«Ծրագրերը խայտառակ ձևով ձգձգվում են». Ոսկան Սարգսյան
183
Երեկ, 17:36
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ծրագրերը խայտառակ ձևով ձգձգվում, հետաձգվում են Դեկտեմբերի 25-ին կայացած Տավուշի մարզի խորհրդի տարեվերջյան ամփոփիչ նիստում Տավուշի մարզպետ, մարզի խորհրդի նախագահ Հայկ Ղալումյանը ներկայացրել է 2024 թվականին մարզում կատարված աշխատանքները։ Նա հայտարարել է, որ 2023 թվականի համար վերջնական հաստատված 4,4 մլրդ. դրամ արժեքով 17 սուբվենցիոն ծրագրերից (ասֆալտապատում, ոռոգման համակարգերի արդիականացում, ջրամատակարարում և ջրահեռացում, պուրակների բարեկարգում, տեխնիկայի ձեռքբերում, ԲԲՇ-ների տանիքների հիմնանորոգում, փողոցների տուֆապատում, կանգառների կառուցում) 8 ծրագիր տեղափոխվել է 2024 թվական: 2024 թ-ին վերջնական հաստատվել է 20 սուբվենցիոն ծրագիր 5,9 մլրդ. դրամ արժեքով, որից 4-ը ավարտվել է ամբողջությամբ, 8 ծրագիր՝ մասամբ, իսկ 8 ծրագիր գտնվում է տարբեր փուլերում: Հավելենք, որ Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Դովեղ գյուղի դպրոցի շինարարությունը սկսվել է 2022թ.-ի վերջին, շինարարության ավարտի ժամկետի երկարաձգումից հետո, այն պետք է ավարտվեր 2024 թվականի հունիսի կեսին։ Աշխատանքների մոտ 30 տոկոսն է արված, այժմ շինաշխատանքներ չեն ընթանում։ 2021թվականի սեպտեմբերից, ավելի քան 3 տարի Իջևան համայնքի Գանձաքար գյուղի միջնակարգ դպրոցի 465 աշակերտները դասեր են անում գյուղի մշակույթի տանը և փոստային բաժանմունքի շենքի 2-րդ հարկում՝ մասնավոր անձին պատկանող տարածքում, հարմարեցված դասասենյակներում։ Փոստային բաժանմունքի շենքի 2-րդ հարկի տարածքի համար Գանձաքարի դպրոցը մասնավոր անձին ամեն ամիս վճարում է 150 հազար դրամ։ Գանձաքարի դպրոցի շենքի շինարարության համար հատկացվել է 1 միլիարդ 882 միլիոն դրամ, շինարարությունն իրականացնում է Էրեբունու նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանի որդու՝ Դավիթ Սեդրակյանի «Բիդեք» ընկերությունը։ Դպրոցի շենքը պետք է շահագործման հանձնվեր 2023 թվականի ամռանը, սակայն շինարարության ավարտի ժամկետը հետաձգվել է մինչև 2024 թվականի հունիս։ Ի պատասխան լրագրողական հարցմանս, այս տարվա սեպտեմբերին Տավուշի մարզպետարանից հայտնել են․ «Գանձաքարի դպրոցի շենքի շինարարությունն ավարտված է։ Առաջիկայում կավարտվի դպրոց մոտեցող ճանապարհահատվածի հիմնանորոգումը, որից հետո դպրոցը կշահագործվի»։ Տարին ավարտվում է, սակայն Գանձաքարի դպրոցի շենքը շահագործման չի հանձնվել»: