Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 25 հոկտեմբերի, 2024 թ.

«Երկուսն էլ ժամանակին ունեցել են հնարավորություն կանխելու արհավիրքները, բայց չեն արել»․ Դավիթ Կարապետյան

44
Այսօր, 01:42
«Երկուսն էլ ժամանակին ունեցել են հնարավորություն կանխելու արհավիրքները, բայց չեն արել»․ Դավիթ Կարապետյան

Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բա թե՝ Թրամփն է ասել…
Սիրում ենք չէ՞ լսել ականջահաճո հայտարարություններ:
Իհարկե՛, սիրում ենք:
Որովհետև քաղաքականությունն ականջներով ենք սիրում:
Չենք սիրում, փաստերի հետ առերեսվել, ճիշտ, անաչառ ու համարժեք գնահատական տալ, որովհետև ամեն ինչ չէ, որ մեր սրտով է:
Լույսը չբացված հնչում է Թրամփի՝ «Քամալա Հարիսը ոչինչ չարեց, երբ 120,000 հայ քրիստոնյաներ դաժանորեն հալածվեցին և բռնի տեղահանվեցին Արցախից:
Երբ ես լինեմ նախագահ, ես կպաշտպանեմ հալածված քրիստոնյաներին, կաշխատեմ դադարեցնել բռնությունն ու էթնիկական զտումը, և մենք խաղաղություն կհաստատենք Հայաստանի և Ադրբեջանի միջև» մեղադրական հայտարարությունը:
Այն, որ քարոզարշավի ընթացքում ձայներ կորզելու համար ցավոտ փաստերի վրա նման «հաճելի ու ճիշտ»հայտարարություններ կլինեն՝ նորություն չէ, սպասելի էր:
Մի քանի շաբաթ առաջ էլ Հարիսն ամերիկահայ ընտրազանգվածի առջև Արցախի ու արցախահայերի մասին նման սրտաճմլիկ հայտարարությունով հանդես եկավ:
Զավեշտն այն է, որ Թրամփը, որն այսօր ասում է, թե ինչ չի արել Հարիսը ու մեղադրում նրան, արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ ԱՄՆ նախագահն էր:
Ու հարց է, թե նա ի՞նչ արեց Արցախի ու արցախահայության, պատերազմի դադարեցման համար:
Պատասխանն է՝ ոչ մի բան:
Ու սա այն պարագայում, երբ ամերիկյան վարչակազմը հայտարարում էր, թե Արցախի էթնիկ զտումն իրենց համար «կարմիր գիծ» է:
Դե իսկ մենք ոգևորվում ենք, երբ հատկապես ամերիկացի քաղաքական գործիչներն ընտրություններից առաջ գործածում են «Արցախ» բառը։
Այնպես, ինչպես անհամբեր սպասում ու ոգևորվում էինք «ցեղասպանություն» բառն արտաբերելուց:
Այս տեմպերով ոչ հեռու ապագայում էլ մեծ ոգևորությամբ կընդունենք «Հայաստան» բառի գործածումը…
Այնպես որ՝ խոսքեր, խոսքեր, խոսքեր…
Փաստ է, որ երկուսն էլ, իրենց հերթին ժամանակին ունեցել են հնարավորություն կանխելու արհավիրքները, բայց չեն արել:
Որովհետև երկակի ստանդարներն իրենց համար ստանդարտ բան է և դա է պահանջում այսօրվա ամերիկյան քաղաքականությունը:
Նեղանալ չկա:
Նրանք «միջին միջանցքի» տրամաբանությամբ են շարժվում, դա է պարտադրում իրենց պետական շահն ու տարածաշրջանին վերաբերող ծրագրերը:
Ջո Բայդենն էլ երկու օր առաջ սրտաճմլիկ նամակ էր ուղարկել Նիկոլ Փաշինյանին:
Ալիևին ուղղված մինչ տարեվերջ խաղաղություն հաստատելու Բայդենի ցանկություն-կոչ-ուղերձն էլ ֆուրոր էր առաջացրել հայ հասարակության որոշ շրջանակներում:
Այդ նամակը ցիտողները, որոնք անգամ նամակը չեն էլ կարդացել, այն որպես պրոհայկական, ԱՄՆ-ի՝ Բաքվին ուղղված ուլտիմատում էին ներկայացնում, որ Ալիևը ելք չունի, փակուղում է, որ ճարահատյալ պետք է բավարարի Բայդենի հորդորն ու Հայաստանի հետ մինչ տարեվերջ կնքի խաղաղության պայմանագիր:
Ու սա այն պարագայում, երբ նամակում
մարդն ուղիղ տեքստով ասում է, որ պետք է գնաս նոր զիջումների, որ խաղաղություն լինի։
Այն, ինչ վերջերս ասեց ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը:
Որ խաղաղության հաստատման համար պահանջվում է գնալ բարդ որոշումների ու լուրջ զիջումների:
Ավելին, Միլլերը երեկ նաև հայտարարեց, որ «Խաղաղության պայմանագրի կնքումը կախված է բացառապես Հայաստանից ու Ադրբեջանից, ոչ թե ԱՄՆ-ից»:
Սա նշանակում է, որ ԱՄՆ-ն ձեռքերը լվանում է այս թեմայից կամ այդկերպ առժամանակ անաչառ ու անկողմնակալ վերաբերմունք է դեմոնստրացնում:
Ամեն դեպքում, ով էլ դառնա նախագահ, միանշանակ է, որ վերջինիս վարչակարգի հետ պետք է տանել աշխատանք:
Իսկ նման հայտարարություններին պետք է վերաբերվել որպես հերթական, բարի ցանկությունների ականջահաճո կենաց»։

Աղբյուրը`   Դավիթ Կարապետյան