Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 23 դեկտեմբերի, 2024 թ.

«Փաշինյանի որդեգրած բլոգեր իմիջը կարճաժամկետ էֆեկտ ունի». Վլադիմիր Մարտիրոսյան

105
Երեքշաբթի, 17 դեկտեմբերի, 2024 թ., 17:24
«Փաշինյանի որդեգրած բլոգեր իմիջը կարճաժամկետ էֆեկտ ունի». Վլադիմիր Մարտիրոսյան

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մինչ շատերը (այդ թվում ընդդիմադիր որոշ շրջանակներ) շարունակում են համառությամբ խոսել Փաշինյանի իշխանության ամրության և առայժմ անայլընտրանքության մասին և այդ մեթոդով նաև որոշ հիմնավորումներ տալով իրենց քաղաքական գործելաոճին, շարունակում եմ հիմնավորել և պնդել, որ ինչպես յուրաքանչյուր կիսաավտոկրատ լիդեր Փաշինյանը նույնպես թևակոխել է իր իշխանության ամենախոցելի և տուրբուլենտ փուլ: Այս փուլում նա բախվել է իր համակարգի, իր կոնցեպտների, մանիպուլյացիաների սպառման և վերարտադրության սնանկության հետ, որը կոչվում է ներքին քաղաքական ճգնաժամ:
Այս երևույթը ներքին կոնյուկտուրային խոտանների ու անորակ համակարգի արդյունք է, ոչ թե արտաքին հանրային մտածողության կառավարման և մանիպուլյացիայի ենթակա օրակարգ: Սա է նաև պատճառը, որ էստեղ՝ ներքին փակ համակարգի դեֆեկտները նույն գործիքներով շտկել չի հաջողվում: Ավտոկրատներին դա հաջողվում է, երբ նրանք ունեն որակյալ և էֆեկտիվ բյուրոկրատական համակարգ և շահերով փոխկապակցված քաղաքական թիմ: Փաշինյանի պարագայում ոչ մեկը և ոչ էլ մյուսը պարզապես գոյություն չունեն: Վարչաբյուրոկրատական համակարգը մղոններով հեռու է պրոֆեսիոնալիզմից, իսկ քաղաքական թիմն ավելի հակադրվող շահեր ունի քան փոխկապակցված:
Որքան Փաշինյանը փորձում է կոծկել իր կադրային, պատգամավորական հենարանում և համակարգում տեղ գտած, գտնող և դեռ գտնվելիք խորը դեֆեկտներն ու մեծ հաշվով դեֆորմացիաները հանրային աչքերից ու ականջներից դրանք ավելի մեծ թափով են դառնում ակնառու և տեսանելի: Որքան փորձում է բացառել արտահոսքերն այդ դեֆորմացված համակարգի խոտանների մասին, այդքան շատանում են արտահոսքեր տվողները ներքին համակարգի, նիստերի, թիմի ներքին ահերի ու վախերի, գզվրտոցի մասին: Այդ փակ համակարգում հավաքված գազն այն աստիճանի է խտացված, որ Փաշինյանը ստիպված է այլևս ռեպրեսիվ մեթոդներով զսպել պայթյունը, որը կարող է քանդուքարափ անել ողջ կոնյուկտուրան և ձնագնդի էֆեկտն այլևս կանգնեցնել հնարավոր չլինի:
Բնական է, որ սեփական ընտրազանգվածի զբաղեցման համար Փաշինյանի որդեգրած վլոգեր, բլոգեր իմիջը կարճաժամկետ էֆեկտ ունի: Իսկ նրա ընտրազանգվածը վլոգեր, բլոգերի և էպոտաժի ավելի տաղանդավոր հասցե ունի, որին Փաշինյանը երբեք չի հասնի, ոչ կատարողականով և ոչ էլ տաղանդով: Կարճաժամկետ կտրվածքով նրա այսպիսի դերակատարությունը սկզբում է հետաքրքիր, իսկ հետո դառնում է հոգնեցնող, իսկ ավելի ուշ վանող, քանի որ կոնտենտը նույնական է, որքան էլ մեջը չափավոր էպոտաժ մտնի:
Արդյունքում Փաշինյանը կանգնած է հետևյալ ռեբուսի առջև՝ գնալ արտահերթի այս թիմով ու ռեսուրսով , թե՞ նոր կադրային և մարդկային ռեսուրսի ներգրավմամբ զբաղվել մինչ գան հերթական ընտրությունները: Այս երկընտրանքի դեֆեկտները նա ևս հստակ հասկանում է և լուծում չի գտնում: Սա է նաև նրա մեդիա ակտիվության հիմնական պատճառն ու իր ուսերի վրա իր վերարտադրության մեծ բեռը վերցնելու կոնցեպտը:
Համոզված եմ, որ այս ճգնաժամը նրան լուծել չի հաջողվելու առանց ավելի կարծր ավտորիտար համակարգ ստեղծելու: Համոզված եմ, որ այդ կարծր ավտորիտար համակարգը կառավարելի պահել ևս չի կարողանալու, որովհետև իր բնույթով և կառավարելիության տեսակյունից դա բարդագույն համակարգ է, ինչի ռեսուրսը ինչպես նշեցի վերևում նա չունի:
Միակ լուծումը, որը նա գտել է իշխանության երկարաձգման համար դա տոտալիտար աղանդի կառավարման մեթոդաբանությամբ տոտալիտար քաղաքական աղանդավորականության հիմնումն է, ինչն անելու հենց սկզբում արդեն բախվել է խորը խնդիրների:
P.S. Խոփդ մի ուրիշ քարի է դեմ առել»: