Երևան`   +21 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 09 հոկտեմբերի, 2024 թ.

«Ազատ բնակավայրն Իլհամ Ալիևի թիրախում է»․ Թագուհի Թովմասյան

39
Այսօր, 09:48
«Ազատ բնակավայրն Իլհամ Ալիևի թիրախում է»․ Թագուհի Թովմասյան

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վարդենիս խոշորացված համայնքի Ազատ բնակավայրն Իլհամ Ալիևի թիրախում է
Կրկին գրություններ եմ ուղարկել իմ միջազգային գործընկերներին և մի շարք կազմակերպությունների՝ այս անգամ մեր հայրենիքի մի մասի նկատմամբ Իլհամ Ալիևի տարածքային նկրտումների վրա ուշադրություն հրավիրելու համար:
Սեպտեմբերի 30-ին Բաքվում հանդիսավոր կերպով բացվել է ծագումով ադրբեջանցի ժողովրդական հեքիաթագիր, աշուղ Ալասկերի արձանը, որի բացման արարողության ելույթի ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ աշուղն ապրել է Ադրբեջանի հնագույն հողում՝ Գոյչա շրջանի Աղքիլիսա գյուղում։ Ադրբեջանի նախագահը հավաստիացրել է իր ժողովրդին, որ իրենք վերադառնալու են իրենց «պատմական հողերը»:

Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Ալիևի մատնանշած հնագույն հողը ՀՀ սուվերեն տարածքի մի մասն է՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ազատ գյուղը:

Տասնյակ տարիներ առաջ, երբ Ազատում բնակություն էին հաստատել ադրբեջանցիներ, բնակավայրը կոչվել է Աղքիլիսա։ Բայց եթե պատմական հետդարձ կատարենք, կհավաստիանանք, որ Ազատ գյուղն ի սկզբանե եղել է հայկական։ Դրա մասին են վկայում գյուղում գտնվող գերեզմանաքարերը, խաչքարերը, եկեղեցին և մնացած հուշարձանները․ ահա այստեղ ամբողջ տեղեկությունը վերոնշյալների վերաբերյալ:

Նույն պարագայում բազմաթիվ հայեր ծնվել են Ադրբեջանում, սակայն երբեք չեն արվել հայտարարություններ, որ նրանք վերադառնալու են իրենց ծննդավայր՝ Գանձակ (Կիրովաբադ), Դաշքեսան և այլուր: Ի դեպ, Դաշքեսանում, որպես ադրբեջանական բնակավայր, միակ պատմամշակութային կոթողն առ այսօր հայկական Թարգմանչաց եկեղեցին է։
Ադրբեջանի նախագահի արված հայտարարությունները «պատմական հողեր» վերադարձի վերաբերյալ ուղղակիորեն խախտում են միջազգային իրավունքի մի շարք դրույթներ:
Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության համաձայն՝ յուրաքանչյուր պետություն ունի իր տարածքի նկատմամբ ինքնիշխանության իրավունք: Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը (ICCPR, 1966) վերահաստատում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, որը պետք է հավասարակշռված լինի գոյություն ունեցող պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքի հետ:
Կոչ եմ արել միջազգային հանրությանը աջակցել Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանմանը՝ կանխելով ադրբեջանական հնարավոր ագրեսիան»: