Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 31 դեկտեմբերի, 2024 թ.

«Ի՞նչ է մեզ սպասվում 2025թ-ին և դրանից հետո». Տարոն Սիմոնյան

114
Կիրակի, 29 դեկտեմբերի, 2024 թ., 09:06
«Ի՞նչ է մեզ սպասվում 2025թ-ին և դրանից հետո». Տարոն Սիմոնյան

Իրավաբան, ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մարտավարություն գլոբալ քաոսի պայմաններում կամ Ի՞նչ է մեզ սպասվում 2025թ-ին և դրանից հետո
Դուր է գալիս մեզ, թե ոչ, բայց մենք ապրում ենք մեր պատկերացրած աշխարհակարգի փլուզման և արագացող փոփոխությունների կամ խորացող քաոսի պայմաններում, որտեղ միակ կայունությունն անկայունության անկանոն աճն է։
Հետևաբար, քանի դեռ չկա նոր աշխարհակարգ, գործողն անկայուն աշխարհակարգն է, որտեղ երկրորդական են դառնում կայունության ցանկացած դրսևորում։ Դա վերաբերում է և՛ իրավունքի գերակայությանը, և՛ ազատ շուկային, և՛ որոշումների ընդունման ժողովրդավարական դանդաղ մեխանիզմներին։
Արցախի բռնազավթում, ռուս-ուկրաինական պատերազմ, իսրայելապաղեստինյան հերթական պատերազմ, արաբական գարնան շարունակություն՝ ի դեմս սիրական իշխանության փլուզման, մերձավորարևելյան քարտեզի փոփոխություն, թուրքական բռնության ու ազդեցության աճ, իրանական ազդեցության կազմաքանդում, ամերիկա-չինական խորացող հակամարտություն... սրանք այն փոքր հատվածն են չերևացող սառցաբեկորի, որը դանդաղ, սակայն հաստատուն ձևով վերջին երեք տասնամյակում հալվում է՝ աստիճանաբար բացելով դրանով թաքնված խնդիրների ու չպայթաց որոգայթների համալիրությունը։
Դեռ շատ ավելին է սպասվում հաջորդ տարի և տարիներին։
Այս ամենն ի նկատի ունենալով է, որ քաղաքական վարքագծի մեջ բավականին տարածված է դարձել անկախատեսելիությունը, որը վարքագծի սխալ չէ, այլ՝ դիտավորություն։
Սա, իհարկե, նոր երևույթ չէ. այն խաղերի տեսության մարտավարություններից մեկն է այն միջավայրերում, որտեղ ձեր լավագույն քայլը կախված է մյուս խաղացողների քայլերից, որոնք իրենց հերթին փորձում են կանխատեսել ձեր քայլը։ Այդ պատճառով լավագույն ռազմավարությունը դառնում է պատահականության ռազմավարությունը։ Մրցակիցը չի կարողանա խաղն իր կանոններով խաղալ և ուղղորդել իր ցանկացած հոսանքով, եթե ինքն ի վիճակի չէ կանխատեսել հակառակորդի քայլերը։
Պետք է ի նկատի ունենալ, սակայն, որ իրական պատահականությունը դժվար է ստեղծել, եթե, իհարկե, ձեր ուղեղը շատ ավելի բարդ ու համալիր չէ, քան բոլոր մրցակիցներինը՝ միասին վերցրած։ Այդ պատճառով էլ պատահականության պատրանք ստեղծելով՝ խաղացողներն իրենց անկանխատեսելիությունը բխեցնում են կա՛մ մի փոքր խելագարությունից, կա՛մ մի փոքր անկառավարելիությունից, կա՛մ երկուսը միասին։
Այսպես կոչված՝ Դողացող ձեռքի հավասարակշռության հայեցակարգը ցույց է տալիս, որ ամենից օպտիմալ ռազմավարությունն այն է, ինչը մյուս խաղացողների վարքագիծը դիտարկում է պատահական գործոնների մշտական ազդեցության ներքո։
Կարևոր առանձնահատկություն այն է, որ քաոսի սնուցողներն ու դրանից օգուտ ստացողները այն պետություն-խաղացողներն են լինելու, որոնք ունեն ֆինանսատնտեսական, հանքահումքային, մարդկային, ինստիտուցիոնալ, ռազմական ու գաղափարական մեծ ռեսուրսներ, ուստի նրանք այս աշխարհակարգի խոսափողն ու օրենսդիրներն են լինելու։ Նրանցից պետք է սպասել ավտորիտարիզմ, պոպուլիզմ ու բռնություն, մի խոսքով՝ մտքի ու կյանքի անազատություն։
Իսկ քիչ ռեսուրսներ ունեցողները չեն կարող այդ դերը ստանձնել։ Առավել ևս չեն կարող իրենց թույլ տալ ղեկավարների խելագարության կամ անկառավարելիության շքեղությունը, այլապես մեծացող մսաղացի հումք են դառնալու։
Իսկ ի՞նչ կարող են անել այս պետությունները...
Բարդացող համակարգում կողմնորոշվելու համար պատասխանը պարզ է՝ սկսել կուտակել ռեսուրսներ և այդ ամենի հիմքում խարսխել գաղափարական ռեսուրսի առանցք-ուղեծիրը, որը կհարստացվի մյուս ռեսուրսներով..
Հ.Գ. Հետևաբար #սկզբիցպետքէսկսենք, ամենասկզբից ... #ԱՐԲԱՆԷ
Փաստորեն, դեռ 2012թ-ին գրված պետականագիտության սիներգետիկային վերաբերող մենագրությունս պետք եկավ»:

Աղբյուրը`   Տարոն Սիմոնյան