Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 04 հունվարի, 2025 թ.

«Արդյո՞ք բոլորս նույն բանն ենք հասկանում տարեմուտ ասելով». Լեզվի կոմիտե

154
Չորեքշաբթի, 01 հունվարի, 2025 թ., 18:36
«Արդյո՞ք բոլորս նույն բանն ենք հասկանում տարեմուտ ասելով». Լեզվի կոմիտե

Լեզվի կոմիտեն ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տարեմուտը բոլորի համար տոն է, հաճելի հոգսերի, հաշվետու լինելու շրջան։ Բայց արդյո՞ք բոլորս նույն բանն ենք հասկանում տարեմուտ ասելով։ Նոր տարվա սկի՞զբն է այն, հին տարվա վե՞րջը, երկուսը միասի՞ն։ Թվում է՝ այստեղ վեճ չկա․ բառն ի՛նքն է խոսում իր մասին՝ տարի+ա+մուտ՝ տարվա մուտք։
Եկեք թերթենք մեր բառարանները։ Մեծ մասում, այո՛, տարեմուտը նոր տարվա սկիզբն է։ Բայց կան և բառարաններ, որտեղ տարեմուտը «անցնող տարվա վերջն է» կամ «անցնողի վերջն ու եկողի սկիզբը»։ Մի բառարան տարեմուտն անվանում է տարեգլուխ, և այն տարվա սիզբն է համարում, մյուսում տարեգլուխը տարեվերջն է։
Գուցե դիմենք բանաստեղծների՞ն։ Համո Սահյանի «Ձմեռնամուտը», Շիրազի «Գարնանամուտը», Պարույր Սևակի «Իրիկնամուտը», բոլորը մուտք՝ սկիզբ են նկարագրում։ Բանաստեղծների համախոհությունը հուշում է, որ տարեմուտը նոր տարվա սկիզբն է։ Իսկ արևամո՞ւտը։ Մեր պատկերացումներում այն զուգորդվում է ավարտի՝ արևի լույսի անցնելու՝ վերջանալու հետ։ Կարող էինք տարեմուտ-ի՝ երբեմն երկիմաստ ընկալման մեղքը «արևամուտ»-ի վրա գցել, եթե չլինեին բանաստեղծներին «հակասող», թեև սակավաթիվ, բայց կանոնական բառարանները։
Տարեմուտ բառի շուրջն այս «տոնական պտույտը» գուցե նման է կլոր տարվա գալարներին, որի ընթացքում ավարտն ու սկիզբը ոչ թե հատվում, այլ սահուն փոխարինում են իրար, մանավանդ՝ տարեմուտ-ի մուտ(ք) արմատի նշանակություններից մեկը՝ դուռ-ը, բառարաններում նկարագրվում է այսպես՝ «մուտք ու ելք անելու տեղ»։
Բառարանային գրանցումներից անկախ՝ թող որ տարեմուտը ամենքիս համար հնի ու նորի բարի հերթագայում լինի»։

Աղբյուրը`   Լեզվի կոմիտե