Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 01 հունվարի, 2025 թ.

«Ի՞նչն է կապում Հայկական Լեգիոնը Ադոլֆ Հիտլերի դեմ հայտնի մահափորձի հետ». Էդուարդ Աբրահամյան

175
Կիրակի, 29 դեկտեմբերի, 2024 թ., 23:36
«Ի՞նչն է կապում Հայկական Լեգիոնը Ադոլֆ Հիտլերի դեմ հայտնի մահափորձի հետ». Էդուարդ Աբրահամյան

Միջազգային հարաբերությունների դոկտոր Էդուարդ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ի՞նչն է կապում Հայկական Լեգիոնը Ադոլֆ Հիտլերի դեմ հայտնի մահափորձի հետ
1941 թ․ դեկտեմբերի 30-ին Գերմանիայի կանցլեր Ադոլֆ Հիտլերը Հայկական Ազգային Կոմիտեի ֆորմալ առաջարկի հիման վրա ստորագրեց Ցամաքային Զորքերի Գերագույն Հրամանատարության (OKH - Oberkommando des Heeres) ենթակայության տակ Հայկական Լեգիոնի ստեղծման վերաբերյալ հրամանը [1]։ Հայկական Լեգիոնի հիերարխիկ վերադաս կառույցը Գեներալ-Գուբերնատրության Ցամաքային Զորքերի Գերագույն Հրամանատարության (OKH) Արևելյան Լեգիոնների Պատրաստման Շտաբն էր (Aufstellungsstab der Ostlegionen), որի ընդհանուր ղեկավարումը իրականացվում էր ցամաքային զորքերի սպառազինության պետի և Պահեստազորային Բանակի հրամանատարի՝ գեներալ-գնդապետ Ֆրիդրիխ Ֆրոմի վարչության կողմից։ Գեներալ-գնդապետ Ֆրոմին էր ենթարկվում Գերմանիայի տարածքում տեղակայված ցամաքային զորքերը, որի մեջ մինչև 1944 թվականի վերջ մտնում էր նաև Գեներալ-Գուբերնատրությունը՝ օկուպացված Լեհաստանը, իսկ Հայկական Լեգիոնի ողջ ենթակառուցվածքային համակարգը պետք է տեղակայվեր հենց Լեհաստանի տարածքում։ Այսպիսով, գեներալ-գնդապետ Ֆրոմի վարչությունը 1942ի փետրվարի 8-ին զեկուցվեց Հայկական Լեգիոնի գործունեության պաշտոնական մեկնարկի մասին՝ ֆունկցիոնալ բրիգադի կարգավիճակով [2]։ Հայկական Լեգիոնի շտաբը տեղակայվեց լեհական Ռադոմ քաղաքում, մարտական ստորաբաժանումների տեղակայման կենտրոնակայանը լեհական Պուլավի քաղաքի նախկին լեհական բանակի զորամասերում իսկ նախապատրաստման ճամբարները՝ Պուլավայից մոտ 20կմ Զաեժիրժ բնակավայրի մոտակայքում [3]։ 1942-ի մայիսից Հայկական լեգիոնի շտաբն անցավ Պոլտավայի շրջանի Լոխվիցա քաղաքին կից՝ Բանակների «Կենտրոն» խմբի ենթակայության տակ գործող 162-րդ հետևակային դիվիզիայի ներքո։


Պահեստազորային Բանակի ընդհանուր կառավարման պետ հետևակային գեներալ Ֆրիդրիխ Օլբրիխտի 1942 թ․մարտի 10ի հրամանով Արևեյլան լեգիոնների հրամանատար նշանակվեց ռուսերենին ազատ տիրապետող գնդապետ Հիգենդորֆը, 1943 թ․ի հունվարի 17-ից դիվիզիայի հրամանատարի կարգավիճակով [4]։ Հայկական լեգիոնի պատշաճ կազմակերպման ինսպեկցիայի գործառույթները սկզբնական շրջանում դրված էին OKH գլխավոր շտաբի կազմակերպչական բաժնի Գեներալ-Գուբերնատրությանը վերաբերող ենթաբաժնի ղեկավար մայոր Կլաուս ֆոն Շտաուֆենբերգի վրա։ Եվ՛ Հիգենդորֆը, և՛ Շաուֆենբերգը առաջնորդվում էին գեներալ Օլբրիխտի ապրիլի 24ին հրապարակած «Արևելյան Լեգիոնների Ստեղծման Դիրեկտիվայի» համապատասխան, որտեղ Հայկական լեգիոնի ստորաբաժանումների մասին մասնավորապես շեշտվում էր, որ դրանք «գերմանական կանոնավոր բանակին իրավահավասար ստորաբաժանումներ են՝ կազմված կամավորական զինվորականներից՝ սեփական հայրենիքն բոլշևիզմից ազատագրելու և ազգային բանակի հիմք դառնալու ակնկալիքով» [5]։
Հատկանշական է, որ «սկզբնական շրջանում, մինչև որ գերմանական բանակը չհաստատի վերահսկողություն Հարավային Կովկասի նպատմամբ» [6], Հայկական լեգիոնի անձնակազմի հիմնական աղբյուրը պետք է հանդիսանային Կարմիր բանակի նախկին զինվորները, որոնք գտվում էին գերմանական գերության մեջ, ինչպես նաև հայկական սփյուռքի ներկայացուցիչները։
Ադոլֆ Հիտլերի հրամանով 1942 թ․ օգոստոսի 31-ից Արևելյան Լեգիոնների գլխավոր կոմիսարի որպես OKH հատուկ ներկայացուցիչ է նշանակվում հեծելազորային գեներալ, դիվանագետ և ռազմական գործիչ Էրնսթ-Ավգուստ Կյոսթրինգը, որը 1918-ից հունվար-մայիս ամիսներին եղել է Օսմանյան կայսրությունում գերմանական ռազմական միսսիայի անդամ, 1919 հուլիս-հոկտեմբեր ամիսներին եղել է Վրաստանում գերմանական ռազմական կցորդության ներկայացուցիչ, իսկ 1920թ այցելել է Հայաստան, գերմանական դելեգացիայի հետ մասնակցել բանակցությունների։ Սեպտեմների 1-ից Կյոսթրինգը նշանակվում է գերմանական բանակի զորքերի «Ա» խմբի «Կովկասյան հարցերով» գլխավոր կոմիսար [7]։ Եղել է Ռուսաստանում Գերմանիայի դեսպան և հետագայում
«Հայաստան» առանձին ռեյխսկոմիսարիատի նախագծի գլխավոր ճարտարապետ Շուլենբուրգի մերձավոր և համախոհ։ Գերմանական արխիվային փաստաթղթերից պարզ է դառնում, որ 1942 թ․ հուլիս ամսին գեներալ Կյոսթրինգը, Աբրահամ Գյուլխանդանյանի (Հայկական ազգային կոմիտեյի փոխնախագահ) և մայոր ֆոն Շթաուֆենբերգի հետ միասին այցելել են արդեն իսկ ամբողջությամբ կազմավորված, սպառազինված և պատրաստ մարտի Հայկական Լեգիոնի երկրորդ՝ 809-րդ գումարտակի (պատվանունը՝ "Զեյթուն") անձնակազմին Պուլավայում [8]։
Գեներալ Կյոսթրինգին հայ զինվորները «պապիկ գեներալ» էին անվանում, ոմանք մինչև վերջ էլ համոզված էին, որ նա հայ է ազգությամբ։ Թե ինչի՝ դա արդեն այլ պատմություն է։ Իսկ ինչ վերաբերում է վերոնշյալ գերմանական բարձրաստիճան զինվորականներին, որոնք ակտիվ և ուղղակի դերակատարություն են ունեցել Հայկական լեգիոնի ստեղծման և կայացման հարցում, ապա ամիսեր անց, 1944 թ․ի հուլիսի 20-ին իրենք իրենց ակտիվ մասնակցությունն են ունենում Ադոլֆ Հիտլերի դեմ հայտնի մահափորձի և չստացված հեղաշրջման մեջ։
Հետևաբար՝ լավ առիթ է ևս մեկ անգամ դիտել 2008 թվականին նկարահանված «Operation Valkyrie» ֆիլմը, որտեղ Հայկական Լեգիոնի հետ ուղղակի առնչություն ունեցած բոլոր այս անձիք լայնորեն ներկայացված են։
Հղումներ
1. BA-MA, RH 58. Osttruppen und fremdländische Verbände des Heeres, Armenische Legion.H/120;
2. BA-MA, RH 53—23. Militärbefehlshaber im Generalgouvernement / Wehrkreisbefehlshaber im Generalgouvernement, 75022/8.
3. MGFA, OKH/Chef HrüstuBdE/AHA. Bestimmungen für Aufstellung der Ostlegionen. 1.7.1942. S. 8.
4. BA-MA, RH 53—23. Militärbefehlshaber im Generalgouvernement / Wehrkreisbefehlshaber im Generalgouvernement, 75022/12.
5. MGFA, OKH/Chef HrüstuBdE/AHA. Bestimmungen für Aufstellung der Ostlegionen. 24.4.1942. S. 2—3.
6. Hoffmann J. 1976, Die Ostlegionen, 1941–1943: Turkotataren, Kaukasier und Wolgafinnen im deutschen Heer. (Einzelschriften zur militärischen Geschichte des Zweiten Weltkrieges, 19.) Freiburg: Verlag Rombach.
7. BA-MA, RH 19. Heeresgruppenkommandos, RH 19 V. Oberkommando Heeresgruppe A Südukraine — Süd, RH 19 V/6, bl. 54—55, 114; RH 19 V/7, bl. 84.
8. BA-MA, RH 49 Einrichtungen des Kriegsgefangenenwesens des Heeres, 58/104. S.31.
Վերջին լուսանկարում՝ Շտաուֆենբերգը 162-րդ դիվիզիայի հրամանատար Նիդերմայերի հետ՝ կովկասյան լեգիոնների գումարտակներից մեկն այցելության ժամանակ»։
Շտաուֆենբերգը 162-րդ դիվիզիայի հրամանատար Նիդերմայերի հետ
Շտաուֆենբերգը 162-րդ դիվիզիայի հրամանատար Նիդերմայերի հետ