«Հայաստանի՝ Ադրբեջանի հետ մոտալուտ պատերազմն ունի նաև աշխարհագրական դրդապատճառներ». Էդուարդ Աբրահամյան
130
Երկուշաբթի, 16 դեկտեմբերի, 2024 թ., 19:54
Միջազգային հարաբերությունների դոկտոր Էդուարդ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Միջազգային հարաբերություններում աշխարհագրության ուժն ու նշանակությունը․ Եթե միջազգային հարաբերությունների արտարժույթը ուժն է, ապա աշխարհագրությունը միջազգային հարաբերությունների առաջնային փաստարկն է, որը ժամանակակից պետությունների միջև պատերազմների ֆորմալ պատճառ կամ թաքնված բացատրություն կարող է հանդիսանալ։ Հայաստանի Հանրապետության քաղաքական-պետական պայմանական սահմանները Ադրբեջանի հետ աշխարհագրական սահմաններ չեն։ Ի տաբրերություն Թուրքիայի և Իրանի, որոնց հետ սահմանները ունեն դեմոգրաֆիկ և հիմնականում աշխարհագրական հստակ բաժանվածություն, նման իրավիճակ Ադրբեջանի հետ հատկապես Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելքում և հարավում ու հարավ-արևելքում առկա չէ։ Մոսկվայի կողմից 1920-ականներին կամայականորեն գծված Հայաստանի ՍՍՀ ադմինիստրատիվ սահմանագերը կազմված ու նախատեսված չեն եղել անկախ/սուվերեն ու կենսունակ պետության համար՝ Ադրբեջանից ենթակառուցվածքային ու աշխարհագրական ստորադասվածության և ենթարկվածության (կախվածության) և խորը խոցելիության տրամաբանություն հաղորդելով։ Ուստի, բացի ռեսուրսային ու գաղափարական դրդապատճառներից, Հայաստանի Հանրապետության՝ Ադրբեջանի հետ մոտալուտ պատերազմը ունի նաև աշխարհագրական դրդապատճառներ։ Վայոց Ձորն ու Սյունիքը աշխարհագրոնեն Նախիջևանի և մեծ Արցախի (Արևելյան Զանգեզուրի) օրգանիկ աշխարհագրական շարունակությունն են՝ առանց որևէ հստակ ռելիեֆային բաժանարար գծերի և կտրտվածության։ Սեպտեմբեր 2020 թ․ դրությամբ, երբ Արցախը՝ իր Մռավի լեռնաշղթայով մինչև Արաքսի հովիտ և Քարվաճառ-Քաշաթաղյան լեռներից մինչև Քուրի հարավային հատվածի Ակնայի և Վարանդայի հարթավայր, Հայաստանի Հանրապետության համար հիմնականում ձևավորում էր այդ հստակ աշխարհագրական բաժանարար գիծը Ադրբեջանի հետ՝ Երևանին տալով աշխարհագրական, ենթակառուցվածքային, ռազմա-քաղաքական, ռեսուրսային ինքնաբավություն ու օպերատիվ խորություն՝ ռելիեֆի, բնական սահմանների և հայ ազգաբնակչության բաշխվածության լայն շառավիղի հաշվին։ Ամենակարևորը՝ մեծ Արցախի տիրապետումը Երևանի կողմից հեռացնում էր ադրբեջանական Նախիջևան էքսկլավը Ադրբեջանի հիմնական տարածքից այնքանով, որ աշխարհագրական տեսանկյունից Վայոց Ձորի և Սյունիքի հանդեպ Ադրբեջանի կողմից էական ուժային սպառնալիք կամ ֆիզիկական ու դեմոգրաֆիկ գերակայություն հնարավոր չլիներ պրոյեկտել։ Ավելին, Հայաստանի Հանրապետության այդ աշխարհագրական դիրքավորումը հետագայում հնարավորություն էր տալիս Երևանին Նախիջևանի նկատմամբ վարել խելամիտ «աշխարհաքաղաքական ստվերման» քաղաքականություն։ Հիմա՝ իրավիճակն ուղղիղ հակառակն է։ Ներկայիս աշխարհագրական կոնֆիգուրացիան ուղղակի թելադրում է Ադրբեջանին իր էքսկլավ Նախիջևանը միացնել իր «մայրցամաքային» հատվածին, ինչը ուշ թե շուտ տեղի է ունենալու, քանի որ Ադրբեջանի վարքագիծը վաղուց արդեն բացատրելի և նույնիսկ կանխատեսելի է միջազգային հարաբերությունների դասական տեսությունների կանոնների շրջանակներում։ Նեո-ռեալիզմի պրիզմայով եթե նայենք, ապա Նախիջևանի էքսկլավը Բաքուն խոցելիությունից հիմա վերածել է առավելության՝ Երևանի ու Հայաստանի հարավի համար սպառնալիք առաջացնելով նաև «թիկունքից»։ Հետևաբար, Վայոց Ձորի և Սյունիքի գրավումն, ինչպես նաև Սևանի ջրերին մասամբ տիրանալը բխում է Ադրբեջանի ռազմավարական շահերից՝ երկարաժամկետ ապագայում երկրի հուսալի զարգացման, խոցելիությունների թուլացման և ազգային հակառակորդ հայերին/Հայաստանին վերջնական ենթարկեցման և ապագայում գործոն դառնալու պոտենցիալի ու շանսերի իսպառ վերացման։ Գիտակցելով քաղաքական աշխարհագրության գործոնը՝ Բաքուն հետևողականորեն պատրաստվում է որոշիչ գործողությունների՝ ակտիվորեն պատրաստվելով և ստեղծելով դրա նախադրյալները։ Երևանի կողմից Գորիս-Կապան-Ճակատեն ռազմավարական ճանապարհի հանձնումը, Ադրբեջանի 2021, 2022, 2023 թվականների գործողությունները, 2024-ի Հայաստանից Տավուշում միակողմանի ռազմավարական դիրքերի ձեռքբերումը և հայկական բնակավայրերի ու ռազմավարական ենթակառուցվածքների հանդեպ վիզուալ կամ կրակային վերահսկողության հաստատումը, բոլորը խոսում են այն մասին, որ Հայաստանի Հանրապետության ամենամեծ խոցելիություն իր խիստ անբարենպաստ աշխարհագրությունն է՝ Արցախի կորստից հետո, որից Ադրբեջանը մաքսիմալ օգտվելու է մինչև Հայաստանի Հանրապետության ավարտը։ Ավելին, Արևմտյան Ադրբեջանի նարրատիվի ու դրա վերաբերյալ համազգային պատմական հիշողություն ձևավորումը ադրբեջանական հասարակության շրջանում՝ ունի հետագա ռազմական միջոցառման համար շահագործելու հստակ նպատակ։ Ավելին, Հայաստանի Հանրապետությանը որպես իր մեղքերն ընդունող «օկուպանտ-ագրեսոր» երկրի հանդեպ սուվերենության սահմանափակման միջազգային մակարդակով արշավը ծառայում են մեկ ընդհանուր մտահաղացմանը՝ պրոյեկտել ուժ և ազդեցություն Հայաստանի Հանրապետության նկատմամբ, վերջնական քայքայել այն և հիմքեր ստեղծել նախ սահմանափակ ինտերվենցիաների և հետո արդեն պայմանական սահմանների փոփոխության համար։ Կառուցվածքային ռեալիզմի տեսանկյունից եթե դիտարկենք, հասկանալով, թե ինչ է մեզ հուշում քաղաքական աշխարհագրության կոնցեպտը, Հայաստանի Հանրապետության ռազմավարական շահը թելադրում է վերահսկել Արցախն իր Արևելյան Զանգեզուրով և Արաքսի հովտով՝ ու եթե ուժի հետևողական կուտակումն ու իրավիճակը թույլ տա՝ նաև Նախիջևանը։ Ռազմավարական նպատակ, որն էականորեն կբարձրացներ Հայաստանի աշխարհաքաղաքական նշանակությունն ու դերակատարությունը տարածաշրջանային և գլոբալ քաղաքականության մեջ։ Եվ ամենակարևորը, դա միակ ճանապարհն է բալանսավորել Ադրբեջանին և ռազմնավարապես զսպել նրա տարածաշրջանային հավակնությունները՝ երաշխավորելով Հայաստանի Հանրապետության ապագան որպես անվտանգ, ինքնաբավ ու ինքնատիպ ազգային պետություն-գործոն։ Նույնպես էլ Ադրբեջանի ռազմավարական շահը պահանջում է իր աշխարհագրության մաս դարձնել Վայոց Ձորը, Սյունիքը և ունենալ գոնե մասնակի ելք դեպի Սևանի ջրեր՝ բավարարելով իր մեծացող ջրային պահանջները և վերջնականապես հաստատվել՝ որպես տարածաշրջանի սուբ-հեգեմոն դերակատար, որը որոշ չափով մասնակցում է աշխարհաքաղաքական նոր խաղի կանոնների ստեղծմանը բարդ հակամարտային դարաշրջանում»։