն ամբողջությամբ վճարվելու է պետական բյուջեից և լինելու են շահառուների խմբեր, որոնք մասամբ կամ ամբողջությամբ կվճարեն իրենց փաթեթների համար, նաև ընդգծվել է, որ բոլորի համար փաթեթի արժեքը նույնն է լինելու: 2026 թվականի հունվարի 1-ից պետական բյուջեից վճարվելու է մինչև 18 տարեկան և 65 և ավելի տարիքի, հաշմանդամություն ունեցող և սոցիալական որոշակի շերտերի շահառուների համար: Անահիտ Ավանեսյանը նաև հավելել է, որ նախագծով տարեկան փաթեթի արժեքը կազմելու է 129 600 դրամ: Քննարկման շրջանակում անդրադարձ է կատարվել նաև այն շահառուներին, որոնք ստանում են 200 000 դրամ և ավելի աշխատավարձ, ընդգծվել է, որ 2027 թվականի հունվարի 1-ից նրանք վճարելու են փաթեթի տարեկան գումարը, իսկ 2026 թվականի ընթացքում տարբեր վերաբաշխումների արդյունքում իրենք այս ծախսը չեն կատարելու և երկարաժամկետում էլ այնպիսի համակարգեր պետք է ստեղծվեն, որպեսզի նրանք այս ծախսը կամ քիչ զգան, կամ չզգան: Մանրամասնելով, թե որոնք այդ համակարգերը, նշվել է, որ կրճատվելու են «Զինապահ» հիմնադրամին ուղղվող գումարները, քանի որ վերլուծությունները ցույց են տվել, որ հիմնադրամն արդեն իսկ բավարար ֆինանսական միջոցներ է կուտակել, որպեսզի այդ միջոցների կառավարման արդյունքում գեներացված եկամուտները բավարարեն իր խնդիրները լուծելու համար։ Այսինքն՝ վերադարձ է կատարվում նախկին 1000 դրամին՝ 5500 դրամի փոխարեն և ավելացած գումարն ուղղվելու է առողջության ապահովագրության համակարգին: Հաջորդը սոցիալական կրեդիտների հնարավորությունն է, համընդհանուր հայտարարագրումը։ «Եվ այս մասով էլ 200-500 հազար դրամ ստացողների համար, պարոն վարչապետ, ձեր հանձնարարությամբ նաև փոխել ենք սոցիալական կրեդիտների տարեկան չափի հնարավորությունը առողջապահության ուղղությամբ և ամսական թույլ ենք տալու 6000 դրամ հետ ստանալ սոցիալական կրեդիտներից: Այսինքն՝ այստեղ 4500 դրամ և 6000 դրամը, ըստ էության, ծախսը, այդ բեռը քաղաքացին չի զգալու: Քաղաքացին 500 դրամ է վճարելու»,- մանրամասնել է Անահիտ Ավանեսյանը»: |

«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
107Երեկ, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
123Երեկ, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
15915.08.2026, 11:24
«Ընդհանուր առողջապահությունն անվճար չի եղել ո՛չ պետպատվերի ժամանակ, ո՛չ այսօր, ո՛չ էլ լինելու է»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
18613.08.2026, 13:12
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը ստեղծել է հատուկ ստորաբաժանում՝ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար
82713.08.2026, 00:33
Հայտնի ջութակահար Սերգեյ Խաչատրյանը հաղթել է «Legend’s Race 2026» մրցույթում (լուսանկար)
57012.08.2026, 23:18
