Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

«Թուրքիան շարունակում է կրկնել Բաքվի թեզերը և սպասում է Երևանի զիջումներին»․ Սուրեն Սուրենյանց

293
Ուրբաթ, 12 սեպտեմբերի, 2025 թ., 20:24
«Թուրքիան շարունակում է կրկնել Բաքվի թեզերը և սպասում է Երևանի զիջումներին»․ Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայ-թուրքական գործընթացի սահմանները. էական առաջընթաց չի լինելու
Երևանում տեղի ունեցավ հայ-թուրքական կարգավորման գործընթացի հերթական՝ վեցերորդ հանդիպումը։
Կողմերը խոսել են երկաթուղու, էլեկտրահաղորդիչ գծերի և ավիահաղորդակցությունների տեխնիկական հարցերից։
Քննարկվել է նաև մշակութային ծրագրերի և ուսանողական կրթաթոշակների գաղափարը։
Սրանք գեղեցիկ ձևակերպումներ են՝ մամլո հաղորդագրությունների, պաշտոնական տեքստերի համար, սակայն փաստացի իրավիճակը այլ է․
Թուրքիան շարունակում է իր խոսույթում կրկնել Բաքվի թեզերը, այդ թվում՝ «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը։
Հայկական կողմը հայտարարում է, թե պատրաստ է հենց վաղը բացել սահմանները, բայց Անկարան իր քայլերը պայմանավորում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրով։
«Առանց նախապայմանների» ձևակերպումը մնում է միայն թղթի վրա, որովհետև իրականում թուրքական նախապայմանները շատ հստակ են՝ գործնականում նրանք սպասում են Երևանի զիջումներին Բաքվի օրակարգում։
Ընդհանուր եզրակացությունն այն է, որ հայ-թուրքական գործընթացը ներկայումս չունի ինքնուրույն քաղաքական տրամաբանություն։
Այն կախված է հայ-ադրբեջանական բանակցություններից, իսկ մինչև դրանց հանգուցալուծումը առաջընթաց պետք չէ ակնկալել։
Կտեսնենք միայն տեխնիկական ու սիմվոլիկ քայլեր, որոնք չեն փոխի իրավիճակի ռազմավարական պատկերը»։