Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 24 փետրվարի, 2025 թ.

«Եթե այդ տարբերակները «փայլուն» էին, ինչո՞ւ պետք է սպանվեին Վազգեն Սարգսյանը, Կարեն Դեմիրճյանը և մյուսները»․ Ստյոպա Սաֆարյան

211
Կիրակի, 16 փետրվարի, 2025 թ., 11:06
«Եթե այդ տարբերակները «փայլուն» էին, ինչո՞ւ պետք է սպանվեին Վազգեն Սարգսյանը, Կարեն Դեմիրճյանը և մյուսները»․ Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տեսնես գեթ մեկ լրագրող կգտնվի, որ Ռոբերտ Քոչարյանին «ասուլիսի» ժամանակ տա հետևյալ բանալ հարցերը.
1. Մինչև ԱՄՆ կողմից 1999թ. քննարկված Մեղրիի տարբերակի մասին ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների ու ամերիկյան համանախագահի զեկուցագրերի գաղտնազերծումը ինքը և իր շրջապատն ինչո՞ւ էին հերքում կամ ինչո՞ւ չէին հաստատում իրենց ուղղված մեղադրանքները, որ Հեյդար Ալիևի հետ տևական քննարկումներ են ունեցել Մեղրին Լաչինի միջանցքի հետ փոխանակելու շուրջ ու սեղանին աշխատանքային տարբերակ է եղել։
2. Երբ Հայկական ժամանակ թերթում 2000-ականներին տպվեց այդ տարբերակը, ինչո՞ւ պաշտոնապես չհաստատեցին, որ այն ճիշտ է կամ սխալ, նախընտրելով կամ դա անտեսելը կամ տարածելը, թե՞ դա իրականության հետ աղերս չունի։ Կամ ինչո՞ւ թեկուզ արտահոսքով, բայց իրենք չտարածեցին իրենց մոտ եղած պաշտոնական տարբերակը։
3. Ինչո՞ւ է միայն հիմա նրա որդին ասում, թե իր հայրիկը «փայլուն դիվանագիտական արդյունք էր ապահովում» թե Մեղրին զիջելու գնով (1999թ. Սադարակի / Մեղրիի տարբերակ), թե Մեղրիով ճանապարհ տալու տեսքով (2001թ. Քիվեսթի տարբերակ) Արցախի հարց էր լուծվում։ Եթե դա այդքան փայլուն դիվանագիտական արդյունք էր, ինչո՞ւ մինչև այժմ դրանով չէին հպարտանում անցած շուրջ 24 տարի շարունակ և միայն այժմ են ստիպված «հպարտանալ»։
4. Ինչո՞ւ էին Նաիրի Հունանյանին Հ1-ով գործուղել Թուրքիա։ Որպեսզի հետքերը շեղեին, թե՞ հոկտեմբերի 27-ը կազմակերպել էին Թուրքիան ու այդ օրը Անկարա այցելող ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթրոբ Թալբո՞թը։ Ստացվում է, որ գործն ամենևին «ուչաստկովիի» գործ չէ՞։
5. Եթե այդ տարբերակները իր որդու ասած «փայլունն» էին, ինչո՞ւ պետք է սպանվեին Վազգեն Սարգսյանը, Կարեն Դեմիրճյանը և մյուսները, ու ինչո՞ւ էին նրանք այդ տարբերակին դեմ քվեարկել ԱԽ նիստում»։

Աղբյուրը`   Ստյոպա Սաֆարյան