Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 25 հոկտեմբերի, 2024 թ.

«Կտրականապես մերժում ենք Եվրոխորհրդարանի բանաձևը»․ Միլլի մեջլիս

65
Երեկ, 21:48
«Կտրականապես մերժում ենք Եվրոխորհրդարանի բանաձևը»․ Միլլի մեջլիս

Ինչպես հայտնել էինք, Եվրոխորհրդարանը 453 կողմ, 31 դեմ և 89 ձեռնպահ ձայներով ընդունել է Ադրբեջանում իրավիճակի, մարդու իրավունքների ու միջազգային իրավունքի ոտնահարման և Հայաստանի հետ հարաբերությունների մասին բանաձևը: Բանաձևով Եվրոխորհրդարանը վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը՝ հիմնված տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման սկզբունքների վրա՝ համաձայն 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի: Վերահաստատում է իր պահանջը՝ Ադրբեջանի զորքերը դուրս բերել Հայաստանի ամբողջ ինքնիշխան տարածքից. կոչ է անում Ադրբեջանին միանշանակ պարտավորվել հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ընդգծում, որ տարածաշրջանային ապաշրջափակման հարցերը պետք է լուծվեն Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ լիակատար հարգանքով, վերահաստատում է իր դիրքորոշումը, որ ԵՄ-ն պետք է պատրաստ լինի պատժամիջոցներ կիրառել Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը սպառնացող ցանկացած անհատի կամ սուբյեկտի նկատմամբ:

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Միլլի մեջլիսը քննարկել և մերժել է բանաձևը՝ այն անվանելով «կողմնակալ և միակողմանի, որը խեղաթյուրում է իրականությունը»։ «Ադրբեջանին ուղղված մի շարք փաստաթղթեր պարունակում են անհեթեթ հայտարարություններ, մեղադրանքներ, սպառնալիքներ և կեղծ տեղեկությունների վրա հիմնված պահանջներ»,- նշված է տեքստում։