Երևան`   +4 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 12 մարտի, 2025 թ.

«Վարչապետի այցը Վաշինգթոն հաջողված էր». Արման Բաբաջանյան

182
Ուրբաթ, 07 փետրվարի, 2025 թ., 12:00
«Վարչապետի այցը Վաշինգթոն հաջողված էր». Արման Բաբաջանյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սպիտակ տանը կայացած Հայաստանի վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի հանդիպումը ևս մեկ անգամ ընդգծեց հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության կենսունակությունը։
Վարչապետի այցը Վաշինգտոն հաջողված էր և կարևորվում է ոչ միայն պաշտոնական հայտարարություններով, այլև հատկապես ոչ հրապարակային քննարկումների ընթացքում արված արձանագրումներով, որոնք վկայում են երկու երկրների միջև գործընկերային հարաբերությունների զարգացման մասին։
Հայաստանի վարչապետը ԱՄՆ մայրաքաղաք էր ժամանել որպես ԱՄՆ ռազմավարական գործընկեր և հանդիպումների արեալը և խորությունը դրա ապացույցն է։
Այժմ անհրաժեշտ է գործնական քայլերով կյանքի կոչել ռազմավարական գործընկերության խարտիայից և ձեռք բերված պայմանավորվածություններից բխող բոլոր ծրագրերը։ Հայ-ամերիկյան հարաբերությունները պետք է ստանան նոր որակ, խորություն և բովանդակություն։
Անվտանգության, տեխնոլոգիաների, տնտեսության, լոգիստիկայի, ինչպես նաև միջուկային և էներգետիկ ոլորտներում համագործակցությունը պետք է ամրապնդվի ու խորացվի։ Այս ամենը պահանջում է հետևողական աշխատանք, ռազմավարական պլանավորում, հստակ ժամկետների և այցերի նախանշում, ինչպես նաև լոբբիստական գործողությունների համակարգում։
Հաջորդ կարևոր քայլերից պետք է լինի վարչապետի աշխատանքային այցի կազմակերպումը ԱՄՆ՝ Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման համար։ Երկարաժամկետ հեռանկարում պետք է աշխատել նաև պետական այցի նախապատրաստման ուղղությամբ։ Այս գործընթացում չափազանց կարևոր է, որ հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները ոչ միայն շարունակվեն, այլև դրանց ծավալները ընդլայնվեն՝ ներառելով նոր զորամիավորումներ և նշանակություններ։ Հայ-ամերիկյան ռազմավարական խարտիայից բխող գործնական փոխայցերի քանակը պետք է պահպանի իր ինտենսիվությունը, և անհրաժեշտ է ապահովել, որ ինչպես գործադիր, այնպես էլ օրենսդիր մարմինները շարունակեն իրենց ակտիվ ներգրավվածությունը մեր տարածաշրջանի հանդեպ ԱՄՆ-ի քաղաքականության ձևավորման մեջ։
Ավելի հիմնարար և երկարաժամկետ հեռանկարում հայկական դաշտում ամերիկյան խոշոր բիզնեսի ներգրավումը պետք է լինի առաջնային նպատակներից մեկը։ Այս հարցում անփոխարինելի է սփյուռքի դերը։ Անհրաժեշտ է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք խոշոր ամերիկյան ընկերությունների համար Հայաստանը կդարձնեն գրավիչ ներդրումային ուղղություն։ Եթե մեր երկիրն ի վիճակի չլինի ապահովել միջազգային նշանակության ընկերությունների ներկայությունը, ապա չենք կարող ակնկալել, որ մեր լավագույն մասնագետները, բարձրակարգ կրթություն ստացած երիտասարդներն իրենց ապագան կկապեն Հայաստանի հետ։ Մտավոր ներուժը և տաղանդները իրենց հնարավորությունները պետք է իրացնեն հենց Հայաստանում։ Սա պետք է դառնա պետական ռազմավարության առանցքային ուղղություններից մեկը, որի իրագործման համար պետք է համատեղել պետական, մասնավոր և սփյուռքի ներուժ»:

Աղբյուրը`   Արման Բաբաջանյան