«Լոս Անջելեսի ամենաաղետալի հրդեհը. դավադրության տեսություններ և իրական պատճառներ». Արմեն Դուլյան
112
Երեկ, 22:48
Լրագրող Արմեն Դուլյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ամենաղետալի հրդեհը Լոս Անջելեսի պատմության ընթացքում. դավադրության տեսություններ և իրական պատճառներ Հենց որ Լոս Անջելեսի շուրջ բոցավառվեցին անտառները, Քալիֆորնիայում անմիջապես սկսեց շրջանառվել առաջին վարկածը՝ չարագործների արածն է։ Այդ ասեկոսեներին նպաստեց մոտ մեկ ամիս առաջ Մանհեթենում տեղի ունեցածը, երբ 26-ամյա Լուիջի Մանջոնին, որն օրը ցերեկով սպանեց «UnitedHealth Group» խոշորագույն բժշկական ապահովագրական ընկերության ղեկավարին, անմիջապես էլ ազգային հերոսի նման մի բան դարձավ, քանզի ամերիկյան հանրության առնվազն մի մասի տրամադրւթյունն էսպիսին էր՝ լավ էլ արել է, որովհետեւ այդ անաստվածները թալանում են մեզ ու միլիարդներ վաստակում մեր կյանքի եւ առողջության հաշվին։ Գաղտնիք չէ, որ հիմա էլ, երբ կրակն ուտում է հոլիվուդյան աստղերի շքեղ առանձնատները, ոմանք ասում են՝ էդպես էլ պետք է նրանց։ Շատերը հիշում են, որ դեռ դեկտեմբերին ամերիկացի ամենահայտնի հաղորդավարներից մեկի՝ Ջո Ռոգանի և կինոռեժիսոր Քվենտին Տարանտինոյի զրույցի ժամանակ խոսվել էր այն մասին, որ ըստ ինչ-որ անանուն հրշեջի, եթե կրակը սկսվի միանգամայն կոնկրետ վայրում եւ քամին էլ փչի շատ որոշակի ուղղությամբ, հրդեհը կընդգրկի ողջ Լոս Անջելեսը մինչեւ օվկիանոսի ափը եւ կրակը կանգնեցնել գործնականում անհնար կլինի։ Այդ հաղորդումը դիտել էին հարյուր հազարավոր մարդիկ, որոնք հիմա հարց են տալիս՝ լավ, ինչպես կարելի էր մի քանի շաբաթ առաջ այդքան հստակ կանխատեսել, թե ինչ է կատարվելու նոր տարվա սկզբին։ Ինչեւէ, փաստն այն է, որ մինչեւ հիմա իրավապահները որեւէ հավաստի ապացույց չունեն, թե հրդեհները չարակամների ձեռքի գործն են։ Բայց էդ դեպքում երկրորդ հարցն է ծագում։ Ինչպես եղավ, որ այս աղետից մոտ մեկ տարի առաջ խոշոր ապահովագրական ընկերությունները զանգվածաբար սկսեցին հրաժարվել ապահովագրել անշարժ գույքը հրդեհներից։ Շատ կոնկրետ փաստ՝ միայն 2024 թվականի հուլիսին «State Farm» հայտնի ընկերությունը հրաժարվեց երկարաձգել Լոս Անջելեսի մեծահարուստների թաղամասի տանտերերի 70 տոկոսի հետ նախկինում կնքված ապահովագրական պայմանագրերը։ Ամերիկյան մամուլն արձանագրում է՝ ճիշտ ժամանակին հրաժարվեց, որովհետեւ այսօր այդ տների մեծ մասը ոչնչացված է։ Ընկերությունների ղեկավարներն արդարանում են՝ պարզապես բնական աղետները Քալիֆորնիայում ավելի հաճախակի էին դարձել։ Այնինչ մասնագետները հակադարձում են՝ վերջին մի քանի տարիներ ընթացքում անտառային հրդեհների վնասները այնքան էլ մեծ չեն եղել։ Այնուամենայնիվ, բոլորս էլ հրաշալի գիտենք, որ նման դեպքերում միշտ էլ տասնյակ անհավանական վարկածներ են ծնվում՝ լինի դա պայթյուն Սուրմալուի շուկայում, թե հրդեհ հայաշատ Լոս Անջելեսում։ Եթե մի կողմ դնենք բոլոր արտառոց տեսությունները, կմնան հրդեհների ամենատարածված պատճառները։ Գիտե՞ք արդյոք, որ Միացյալ նահանգներում, ըստ վիճակագրության, ամենից հաճախ հրդեհները բռնկվում են… կայծակից։ Բայց օդերեւութաբանները հաստատ պնդում են, որ տվյալ դեպքում ընդհանրապես ոչ մի կայծակ չի եղել։ Երկրորդ տեղում է մարդու անզգուշությունը։ Սակայն բոլորս էլ երեւի հասկանում ենք, որ հիմա արդեն անհնար է պարզել՝ արդյոք ինչ-որ մեկը քաղաքային պուրակում զբոսնելիս չոր խոտի մեջ չի նետել սիգարեթի մնացուկը։ Մանավանդ, որ ծխելն Ամերիկայում վաղուց արդեն չի խրախուսվում։ Դրանում սեփական փորձով եմ համոզվել, երբ տարիներ առաջ ծխելով քայլում էի Վեն Նայս թաղամասում եւ նկատում, որ բոլորն այնպես էին նայում, կարծես հենց նոր փախած լինեի տեղի հոգեբուժարանից։ Ընդհանրապես երեւի կարելի է համաձայնել նրանց հետ, ովքեր պնդում են՝ նման դեպքերում պատճառները պարզելն, իհարկե, կարեւոր է, բայց շատ ավելի կարեւոր է հասկանալ, թե ինչու են հետեւանքներն այսքան ահավոր՝ ինչու է, օրինակ, պատերազմը ավարտվում ոչ թե կորուստներով, այլ կատարյալ կապիտուլյացիայով, իսկ հրդեհը մինչեւ հիմա չի հաջողվում մարել։ Եւ հենց այստեղ է առաջին պլան մղվում մարդկային գործոնը, ղեկավարելու հմտությունը, արտակարգ իրավիճակում գործը շատ արագ ու հստակ կազմակերպելու ունակությունը։ Հո իզուր չի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարծիք հայտնել, որ Քալիֆորնիայի նահանգապետը պետք է հրաժարական տա։ Էլ չեմ ասում Լոս Անջելեսի քաղաքապետի մասին։ Բավական տարօրինակ է, բայց հենց այն օրը, երբ Լոս Անջելեսում սկսվեցին հրդեհները, այդ կինը՝ Կարեն Բասսն ուղեւորվում էր Աֆրիկա՝ մասնակցելու Գանայի Հանրապետության նախագահ Ջոն Դրամանի Մահամայի պաշտոնադրման արարողությանը։ Դե ինչ, մարդկայնորեն հասկանալի է՝ էկզոտիկ երկրում ճոխ տոնախմբությանը մասնակցելը 1000 անգամ ավելի հաճելի է, քան հարազատ երկրում կամ քաղաքում անթիվ ու անհամար խնդիրներ լուծելը։ Արմեն Դուլյան Սպուտնիկ Արմենիա»: