Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 19 հունվարի, 2025 թ.

«Վճարել 100 դրամ, չգնել ոչ մի փաթեթ». Անդրանիկ Թևանյան

71
Այսօր, 20:42
«Վճարել 100 դրամ, չգնել ոչ մի փաթեթ». Անդրանիկ Թևանյան

Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչպես բոյկոտել քաղաքային տրանսպորտի թանկացումը
«Մայր Հայաստանը» հունվարի 21-ին նախաձեռնել է Երևանի ավագանու արտահերթ նիստ։ Նպատակը՝ կասեցնել քաղաքային տրանսպորտի թանկացման որոշման կիրառումն առնվազն մինչև տրանսպորտի գնին վերաբերող մեր նախագծի քննարկումը, որի տակ կա 17000 երևանցի ընտրողի ստորագրություն։ Մեր նախագծի քննարկումից ու քվեարկությունից հետո արդեն պարզ կդառնա, թե ինչպիսի մարտավարություն ենք ընտրելու։ Մենք ցանկացած դեպքում դեմ ենք թանկացմանը։
Շատերն են հարցնում, թե ինչ է նշանակում բոյկոտի մեր կոչը, ինչ նպատակ է այն հետապնդում և ինչ պետք է անել։ Հիմա հերթով ներկայացնեմ դրանք։
1․ Մինչև փետրվարի 1–ը օգտվել բացառապես մեկանգամյա ուղևորատոմսից՝ վճարելով 100 դրամ (ավտոբուս, մետրո) կամ 50 դրամ (տրոլեյբուս)։
2. Չգնել քաղաքային իշխանության առաջարկած տրանսպորտի ուղեվարձի որևէ փաթեթ՝ դրանով իսկ անուղղակի ճնշում բանեցնելով։
Տրանսպորտը թանկանում է մինչև 300 դրամ և սուտ են իշխանությունների բոլոր այն պնդումները, թե, իբր, այլ տարբերակ չկա, քան նոր գներին անցնելը։ Տրանսպորտի գնի ինքնարժեքն իրենց իսկ ներկայացրած թվերով կազմում է 60–65 դրամ։ Այնպես որ, գինը կարող է լինել ոչ ավելի, քան 100 դրամը, իսկ եթե պարզվի, որ այդուհանդերձ լրավճարի կարիք կա, ապա պետք է դա անել բյուջեի հաշվին։ Սուբսիդիայի տրամադրումը պետության սոցիալական պարտավորությունն է։
3. Աշխատող մարդիկ պետք է գործատուներին առաջարկեն ըմբռնումով մոտենալ իրենց, եթե մի քանի օր գործադուլ անեն ու չգան աշխատանքի՝ ի նշան թանկացման դեմ բողոքի։
Նույնը վերաբերում է ուսանողներին։ Նրանք էլ կարող են դասադուլ անել։
4․ Գործատուները պետք է խրախուսեն թանկացման դեմ բոյկոտը։ Եթե կլինեն գործատուներ, որոնք այս իշխանությունների հետ կապի պատճառով կճնշեն իրենց աշխատողներին ու կստիպեն գնել տրանսպորտի գնի թանկ փաթեթներ, ապա կխնդրենք կապվել «Մայր Հայաստանի» հետ։ Մենք խայտառակ կանենք այդ գործատուներին և կոչ կանենք բոյկոտել նրանց առաջարկած ապրանքները կամ ծառայությունները։
Տրանսպորտի թանկացման դեմ պայքարը պետք է դառնա մեր հանրության տարբեր սոցիալական խմբերի միջև հաշտության գործընթաց։ Սրանք պառակտում են, իսկ մենք պետք է միավորվենք։
5․ Եթե Նիկոլ Փաշինյանը հետ չկանգնի քաղաքային տրանսպորտի թանկացման որոշումից, ապա նրանք, ովքեր փետրվարի 1–ից կօգտվեն տրանսպորտից, պարզապես պետք է ՉՎՃԱՐԵՆ ուղեվարձը ավտոբուսում և տրոլեյբուսում։ Եթե բոլորը միասնաբար չվճարեն, ապա իշխանությունը ոչինչ չի կարողանա անել։
Որևէ պարագայում չպետք է վեճի բռնվել ավտոբուսի կամ տրոլեյբուսի վարորդների հետ։ Վարորդները մեր համախոհներն են, քանզի իրենք նույնպես խաբված են քաղաքային իշխանության կողմից։
Ի դեպ, սխալ ենք համարում փետրվարի 1–ից 100 դրամ վճարելու կոչերը։ Նախ թանկացման դեպքում նման հնարավորություն չի լինելու, քանզի 100–դրամանոց QR–կոդով վճարումների տարբերակն ավարտվելու է։ Բացի այդ՝ վարորդը չի կարող կանխիկ վերցնել։
Հետևաբար՝ չպետք է ամաչել անվճար երթևեկելուց, քանզի իշխանությունը թալանչիական որոշում է կայացրել։ Հենց որ այդ որոշումը փոխվի, բոլորս պարտաճանաչորեն կվճարենք ուղեվարձի համար։ ՉՎՃԱՐԵԼԸ տվյալ դեպքում ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅԱՆ ձև է։
6․ Ամեն մի քաղաքացի պետք է բոյկոտի կոչը տարածի իր շրջապատում, սոցիալական ցանցերում։ Գործընթացը պետք է դառնա ապակենտրոն և ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ։
7․ Եթե թանկացման որոշումը չվերանայվի, ապա «Մայր Հայաստանի» ներկայացուցիչներով անձնական օրինակ կծառայենք բոյկոտի համար՝ չվճարելով ուղեվարձի համար։
8․ Բոյկոտը տեխնիկապես դժվար է իրականացնել մետրոյում, քանզի անցման «տուռնիկետներ» կան, բայց մեկ–երկու օր կարելի է չօգտվել մետրոյից կամ էլ՝ փոխադարձ օգնության ձև գտնել (այստեղ կրետիվ լուծումներ կան, որոնք ժամանակի ընթացքում կառաջարկենք) ։
9․ Բոյկոտի նպատակը քաղաքային իշխանության համար ֆինանսական խնդիրներ առաջացնելն է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հետ կանգնի մինչև 300 դրամ թանկացման որոշումից։
10․ Բոյկոտը ենթադրում է նաև փողոցային ակցիաներ, իրազեկման գործոողություններ։ Նման աշխատանքներ «Մայր Հայաստանն» արել է, անում է և շարունակելու է անել»։

Աղբյուրը`   Անդրանիկ Թևանյան