Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 նոյեմբերի, 2024 թ.

Գյումրիում արդեն գիտեն, թե ով է հաղթելու Փաշինյանի «փրայմըրիզը»․ «Հրապարակ»

68
Այսօր, 09:36
Գյումրիում արդեն գիտեն, թե ով է հաղթելու Փաշինյանի «փրայմըրիզը»․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Նիկոլ Փաշինյանը, որ վերջին շաբաթներին կադրային ջարդ է իրականացնում թիմում՝ անգամ Սահմանադրությունը ոտնահարելու գնով, նախօրեի ուշ երեկոյան նոր անակնկալ հայտարարություն արեց, թե Գյումրու համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի համար մրցույթ կամ, ինչպես ինքն ասաց, փրայմըրիզ է հայտարարում։ Թիմում չարախնդում են՝ հնարավոր պատասխանատվության դեպքում ինքը կոլեկտիվ պատասխանատվությունն է նախընտրում, մյուս դեպքերում «կինոյի տղա» է խաղում։

«Փրայմըրիզը՝ նախնական ընտրությունները, տեղի կունենան դեկտեմբերի 8-ին, 9-ին,10-ին»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: «Մենք կխնդրենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների, ՔՊ կուսակցության համակիրների, ՔՊ կուսակցության համախոհների շրջանակից, որպեսզի առաջադրվեն կամ ինքնառաջադրվեն թեկնածուներ, այդ թեկնածուներին քաղաքական որոշակի չափանիշներով կգրանցենք, ոմանց գրանցումը հնարավոր է մերժենք, աստեղ զուտ քաղաքական հայեցողության չափանիշ է գործելու»։

Թե ովքեր և ինչպես են դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին կայանալիք նախնական այդ «ընտրություններում» ընտրելու Գյումրու ժամանակավոր քաղաքապետին՝ Փաշինյանը փակագծեր չբացեց, ասաց միայն՝ գյումրեցիները պատահականության սկզբունքով կմասնակցեն այդ ընտրություններին, թե ինչպես է այդ պատահականությունը որոշվելու, դրա մասին էլ՝ ոչ մի խոսք։ Փաշինյանի խոսքով՝ Գյումրիում ստեղծված քաղաքական ճգնաժամը լուծելու համար ինքը ստիպված է քաղաքապետի պաշտոնակատար նշանակել, բայց դրա համար նախ պետք է օրենքը փոխել, ինչից հետո արդեն կանցկացնեն նախնական ընտրություններ։

Հայաստանի հայրաքաղաքում իշխող Բալասանյան դաշինքն անցած ամիս ամբողջ կազմով, այդ թվում՝ քաղաքապետը եւ ավագանու անդամները, հրաժարական տվեց, մանդատները վայր դրեցին՝ ի պատասխան իշխանության կողմից քրեաիրավական ճնշումների, ինչից հետո Գյումրիում ճգնաժամային իրավիճակ ստեղծվեց։ Քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի ընտրության անհաջող փորձերից ու նարկոլոգիական ոդիսականից հետո ի վերջո Փաշինյանը կանգ առավ «փրայմըրիզի» տարբերակի վրա: Իշխանությունը դեռ նոյեմբերի կեսերին հայտարարում էր, թե հանրապետության երկրորդ քաղաքում գնում են արտահերթ ընտրության, իսկ ԱԺ նախագահն էլ հայտարարեց, որ Գյումրիում իրենց քաղաքապետի թեկնածուն պատգամավոր Կարեն Սարուխանյանն է, բայց Գյումրիում անցկացված սոցհարցումներից հետո, մեր տեղեկություններով, բացահայտել են, որ եթե առաջիկա շրջանում գնան ընտրության, ապա «հեղափոխությունը», որ վեց տարի առաջ ծնունդ առավ Գյումրուց, Գյումրիում էլ կարող է վախճանվել՝ իշխանության ջախջախիչ պարտությամբ, մանավանդ՝ եթե թեկնածուն էլ լինի Սարուխանյանը, որի՝ թմրանյութի թեստ հանձնելու պատմությունը բացահայտեց այս իշխանության թշվառ վիճակը։

Օրենքի եւ Սահմանադրության վրա թքած ունեցող իշխանությունում հանկարծ պարզեցին, որ արտահերթ ընտրություններ նշանակելու հնարավորություն օրենքը չի ընձեռում, քանի որ չկա գործող համայնքապետ կամ համայնքապետի տեղակալ, այսինքն՝ նիստ հրավիրողն ու ընտրություններ նշանակողը չկա, ուստի պետք է փոխել օրենքը, որ կառավարությունը ստանա պաշտոնակատար նշանակելու իրավունք, ապա նոր ընտրությունների օր նշանակվի։ Իրականում իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ստում է, և այս ամբողջ բեմականացումը մեկ նպատակ է հետապնդում՝ վարչական լծակները պաշտոնակատարի ձեռքում կենտրոնացնել և Գյումրու քաղաքապետի ընտրություններում ամեն գնով հաղթել։ Այսինքն՝ պաշտոնակատար կնշանակեն ՔՊ-ից մեկին, որը մի քանի ամիս քաղաքի համար ինչ-որ գործ կանի, կերեւա, ընտրողի աչքը կհաշտեցնի իր՝ քաղաքապետ աշխատելու մտքի հետ եւ ադմինիստրատիվ լծակներով կընտրվի։ Այնինչ կարող էին օրենքն այնպես փոխել, որ միանգամից հնարավոր լիներ արտահերթ ընտրությունների գնալ։

Երեկ մեր այս դիտարկում-հարցադրումներին ՔՊ փոխնախագահ Գեւորգ Պապոյանը համառորեն չպատասխանեց՝ միայն միալար կրկնում էր, որ գնալու են արտահերթ ընտրությունների, և գյումրեցին է ընտրելու առաջիկա հինգ տարվա իշխանություններին։ Ավելին, մի քանի անգամ հարցրինք՝ այդ ո՞ր իրավաբաններն են պնդել, որ առանց համայնքապետի ԺՊ նշանակելու հնարավոր չէ արտահերթ ընտրություններ անել, խնդրեցինք անուններ հնչեցնել, սակայն նախարարը շրջանցեց հարցը։

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը պնդում է՝ առանց ԺՊ նշանակելու կարելի է շարունակել համայնքի ղեկավարումը եւ իրականացնել արտահերթ ընտրություններ։ Նա հիշեցնում է, որ թեպետ Ընտրական օրենսգրքով սահմանվում է, որ համայնքի ղեկավարն ընտրություններ կազմակերպելու հարցով որոշակի ֆունկցիաներ ունի, օրինակ՝ անվճար պաստառների թույլտվություն տալու, ընտրատեղամասերը կահավորելու եւ այլնի մասով, բայցեւայնպես, անգրագիտություն է պնդելը, թե համայնքի ղեկավարի բացակայության դեպքում հնարավոր չէ այդ ամենն անել: Առաքելյանի խոսքով՝ եթե կա օրենքում ինչ-որ բան փոխելու կարիք, դա ոչ թե ՏԻՄ օրենքում է, որ ԺՊ կարողանան նշանակել, այլ՝ Ընտրական օրենսգրքում, որպեսզի համայնքի ղեկավարի լիազորությունները փոխանցեն, դիցուք՝ ընտրատարածքային հանձնաժողովի նախագահին։

«Աբսուրդ է, որ հիմա փորձում են համայնքի ղեկավարի բացակայությանն իրավական լուծում տալ: Եթե ԸՕ-ում կա խնդիր, ապա պետք է փոփոխություն անել ԸՕ-ում եւ թողնել նույն ռեժիմը, ինչը գործում է, այսինքն՝ նախորդ ընտրությունների կարգավորումներով շարունակել, օրինակ, ենթադրենք, համայնքում բյուջե չի ընդունվում, նախորդ տարվա հաստատած բյուջեով պետք է աշխատել։ Իսկ ներկայացվող առաջարկն ընդամենը իշխանությունը զավթելու նպատակ է հետապնդում։ Գյումրին ունի ավագանի, որն օրենքով սահմանված լիազորություններ ունի, կարող է որոշումներ կայացնել, որոշումների կատարման մասով էլ պատասխանատուներ նշանակել, եթե անգամ համայնքապետ չկա, կարող է, դիցուք՝ լիազորել ֆինանսների բաժնի ղեկավարին կամ այլ պաշտոնյայի՝ ընդունված որոշումները կատարել։ Հետեւաբար, բացի այն, որ Փաշինյանը փորձում է հերթական համայնքում իշխանությունը զավթել՝ օրենքը փոխելու ճանապարհով, այլ բացատրություն չկա»,- ասաց Առաքելյանը եւ հիշեցրեց, որ ավագանին երկու անգամ համայնքապետ չի ընտրել, ուստի կան բոլոր հիմքերը՝ նոր ընտրություն նշանակելու, իրենց հաշվարկով՝ դեկտեմբերի 29-ին կարելի է ընտրություն անցկացնել։

Ի դեպ, խոսակցությունների համաձայն, իշխանության հայտարարած «փրայմըրիզին» մասնակցելու մտադրություն ունեն Հայաստանի տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյանը, ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը, Աննա Հակոբյանի բարեկամ Վահագն Մկրտչյանը և այլք: Իսկ ՔՊ-ում մինչ «նախնական ընտրություններն» արդեն խոսում են, որ Մկրտչյանն է Փաշինյանի «սրտի թեկնածուն»»։