Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 դեկտեմբերի, 2024 թ.

«Քաոս՝ «Էրեբունի» թանգարանում». Վահե Սարգսյան

241
Երեքշաբթի, 12 նոյեմբերի, 2024 թ., 13:42
«Քաոս՝ «Էրեբունի» թանգարանում». Վահե Սարգսյան

Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Անգլուխ» վիճակ և քաոս՝ «Էրեբունի» թանգարանում. չկա տնօրեն, փոխտնօրեն և ժ/պ
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում տևական ժամանակ է, ինչ ստեղծվել է նախադեպը չունեցող իրավիճակ. ռազմավարական կարևորագույն նշանակություն և միջազգային լայն ճանաչում ունեցող այս հաստատությունը, որը, կարելի է ասել, Հայաստանի այցեքարտերից մեկն է, ներկայումս չունի ո՛չ տնօրեն, ո՛չ փոխտնօրեն, ո՛չ էլ անգամ տնօրենի կամ փոխտնօրենի ժամանակավոր պաշտոնակատարներ: Կարճ ասած՝ արգելոց-թանգարանում տոտալ անտերություն է տիրում, ինչի մասին մեզ ահազանգել են թե՛ զբոսաշրջային ընկերություններից՝ էքսկուրսավարներ և ուղեկցող անձինք, թե՛ կրթական հաստատություններից՝ ուսուցիչներ, դասղեկներ և այլք, թե՛ պարզ այցելուներ կամ արգելոց-թանգարան այս կամ այն առիթով զանգահարողներ: Վերջիններս միաբերան ասում են՝ չկա մեկը, որը կարող է պատասխանել իրենց հարցերին, ընթացք կտա դիմում-բողոքներին կամ առաջարկներին:
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի նախկին տնօրեն, հայտնի հնագետ, ուրարտագետ Միքայել Բադալյանը, ում օրոք թանգարանն աննախադեպ առաջընթաց ապրեց, հիմնարկից հեռացավ ս.թ. մայիսին, երբ լրացավ վերջինիս աշխատանքային պայմանագրի ժամկետը, որն ինչ֊ինչ պատճառներով չերկարացվեց։
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը չունի նաև փոխտնօրեն, քանի որ նախկին փոխտնօրեն Վահե Սարգսյանը, ով այդ պաշտոնին էր մինչ ս.թ. մայիս ամիսը, իսկ մայիսից-հոկտեմբեր հանդիսանում էր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, կրկին ինչ-ինչ պատճառներով դուրս է եկել արգելոց-թանգարանից:
Yerkir.am-ի տեղեկություններով՝ արգելոց-թանգարանի աշխատակիցները մինչ օրս անգամ չեն ստացել հոկտեմբեր ամսվա աշխատավարձը, ինչը սովորաբար փոխանցվել է յուրաքանրյուր ամսվա սկզբին: Պատճառը կրկին արգելոց-թանգարանում տիրող «անգլուխ» վիճակն է:
Փաստորեն, հայ ժողովրդի մշակութային ժառանգության անգնահատելի մասը կազմող Արարատյան (Ուրարտական) թագավորության ժամանակաշրջանի ողջ նյութական-հոգևոր ժառանգությունը ներկայացնող, Երևանի անձնագիրը համարվող, ՀՀ մայրաքաղաքը աշխարհի հնագույն քաղաքների ու քաղաքակրթությունների շարքին դասող «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում այսօր ուղղակի չկա որևէ մեկը, որը պատասխանատվություն կարող է կրել որևէ արտակարգ իրադրության՝ հրդեհի, վթարի, ինչու չէ, նաև հնարավոր վանդալիզմի, գողության, թալանի կամ չարաշահումների համար: Ավելին, այս քաոտիկ վիճակում է ոչ միայն բուն «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը, այլև նրա երկու մասնաճյուղերը՝ Կարմիր բլուր և Շենգավիթ հնավայր-թանգարանները: Եվ դա այն դեպքում, երբ համաշխարհային զբոսաշրջության, պատմագիտության, հնագիտության և մշակութաբանության կիզակետում գտնվող այս հաստատությունում տնօրենի ամենօրյա տքնաջան աշխատանքի ու բազմազան ծրագրերի, աշխարհին ներկայանալու և հայոց քաղաքակրթական արժեքները ներկայացնելու կարիք կա, ինչը և արվում էր մինչ այս մղձավանջն ու քաոսը:
Իսկ այս ամենը հիշեցնում է հայտնի խոսքերը. ամեն ինչ ավերված է, այստեղ ևս Փաշինյանի իշխանության ձեռքերն են հասել»:

Աղբյուրը`   Վահե Սարգսյան