«Շրջանառվում են անտրամաբանական օպտիմալացման նախագծեր»․ Անուշ Պողոսյան
171
Երեկ, 00:36
«Առողջություն և իրավունք» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Անուշ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԿԱ՛ՆԳ ԱՌԵՔ Բազմիցս խոսել եմ ԱՆ անտրամաբանական օպտիմալացման մասին։ Այժմ շրջանառվում են նախագծեր, որով օպտիմալացվելու է Աբովյան քաղաքում գտնվող Թոքաբանության ազգային կենտրոնը՝ Երևանում գտնվող Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի հետ։ Թոքաբանության ազգային կենտրոնը եզակի դեր ունի ՀՀ առողջապահական ոլորտում, և թերևս մատուցում է հանրապետության մակարդակով եզակի ծառայություններ։ Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի ներդրման շնորհիվ, կարելի է ասել, որ Հայաստանում տուբերկուլոզի դեմ պայքարը թևակոխեց մի նոր փուլ, և Հանրապետական տուբերկուլոզային դիսպանսերի արդեն իսկ փորձառու բժիշկները, մեկտեղելով ֆթիզիատրիայի ռուսական դպրոցի պրակտիկան և պարբերաբար անցնելով վերապատրաստումներ, այս ծրագրում իրենց ներգրավվածության արդյունքում ստեղծեցին մի նոր մշակույթ, որը միտված էր ոչ միայն տուբերկուլոզի արդյունավետ բուժմանը, այլև տուբերկուլոզի դեպքերի վաղ հայտնաբերմանը, կանխարգելմանն ու բնակչության իրազեկվածության բարձրացմանը: Այս ամենը հիմք հանդիսացավ, որ Հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսերը ժամանակի ընթացքում գրանցեց լուրջ հաջողություներ: Թե՛ տուբերկուլոզի դեմ պայքարում, և թե՛ այլ թոքաբանական ախտորոշումների և բուժման գործում կենտրոնն արդեն որդեգրել է հիվանդակենտրոն բուժման մոտեցումը։ Եվ ահա որոշել են «քանդել» նաև այդ ծառայությունը: Ըստ ՀՀ ԱՆ մեր աղբյուրների, սկզբի համար Թոքաբանության ազգային կենտրոնում 4 բաժանմունք միացնելու են իրար՝ դեղազգայուն տուբերկուլոզային բաժանմունքը, դեղակայուն տուբերկուլոզային բաժանմունքը, մանկական տուբերկուլոզային բաժանմունքը և հոգեբուժական բաժանմունքը։ Պետք է առնվազն ուղեղի հետ կապված խնդիրներ ունենալ, որ որոշել երեխային բուժել հոգեբուժական խնդիրներ ունեցող հիվանդի կողքին։ Հ․Գ․ Դուք վաղուց հատել եք բոլոր կարմիր գծերը, սահմաններ, որ չպետք է անցնեիք: Կա՛նգ առեք, Նիկոլ Փաշինյան, ՀՀ առողջապահության նախարարություն»: