«Թուրքիայի այսօրվա քաղաքականությունն ավելի լայն է ու բազմաչափ, քան զուտ պանթյուրքիզմը»․ Կարեն Վրթանեսյան
98
Երկուշաբթի, 16 դեկտեմբերի, 2024 թ., 17:48
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին միջոցառումից (շաբաթ օրն էր, ՀՅԴ-ն էր կազմակերպել) մի թեմայի անդրադառնամ. մեր քաղաքագիտական շրջանակներում պանթյուրքիզմի ընկալումներին։ Այս հարցում ես համակարծիք եմ Կիրո Մանոյանին, որ ոչ թե Թուրքիայի ծավալապաշտական ագրեսիվ քաղաքականությունն է բխում պանթյուրքիզմից, այլ պանթյուրքիզմն է բխում Թուրքիայի ագրեսիվ ծավալապաշտական քաղականությունից։ Պանթյուրքիզմը գործիք է։ Ավելի ճիշտ՝ գործիքներից միայն մեկը։ Տեսե՛ք... Երբ պետք է ազդել հետխորհրդային տարածքի, Իրանի և Իրաքի թյուրքալեզու բնակչության վրա, թուրքերն օգտագործում են պանթյուրքիստական և մասամբ էլ պանթուրանիստական գաղափարները։ Երբ պետք է աշխատել սունիների հետ (ոչ միայն թյուրքախոս), միանգամից հիշում են Օսմանյան կայսրությունն ու խալիֆաթը, սուլթանին։ Ընդհանրապես մուսուլմանների հետ աշխատելիս էլ առաջ են մղում պանիսլամական գաղափարները, միաժամանակ Եվրոպային և ԱՄՆ-ին ներկայանալով որպես չափավոր իսլամի կողմնակիցներ (ինչը սակայն չէր խանգարում Էրդողանին աջակցելու Սիրիայում գործող ծայրահեղական խմբավորումներին)։ Իսկ Թուրքիայից Եվրոպա գաղթած թուրքերի հետ Էրդողանն աշխատում է ոչ միայն սունիական, այլև պահպանողական օրակարգերով (ավանդական ընտանիք ևն)։ Պահպանողականության, ինչպես նաև հակարևմտականության և եվրասիականության գաղափարները շահագործելով թուրքերն աշխատում են նաև Ռուսաստանի հետ, Դուգինի պես շառլատանների միջոցով։ Հակարևմտականության (անտիկոլոնիալիզմի փաթեթավորմամբ) գաղափարներով Թուրքիան աշխատում է նաև Աֆրիկայում։ Ի դեպ, երբ Էրդողանը նոր էր եկել իշխանության և զբաղված էր բանակը ջախջախելով, նա եվրոպական աջակցությունն ունենալու համար ներկայանում էր որպես ժողովրդավարության ջատագով։ Ինչու եմ այս ամենը թվարկում. փաստ է, որ պանթյուրքիզմը Թուրքիայի գործիքներից մեկն է միայն և հաստատ իր քաղաքականության առանցքը չէ։ Իշխանությունը պահելու համար եթե պետք լինի, Էրդողանը կոմունիստ էլ կդառնա։ Ինչպես մի պահ Քեմալն էր հայ-հայա բոլշևիկ դառնում... Մի խոսքով, ասածս հետևյալն է. Թուրքիայի այսօրվա քաղաքականությունը շատ-շատ-շատ ավելի լայն է ու բազմաչափ, քան զուտ պանթյուրքիզմը»։