«Չդիմանալով անառաջնորդ համաժողովրդական հուժկու ալիքին` Նեպալի կառավարությունը, փլուզվեց»․ Հայկ Մարտիրոսյան
307
Չորեքշաբթի, 10 սեպտեմբերի, 2025 թ., 01:06
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նեպալի վարչապետը հրաժարական տվեց: Ինչո՞ւ: Պատմությունը շատ պարզ է: Վերջին ամիս երին սաստկացել էին մեղադրանքներն իշխանության հասցեին, որ այն կոռումպացված է: Որ տնտեսությունը լավ վիճակում չէ: Որպես դրան արձագանք՝ կառավարությունը մոտ մեկ շաբաթ առաջ փակեց երկրում Ուոթսափփը, Յութուբը և Ֆեյսբուքը: Նեպալցիները կարող էին անցնել ՎիՓիԷն-ի և շարունակել օգտվել այդ ծառայություններից, բայց կառավարության այդ քայլը համարեցին վիրավորական և անթույլատրելի և դուրս եկան փողոց: Առանց առաջնորդների: Առանց որևէ փրկչի: Որևէ: Շատ արագ փողոցային բախումներ սկսվեցին: Ժողովուրդը գրավեց Նեպալի խորհրդարանի շենքը: Շենքը պաշտպանող կառավարական զորքերը գնդակահարեցին 19 քաղաքացու: Այսօր առավոտյան Նեպալի կառավարության մի քանի անդամներ հրաժարական տվեցին՝ բողոքելով սեփական կառավարության և վարչապետի պահվածքի դեմ: Փողոցային բախումները սաստկացան: Ցուցարարները արդեն որերորդ օրն է այրում են պետական գույքը, ավերում հասարակական օբյեկտներ և բախումների մեջ մտնում կառավարության զորքերի հետ: Լավ չէ, իհարկե: Եվ ընդամենը րոպեներ առաջ, Նեպալի կառավարությունը, չդիմանալով անառաջնորդ, չկազմակերպված համաժողովրդական հուժկու ալիքին՝ փլուզվեց: Վարչապետը րոպեներ առաջ հրաժարական տվեց: Բայց ժողովուրդը չի հանդարտվում: Եվ հայտնի չէ թե իրադարձությնները դեռ ինչ ուղղությամբ կզարգանան: Հայրենիքի հանձնո՞ւմ, գների աստղաբաշխական բարձրացո՞ւմ, պատանդնե՞ր, հազարավոր զոհաբերված անտեղի կյանքե՞ր, երկրի ու պետության գիտակցված կործանո՞ւմ, հազարամյա ինքնության ոչնչացու՞մ: Չէ՛, չենք լսել: Առաջնորդ չկա: Ո՞ւմ հետևից գնանք: Հոգնած ենք: Խաբված ենք: Չի հետաքրքրում: Պայքարը՝ դանակներով ազգագրական տրնգի տալն է ու յարխուշտան, մեկ էլ սուտի խրոխտ հայտարարություններ բստրելը ֆեյսբուքում, հայրենիք սիրելը՝ քո գործը լավ անելը, հերոսանալը՝ կտրոն տպելն ու գարաժ-արհեստանոցում ծախելու նպատակով մի ձևավոր փայտակտոր տաշելը, ինքնությունը պահելն էլ՝ ստամոքսը առնվազն մի քիչ լցնելը: Ինչ Նեպալ, ինչ բան ...»: