Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 07 փետրվարի, 2025 թ.

«Երբ Հենրիխ Մխիթարյանը Արցախում բարեգործություններ էր անում, Արման Բաբաջանյանն իր մոր դեմ ցուցմունք էր տալիս». Ռուբեն Հայրապետյան

111
Այսօր, 00:18
«Երբ Հենրիխ Մխիթարյանը Արցախում բարեգործություններ էր անում, Արման Բաբաջանյանն իր մոր դեմ ցուցմունք էր տալիս». Ռուբեն Հայրապետյան

Հերթական արշավը Հենրիխ Մխիթարյանի դեմ սկսվեց այն բանից հետո, երբ նա նախ չեկավ Հայաստան, որ Նիկոլ Փաշինյանից մրցանակ ստանա, ոչ էլ ներկայացուցիչ ուղարկեց՝ այն ստանալու համար, ապա Միլանում արդեն ասաց՝ այս պահին հավաքական վերադառնալ չի պատրաստվում, բայց մի օր կխոսի հավաքականից հեռանալու իր պատճառների մասին:

Հենրիխ Մխիթարյանի, Ֆուտբոլի ազգային հավաքականից հեռանալու նրա պատճառների, նրան քննադատողների, դրա բարոյական իրավունքն ունեցողների ու այլ հարցերի մասին «168»-ը զրուցել է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ:

Հավաքականից հեռանալու՝ Հենրիխ Մխիթարյանի պատճառները, ըստ Ռուբեն Հայրապետյանի, մի քանիսն են, և դրանցից առաջինն այն է, որ Մխիթարյանի մորը զրկեցին Ֆեդերացիայում աշխատելու հնարավորությունից:

«Դրանից առաջ Հենրիխ Մխիթարյանից վերցրին դիվանագիտական անձնագիրը: Ընդ որում, էդ անձնագիրը Հենրիխի համար մի մեծ բան չէր: Ուղղակի քանի որ նա Շենգեն գոտու երկրներում հաճախ էր ճամփորդում իր աշխատանքի բերումով, դիվանագիտական անձնագրով երթևեկելը զուտ հարմար էր, անընդհատ վիզաների կարիք չէր լինում: Դա էր դրա առավելությունը: Ու դա գիտակցելով՝ սրանք նրանից վերցնում են նրա դիվանագիտական անձնագիրը:

Ո՞ր դեսպանը կամ ո՞ր պատգամավորն է աշխարհում հային ու Հայաստանն այնքան լավ ներկայացրել ու ճանաչելի դարձրել, որքան դա արել է Հենրիխ Մխիթարյանը, որ նրանք ունեն դիվանագիտական անձնագիր, Մխիթարյանը՝ ոչ»,- ասաց ՀՖՖ նախկին նախագահը:

Վերջինս հիշեցրեց Մխիթարյանի դեմ սոցցանցերում որոշ իշխանամերձ շրջանակների կողմից իրականացված և կազմակերպված ֆեյքային արշավների մասին:

«Դրան գումարած Ֆուտբոլի ֆեդերացիայում վեր ընկած էդ երկու ոչնչությունները՝ Արմեն Մելիքբեկյանն ու Արմեն Նիկողոսյանը, «երկրպագուների» հետ միասին կազմակերպեցին ու նիկոլական ֆեյքերով իսկական արշավ իրականացրեցին Մխիթարյանի դեմ: Հիշեք՝ ինչեր էին գրում սոցցանցերում՝ «Հենրիխ Մխիթարյանը երբ խաղում է, մենք պարտվում ենք, երբ չի խաղում, հաղթում ենք» կամ «Ժամանակն է Մխիթարյանից վերցնել ավագի թևկապը», ու նման բաներ… Ո՞վ չգիտի, որ դրա հեղինակը Մելիքբեկյանն ու Նիկողոսյանն էին: Մտածում էին՝ առանց Հենրիխ Մխիթարյանի կկարողանան ինչ-որ մեծ խնդիրներ լուծել»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը:

«Ինձ համար ամենասարսափելին այն է, որ Հենրիխ Մխիթարյանի նման հայրենասեր տղային հայրենասիրության դասեր է փորձում տալ մի մարդ, որը մնացել է «Սամվել» վեպի տակ. երևի շատ է կարդացել: Ո՞նց կարող է մարդը չսիրել իր ծնողին՝ մորը, ու սիրել հայրենիքը: Դա ինձ համար անթույլատրելի է»,- ասաց ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը՝ անդրադառնալով Հենրիխ Մխիթարյանի մասին Արման Բաբաջանյանի գրառմանը:

«Արման Բաբաջանյանը, լինելով տարբեր երկրների գործակալ, նաև դավաճան, իր մոր վրա ցուցմունք է տվել, դրա համար մոր արժեքը չգիտի ու մոր արժեքն իմացող մարդուն փորձում է հայրենասիրության դասեր տալ»,- նշեց ՀՖՖ նախկին նախագահը:

Ռուբեն Հայրապետյանն աբսուրդ համարեց այն, որ Հենրիխ Մխիթարյանին Հայրենիքը սիրելու դասեր կարող են տալ հայրենիքին իրենց գիտակցական կյանքում որևէ օգուտ չտված մարդիկ, և սա այն դեպքում, երբ Մխիթարյանը մշտապես բարեգործություն է արել, այդ թվում՝ Արցախում, օգնել վիրավոր զինվորներին:

«Չթվարկեմ՝ ինչքան բան է արել: Դեռ 20-21 տարեկանից, երբ Մխիթարյանը բազմաթիվ բարեգործություններ էր անում, Արման Բաբաջանյանն իր հարազատ մոր դեմ ցուցմունք էր տալիս: Ես կդադարեի հարգել Հենրիխ Մխիթարյանին, եթե նա շարունակեր աշխատել ՀՖՖ ղեկավարության հետ, երբ իր մոր հետ նման կերպ են վարվել: Չէ՞ որ հավաքականի ֆուտբոլիստ լինելը, առավել ևս՝ ավագի թևկապ կրելն աշխատանք է: Նա ո՞նց պիտի աշխատեր այն մարդկանց հետ, ովքեր իր մորը չեն թողնում մտնել Ֆեդերացիայի շենք»,-ասաց Ռուբեն Հայրապետյանը:

«Մարինա Թաշչյանը պատահական մարդ չէ ֆուտբոլում: Մխիթարյանի մայրը Ֆեդերացիայի 4 նախագահների հետ է աշխատել: Կարևոր մի բան ասեմ: Մխիթարյանի մայրը մինիմում 4-5 անգամ իմ նախագահության տարիներին ցանկացել է ազատվել աշխատանքից. ես եմ իրեն համոզել, որ մնա, աշխատի: Մարինա Թաշչյանի նման աշխատող այսօր ֆեդերացիայում չկա: 5-6 տղամարդու աշխատանք էր կատարում: Այդ կարգի աշխատասեր կին ես Հայաստանում շատ քիչ եմ պատկերացնում»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը:

Նա կրկին անդրադարձավ Մխիթարյանին հայրենասիրության դասեր տվող Արման Բաբաջանյանի:

«Նա չգիտի՝ ինչ է հայրենիք, ծնող, ո՞րն է հայրենիքի ու ծնողի արժեքը: Նորից եմ կրկնում՝ ես կդադարեմ հարգել այն մարդուն, ով կասի՝ իմ ծնողներից շատ իմ հայրենիքն եմ սիրում: Չի կարող նման բան լինել: Եթե մարդն իր ծնողներին չի սիրում, չի կարող սիրել իր հայրենիքը: Իսկ Արթուր Ալեքսանյանը պիտի զգույշ լինի. Հայաստանում ում պարգևատրում են, հետո կալանավորում են…»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: