«Դիլիջանում դիլիջանցիների համար հող չկա». Ոսկան Սարգսյան
109
Հինգշաբթի, 05 դեկտեմբերի, 2024 թ., 14:24
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դիլիջանում դիլիջանցիների համար հող չկա, Բաղրամյանի գրանցումով Երևանի բնակչի համար՝ կա Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2021թ․ փետրվարի 26-ին Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված, Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը հարազատ եղբորը՝ Սասուն Սարգսյանին շուկայականից ցածր գներով հողամաս օտարելու համար Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տուգանվել է 300 հազար դրամով: Դիլիջան քաղաքի բնակիչները լրագրողիս հայտնեցին, որ երբ իրենք օբյեկտ կառուցելու համար հողամաս տրամադրելու խնդրանքով դիմում են Դավիթ Սարգսյանին, համայնքի ղեկավարը ասում է, որ Դիլիջանում ազատ հողեր չկան։ Սակայն համայնքապետը շարունակում է կասկածելի ձևով հողեր տրամադրել Երևանի, Վանաձորի, Վարդենիսի, Իջևանի և Հայաստանի այլ բնակավայրերի բնակիչներին։ Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքից տեղեկանում եմ, որ Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի 2024թ. սեպտեմբերի 30-ի թիվ 1050-Ա որոշմամբ, 2024թ. նոյեմբերի 01-ին կառուցապատման իրավունքի մրցույթի է ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի հողերից 275․3քմ հողամասը / ԼՈՏ-13(ՔԿ-24), ք. Դիլիջան, Բարեկամության փողոց, թիվ 5 /, մինչև 2060թ. դեկտեմբերի 31-ը ժամկետով, հասարակական նշանակության օբյեկտի կառուցման նպատակով, 82.590 դրամ տարեկան վճարի մեկնարկային գնով: Կայացած մրցույթում 82.590 դրամ տարեկան վճարի առավելագույն գնով հաղթել է Արտաշատ համայնքի, Բաղրամյան գյուղի, Բաղրամյան փողոց, թիվ 11 տան բնակիչ Թադևոս Ղամբարյանը, որի մասին մրցութային հանձնաժողովի կողմից կազմվել է թիվ 2 արձանագրությունը: Դավիթ Սարգսյանը նոյեմբերի 4-ին որոշել է հաստատել Դիլիջան համայնքի հողամասերը վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրող մրցութային հանձնաժողովի թիվ 2 արձանագրությունը և Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի հողերից 275․3քմ հողամասը, ք. Դիլիջան, Բարեկամության փողոց, թիվ 5, հասարակական նշանակության օբյեկտի կառուցման նպատակով, մինչև 2060թ. դեկտեմբերի 31-ը ժամկետով, կառուցապատման իրավունքով տրամադրել Արտաշատ համայնքի, Բաղրամյան գյուղի, Բաղրամյան փողոց, թիվ 11 տան բնակիչ Թադևոս Ղամբարյանին, հողամասի տարեկան վճար սահմանել 82.590 դրամը: Փորձեցի պարզել, թե ով է Թադևոս Ղամբարյանը, Բաղրամյան բնակավայրից ասացին,որ նա վաղուց գյուղում չի բնակվում, այլ՝ Երևանում։ ԿԸՀ կայքում, Հայաստանի ընտրողների ցուցակում նրա մասին տվյալներ չկան։ Դիլիջանում կոռուպցիա չկա, ապագա կա, կա»: