Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 15 հունվարի, 2025 թ.

«Որքան այս հնարավորությունները գրավիչ են թվում, այդքան էլ ռիսկային են». Դավիթ Մանուկյան

106
Երեկ, 15:12
«Որքան այս հնարավորությունները գրավիչ են թվում, այդքան էլ ռիսկային են». Դավիթ Մանուկյան

«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Դավիթ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՀՀ ԱԳՆ հայտարարել է, որ այսօր Վաշինգթոնում, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, կստորագրեն Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը։

Չէի անդրադառնա այս հայտարարությանը, եթե այն այդքան չթմբկահարվեր տարբեր ուժերի և անհատների կողմից, և արհեստական պատրանքներ չստեղծեր մեր հասարակության համար։ Իհարհե, ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խորացումը և իրապես ավելի բարձր մակարդակի բերելը լավ է, և կարող է լուրջ ազդեցություն ունենալ մեր և տարածաշրջանի վրա։ Սակայն, որքան էլ այս հնարավորությունները գրավիչ են թվում, այդքան էլ ռիսկային են։ Այստեղ պետք է ճիշտ գնահատել հնարավոր բոլոր ռիսկերը և դրանք դարձնելով կառավարելի շարժվել առաջ։ Չպետք է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները զարգացնել ի հակադրություն տարածաշրջանային երկրների՝ մասնավորապես Ռուսաստանի և Իրանի։ Նման տրամաբանությամբ շարժվելը, Հայաստանի համար կարող է լինել չափազանց ռիսկային և վտանգավոր։ Մյուս կողմից պետք է հասկանալ, թե ԱՄՆ-ն որքանով է պատրաստ կանգնել Հայաստանի կողքին։

Այսօր, մենք խոսում ենք մի համաձայնագրի մասին, որի բովանդակությունը հայտնի չէ, սակայն կարելի է պնդել, որ այն իրենից չի ենթադրում ռազմավարական դաշնակցային հարաբերություններ, ինչպես փորձում են շատերը ներկայացնել։ Նաև կարևոր է հասկանալ, որ այս համաձայնագիրը ստորագրվում է ԱՄՆ հեռացող վարչախմբի կողմից, որը մի շաբաթից հեռանալու է։ Թե ինչպես են վերաբերվելու այս համաձայնագրին Ամերիկայի նոր իշխանությունները՝ դժվար է ասել, քանի որ ո՛չ փաստաթղթի բովանդակությունն է հայտնի, ո՛չ ԱՄՆ նոր վարչակազմի քաղաքականությունը Հարավային Կովկասում։

Որքան էլ բարդ է այն իրավիճակը, որում հայտնվել ենք, միևնույն է՝ ելքեր և հնարավորություններ կան, պարզապես անհրաժեշտ է ունենալ կառավարություն, որը հետևողականորեն, հասկանալով և համառաբար առաջ կտանի Հայաստանի Հանրապետության պետական շահը, այլ ոչ թե կսպասարկի օտարի շահը»:

Աղբյուրը`   Դավիթ Մանուկյան