Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 24 նոյեմբերի, 2024 թ.

Թբիլիսի ժամանած Վիկտոր Օրբանի հասցեին ընդդիմության կողմնակիցները սուլել են

504
Երկուշաբթի, 28 հոկտեմբերի, 2024 թ., 20:36
Թբիլիսի ժամանած Վիկտոր Օրբանի հասցեին ընդդիմության կողմնակիցները սուլել են

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան։
Հաղորդվում է, որ Օրբանը հանդիպում կունենա Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ: Նախատեսվում են նաև ընդլայնված կազմով հանդիպումներ։ Հունգարիայի պատվիրակության կազմում են նաև երկրի արտգործնախարար Պետեր Սիյարտոն, տնտեսական զարգացման նախարար Մարտոն Նագին, ֆինանսների նախարար Միհալի Վարգան, պետքարտուղար Յանոշ Նագին և այլ պաշտոնյաներ։ Հունգարիայի վարչապետի այցը կտևի երկու օր։ Օրբանն առաջին եվրոպացի առաջնորդն է, ով շնորհավորել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությանը հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։
Ընդդիմության կողմնակիցները սուլել են Հունգարիայի վարչապետին։ Միջադեպը տեղի է ունեցել Թբիլիսիի «Մարիոթ» հյուրանոցում, որը գտնվում է Ռուսթավելի պողոտայում, որտեղ միաժամանակ տեղի է ունենում խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ հանրահավաք։ Օրբանը դուրս է եկել հյուրանոցից և շարժվել դեպի իր մեքենան, երբ նրա հասցեին սուլոցներ ու անպարկեշտ խոսքեր են հնչել։ Ավելի ուշ Հունգարիայի վարչապետի ավտոշարասյունը անվտանգության ուղեկցությամբ լքել է տարածքը։

Վաղը՝ հոկտեմբերի 29-ին, կառավարության աշխատակազմի շենքում տեղի կունենա Օրբանի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Հաջորդիվ Վրաստանի և Հունգարիայի վարչապետները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Օրբանը Թբիլիսիում «չի ներկայացնում Եվրոմիությունը»։