Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2024 թ.

Մայր Աթոռում տեղի ունեցավ Սրբալույս Մյուռոնի բաշխման արարողությունը

188
Երկուշաբթի, 30 սեպտեմբերի, 2024 թ., 18:06
Մայր Աթոռում տեղի ունեցավ Սրբալույս Մյուռոնի բաշխման արարողությունը

Սեպտեմբերի 30-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Վեհարանում տեղի ունեցավ նորօրհնյալ Սրբալույս Մյուռոնի բաշխման արարողությունը:

Տերունական աղոթքից հետո ողջույնի խոսքով հանդես եկավ Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ արձանագրելով, որ Մյուռոնօրհնեքի և Մայր Տաճարի վերաօծման արարողությունները բարեհաջող անցկացվեցին՝ հոգևոր մխիթարություն ու խանդավառություն պարգևելով ամենքին:

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Մյուռոնով լի անոթները փոխանցեց Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին, Մեծի Տանն Կիրլիկիո Կաթողիկոսության, Երուսաղեմի Հայոց Պատրիարքության ներկայացուցչներին և արարողությանը մասնակից թեմակալ առաջնորդներին:

Արարողությունն ամփոփվեց Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ու պատգամով:

Գոհություն հայտնելով Բարձրյալին Մյուռոնօրհնության և Մայր Տաճարի վերաօծման հոգենորոգ արարողություների առնչությամբ՝ Նորին Սրբությունն ի մասնավորի ընդգծեց․ «Սիրելիներ, այսօր քաջալեր հոգով ձեզ ենք փոխանցում նորօրհնյալ Սուրբ Մյուռոնը, որպեսզի այն երկնային իր շնորհներով բաշխվի համայն հավատավոր մեր ժողովրդին՝ պահպանելով հավատով ու հույսով լեցուն և մեր Եկեղեցուն, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ուխտին հավատարմության մեջ»։

Անդրադառնալով մերօրյա մարտահրավերներին՝ Հայոց Հայրապետը պատգամեց․ «Մեր հույսն ու հավատքը առկա փորձությունների մեջ պիտի ջանանք զորացնել, վառ պահել ու ամուր պահպանել, որպեսզի մեր կյանքում առատացնենք Աստծո օրհնությունները։ Ինչպես Մատթեոս Ուռհայեցի պատմիչն է ասում, մեր հավատը, որ հիմնված է ադամանդյա հիմքերի վրա Սուրբ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների և Սուրբ Գրիգոր Լուսավորչի, կա ու կմնա հավիտյանս անսասան։ Սուրբ առաքյալների և առաքելապատիվ հայրապետի ավանդած հավատը և մեր նախնյաց ժառանգությունն ու սրբազան արժեքների նկատմամբ հավատարմությունը պիտի շարունակեն լինել անսասան հենասյուները մեր աստվածահաճո, ազգանվեր մյուռնադրոշմ կյանքի՝ նախանձախնդրությամբ փոխանցվելով սերնդեսերունդ»։

Իր խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը վստահություն հայտնեց, որ Մայր Աթոռից բաշխվող Մյուռոնը Աստծո երկնառաք շնորհներով հոգևոր նորոգություն ու զորություն պիտի պարգևի հայ ժողովրդին, և Քրիստոսի Սուրբ Անունը փրկության հույսով միշտ պիտի միավորի ու համախմբի ազգի զավակներին:

«Հավատում ենք, որ Տիրոջ պատգամների իրագործումով մեր ժողովուրդը պիտի գտնի իր վերելքի ուղիները՝ ամոքելով վերքերը և ընթանալով դեպի խաղաղ ու ապահով հանգրվաններ», - հավելեց Հայոց Հայրապետը։

Վերջում Նորին Սրբությունն իր գնահատանքը բերեց ներկաներին հայրենիքի և ժողովրդի առջև ծառացած խնդիրների հանգուցալուծմանն ի նպաստ իրենց կարելին գործադրելու համար՝ հայցելով, որ Երկնավոր Տերը օրհնի և արդյունավորի նրանց ջանքերը՝ ի սեր հայրենիքի ապահովության ու խաղաղության, հայոց բանավոր հոտի հոգևոր արթնության ու բարօրության և Եկեղեցու պայծառության։