Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 09 հունվարի, 2025 թ.

«Ալիևը ստիպված է իր հայացքը Պուտինից կրկին ուղղել դեպի Էրդողանը»․ Ստյոպա Սաֆարյան

104
Այսօր, 10:12
«Ալիևը ստիպված է իր հայացքը Պուտինից կրկին ուղղել դեպի Էրդողանը»․ Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Որոշ դիտարկումներ Ադրբեջանի բռնապետի մոտիվացիաների մասին․
1. Որքան էլ Ալիևը անցած 2 տարին գլուխ էր տանում տարածաշրջանում ու այլ պետությունների ղեկավարների հետ կոմունիկացիայում, թե Խաղաղության պայմանագիրն ու դրա առանցքային դրույթները իր «նախաձեռնությունն» են, երեկվա հարցազրույցը ու 2 տարի շարունակ դրա ստորագրման ձգձգումը մատնում են, որ բանակցվող փաստաթուղթը իր սրտով չէ, չի ներառում այն պահանջները, որոնք հրապարակավ առաջադրում է («Զանգեզուրյան» միջանցք, սահմանադրական փոփոխություններ, «անկլավների» վերադարձ, Հայաստանի «դենացիֆիկացում» և «ապառազմականացում», Հայաստանին խաղաղության պարտադրում, հայ-ադրբեջանական կոնֆլիկտի սպառիչ ու վերջնական լուծում այդ թվում Մինսկի խմբի լուծարման կամ արցախահայերի վերադարձի իրավունքի փակում) :
2. Հակառակը, Ալիևը իր վարքագծով մատնում է, որ դրա ստորագրումն իրեն կզրկի այդ ամենը ռազմական եղանակով լուծելու տարբերակից, կամ ավելի ստույգ' այդ տարբերակին դիմելը ռիսկեր կստեղծի իր համար։
3. Ալիևը չի թաքցնում, որ նեղված է Արևմուտքի կողմից հակամարտության կողմերի նկատմամբ նախկինում որդեգրված պարիտետի ու հավասարահեռության սկզբունքի խախտումից, ու որպես այդ խորացող գործընթացի հերթական հանգրվան Հայաստան-ԱՄՆ ու Հայաստան-ԵՄ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելուց, որն այլևս մոտակա հեռանկար է։ Այն, որ տարածաշրջանում Հայաստանն է դառնում այդ կարգավիճակների ու քաղաքական կշռի միակ կրողը Վրաստանի նույնական կարգավիճակների սառեցման խորապատկերին, չի կարող Ալիևին չմտահոգել իր հետագա հետևանքների առումով... Դրա համար էլ փորձում է կանխել երկու ռազմարական համաձայնագրերի ստորագրումը։
4. Ալիևը գիտակցում է, որ այդ առումով Ռուսաստանի հետ համախոհությունը ամենևին չի կանխում դրանց ստորագրումը, մանավանդ որ ինքնաթիռի խոցումն էլ կարճաժամկետ վատացրել է իրենց հարաբերությունները։ Այս առումով նրա հույսը Թուրքիան է, որին ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփը գովել է երեկ... Ու Ալիևը ստիպված է իր հայացքը Պուտինից կրկին ուղղել դեպի Էրդողանը, ով Սիրիայում այս պահին հաղթողն է... Թրամփն էլ հաղթողին' Էրդողանին գովել է ոչ միայն նրա համար, որ Թուրքիան Ռուսաստանին ու Իրանին թուլացրել է Մերձավոր Արևելքում, այլ գծեր է ստուգել' եթե դա այդպես է, ինչպես իրեն դա փորձում է վաճառել Էրդողանը, արդյոք Էրդողանը կքցի Պուտինին ու կխաղա Թրամփի հետ։ Թրամփի վերջին նախադասությունը հենց դա է. Ինքը շատ է հարգում ու հավանում Էրդողանին, ու վստահ է' Էրդողանն էլ իրեն.. Ալիևը տեսնելով Թրամփի սերն առ Էրդողան, ինքն էլ սիրո խոստովանություն է անում' «քաղցր խոսքեր» շռայլելով նրա մրցակցի' «սոռոսական Բայդենի» դարաշրջանի հասցեին... Ալիևը սիրաշահելով փորձում է զրոյացնել ու ետ կանգնել Բայդենի օրոք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման սկզբունքների շուրջ պայմանավորվածություններից, որոնց կատարումը կամ տապալել, կամ ձգձգել է... Նա հասկանում է, որ այլևս չի կարող ազդել Բայդենի վարչակազմի վրա, կանխել Հայաատանի հետ ռազմավարական գործընկերության ստորագրումը, զրոյացնել համաձայնություններն ու պարտավորությունները, ուստի հույս է կապում դրանք չեղարկել Թրամփի օրոք, որն առանց Էրդողանի բարեխոսության հնարավոր չէ...
5․ Իհարկե Ալիևը կնախընտրեր, որ նույն Էրդողանի բարեխոսությամբ ու համաձայնությամ ԱՄՆ-ուն նախագահափոխության առաջիկա վակոումի շրջանում ստանար այդ բոլոր խնդիրներ փաթեթով ու ռազմական եղանակով լուծելու համաձայնությունը Թրամփից։ Բայց Թրամփը իշխանության է գալիս ոչ թե «մոլորակի վրա մեկ պատերազմ էլ ավելացնելու» կոնցեպտով, այլ հակառակը' «Ուկրաինական պատերազմը կանգնեցնելու խոստումով» : Այնպես որ Թրամփից նոր պատերազմի թույլտվություն ստանալը բարդ կլինի, այս պահին էլ Բայդենը չի թողնում... Այնպես որ միակ հավանական տարբերակը մեծ և Թրամփին սիրելի մեծ եղբոր՝ Էրդողանի միջնորդությամբ լոբինգ անել, որպեսզի Թրամփը հետագայում գոնե չեղարկի կամ անտեսի Բայդենի ստորագրած ռազմավարական գործընկերության համաձայնագիրը.. Բայց Թրանփը հիմար չէ, որ հրաժարվի իրեն փոխանցված այդ ժառանգությունից։ Չէ որ դա Հարավային Կովկասում ևս մեկ կամ առայժմ միակ հուսալի գործընկեր ունենալու ու առանց որևէ մեկի փոխադարձ հարգանքն ակնկալելու Ռուսաստանի թուլացման մասին է»։

Աղբյուրը`   Ստյոպա Սաֆարյան