«Աղբահանության վճարի փոփոխությունը բեռ է սոցիալապես խոցելի խմբերի համար»․ Սոնա Աղեկյան
250
Կիրակի, 05 հունվարի, 2025 թ., 14:00
«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երևանի աղբահանության վճարի փոփոխությունն արդար մոտեցո՞ւմ, թե՞ հավելյալ բեռ տուգանքի ու թալանի մատերիալ բնակիչների համար։ Երևանի 2,5-անոց իշխանության որոշմամբ աղբահանության վճարի հաշվարկման մեխանիզմում տեղի ունեցած փոփոխությունը մեծ արձագանք է ստացել հանրության շրջանում: Այժմ վճարը կգանձվի բնակելի տարածքի մակերեսի՝ 1 քառակուսի մետրի արժեքը 13 դրամ հաշվարկով, այլ ոչ թե անձանց թվին համապատասխան, ինչն առաջ է բերում մի շարք հարցեր սոցիալական արդարության առումով: Նախկինում աղբահանության վճարը հաշվարկվում էր ըստ բնակարանում գրանցված բնակիչների թվի: Սա համեմատաբար ավելի տրամաբանական էր, քանի որ ստեղծվող աղբի քանակը, մեծամասամբ, կախված է մարդկանց թվից: Սակայն, նոր մեխանիզմի համաձայն՝ վճարը որոշվում է բնակելի տարածքի մակերեսով, ինչն անհամաչափ բեռ է դնում սոցիալապես խոցելի խմբերի վրա, առաջացնելով՝ 1․ Սոցիալական անհավասարություն Մեծ բնակելի տարածք, սակայն փոքր եկամուտ ունեցող մարդիկ կարող են հայտնվել ծանր իրավիճակում: Օրինակ, միայնակ թոշակառուն, ով ապրում է ժառանգված մեծ բնակարանում, ստիպված կլինի վճարել ավելին, քան փոքր բնակարանում ապրող մեծ ընտանիքը: Թանկացած գույքահարկի բարձրացումը զգալի բեռ է շատ ընտանիքների համար, և աղբահանության վճարի բարձրացումն այս ֆոնին լրացուցիչ բեռ է ստեղծում հատկապես սոցիալապես խոցելի խմբերի համար: Եվ, ի վերջո, հաշվարկման նոր մեթոդն անարդար է այն ընտանիքների համար, որոնք, չնայած մեծ բնակելի տարածքին՝ քիչ աղբ են կուտակում: Օրինակ, մեկ կամ երկու անձից բաղկացած ընտանիքները նույն հարկն են վճարելու, որքան չորս, հինգ, վեց և ավելի անդամ ունեցող ընտանիքները: «Մայր Հայաստանն» առաջարկում էր խոցելի խմբերի համար սուբսիդիաներ՝ հարկ է ներդնել համակարգ, որը թույլ կտա ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին ստանալ աջակցություն կամ զեղչեր աղբահանության վճարի համար: 2․ Կոմպրոմիսային հաշվարկման մեթոդ Հարկավոր է մշակել համակցված մեխանիզմ, որը հաշվի կառնի և՛ բնակիչների թիվը, և՛ բնակելի տարածքի մակերեսն ավելի արդար վճարումներ ապահովելու համար: Մինչև այսպիսի փոփոխություններ կատարելը, անհրաժեշտ էր լայն հանրային քննարկումներ անցկացնել, որտեղ կլսվեին բնակիչների և փորձագետների կարծիքները, ինչը չի արվել և այս թանկացումներն զգալի բեռ են առաջացնում երևանցիների առանց այդ էլ քաոսային կյանքում։ Հ.Գ. Աղբահանության վճարի նոր մեխանիզմը կարևոր քայլ է քաղաքային տնտեսության զարգացման և աղբահանության համակարգի կայունության ապահովման համար: Սակայն, իմ կարծիքով, անհրաժեշտ է հաշվի առնել նաև սոցիալական արդարության սկզբունքը: Երևանցիների մեծ մասի համար այս փոփոխությունը կարող է դառնալ լուրջ ֆինանսական մարտահրավեր: Այս խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է ոչ միայն վերանայել գործող մեխանիզմները, այլև մշակել սուբսիդիաների, զեղչերի և այլընտրանքային մոտեցումների համապարփակ ծրագիր, որը կհամապատասխանի սոցիալական բոլոր խմբերի շահերին»: