Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 23 դեկտեմբերի, 2024 թ.

Մանրամասներ՝ 38 կգ ոսկյա ձուլակտորների և 293 մլն ռուբլու հափշտակության դեպքի մասին

144
Չորեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2024 թ., 11:54
Մանրամասներ՝ 38 կգ ոսկյա ձուլակտորների և 293 մլն ռուբլու հափշտակության դեպքի մասին

ՀՀ Քննչական կոմիտեն հայտնում է․ «ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է 2024թ. ապրիլի 10-ին ավազակությամբ առանձնապես խոշոր չափի՝ 38,250 կգ քաշով ոսկյա ձուլակտորների և 293.000.000 ՌԴ ռուբլի գումարի հափշտակության դեպքի քրեական վարույթով 8 մեղադրյալի մասով նախաքննությունը:
Քննությամբ պարզվել է, որ հանցագործությունը կատարվել է կազմակերպված հանցավոր խմբի կողմից, որոնցից 11-ի ինքնությունը, վարույթի շրջանակներում քննիչների կողմից իրականացված քննչական և ապացուցողական գործողությունների, ոստիկանության ծառայողների կողմից կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, պարզվել է:
Ձեռնարկված քննչական գործողություններով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ հիշյալ անձինք, նախաքննությամբ չպարզված անձի կողմից ստեղծված և այլ անձանց հետ հանցավոր կազմակերպության կազմում, նախապես տեղեկացել են, որ Ռուսաստանի Դաշնությունում բնակվող գործարարն իրեն պատկանող առանձնապես խոշոր չափի՝ 1.090.060.000 ՀՀ դրամ արժողությամբ 38,250 կգ քաշով 999 հարգի ոսկյա 3 ձուլակտոր և 298.500.000 ՌԴ ռուբլի գումարը Դ.Ի-ի միջոցով 2024թ․ ապրիլի 10-ին ՌԴ-ից «Զվարթնոց» օդանավակայանով տեղափոխելու է Հայաստանի Հանրապետություն:
Տեղեկանալով այդ մասին՝ հանցավոր կազմակերպության ինն անդամները՝ Գ.Բ-ն, Կ.Մ-ն. Ա.Ս-ն, Վ.Զ-ն, Ո.Բ-ն Ս.Դ-ն և վերջինիս եղբայր Ա.Դ-ն, ինչպես նաև Ս.Հ-ն, Ս.Մ-ն քննությամբ դեռևս չպարզված մյուս մասնակիցները, նպատակ հետապնդելով Հայաստան փոխադրվող առանձնապես խոշոր չափի գույքը զենքի գործադրմամբ, բռնություն գործադրելով հափշտակել, նախապես հավաքվել են, պլանավորել և հստակ դերաբաշխել հանցավոր կազմակերպության անդամներից յուրաքանչյուրի գործողությունները:
Իրենց հանցավոր մտադրությունն իրագործելու, մասնակիցների տեղաշարժն ապահովելու, հնարավոր շարժը քողարկելու և չբացահայտվելու նպատակով խմբի անդամներից մեկը իր ծանոթից, գնելու պատրվակով, վերցրել է վերջինիս որդուն պատկանող «Պորշ» մակնիշի ավտոմեքենան, իսկ դեպքից ժամեր առաջ Երևան քաղաքի Զաքյան և Խորենացի փողոցների հատման խաչմերուկում կայանված այլ անձի անվամբ հաշվառված «Պորշ» մակնիշի ավտոմեքենայի վրայից հափշտակել են պետհամարանիշները և այն ամրացրել իրենց կողմից ձեռք բերված «Պորշ» մակնիշի ավտոմեքենային:
Որպեսզի վերահսկեն Հայաստան տեղափոխվող ոսկու և գումարի տեղաշարժը, խմբի անդամները «Զվարթնոց» օդանավակայանում թողել են խմբի անդամներից մեկին՝ Ո.Բ-ին՝ տուժողների շարժի մասին տեղեկացնելու, հնարավոր խոչընդոտները վերացնելու նպատակով, իսկ մի քանիսը դարանակալել են Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Խորհուրդների և Երևանյան փողոցների հատման խաչմերուկում:
ՌԴ-ից ՀՀ օդանավի վայրէջք կատարելուն պես՝ նույն օրը՝ ժամը 06։25-ին, «Զվարթնոց» օդանավակայանում գտնվող Ո.Բ.-ն տուժողների շարժվելու մասին տեղեկացրել է հանցավոր կազմակերպության անդամներին։ Ապա Ս.Դ.-ն, Ա.Ս.-ն, Ս.Հ.-ն և Գ.Բ.-ն, կատարված դերաբշխման համաձայն, «Պորշ» մակնիշի ավտոմեքենայով հետապնդել են նրանց և ժամը 07:15-ից մինչև 07:20-նն ընկած ժամանակահատվածում Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մայրաքաղաքային փողոցում արհեստական խոչընդոտ ստեղծելով, ավտոմեքենայի պատուհանից, զենքի գործադրման սպառնալիքով, կանգնեցրել են տուժողներին տեղափոխող «Հունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենան:
Կանգնեցնելուց հետո Ս.Դ-ն, Ա.Ս-ն, Ս.Հ-ն և Գ.Բ-ն, ԱԱԾ աշխատակիցների համազգեստին նմանվող համազգեստով և դիմակավորված, ներկայացել են իբրև ՀՀ ԱԱԾ աշխատակիցներ և մոտենալով «Հունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենային, դրանում գտնվող երեք անձանց նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելով՝ հարվածներ հասցնելով, նրանց դուրս են բերել ավտոմեքենայից և թմրամիջոց ու այլ արգելված իրեր փնտրելու ու նրանց ձերբակալելու պատրվակով ձեռնաշղթաներ են անցկացրել։
Ապա «Հունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենայից հափշտակել են առանձնապես խոշոր չափի՝ 38,250 կգ քաշով 999 հարգի ոսկյա 3 ձուլակտորները և 298.500.000 ՌԴ ռուբլի գումարի պարունակությամբ պայուսակները, նշված երեք անձանց, բռնություն գործադրելով, նստեցրել «Հունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենան և արցունքաբեր գազ փչելով ավտոմեքենայի մեջ՝ «Պորշ» մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի՝ ուղևորվելով Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրում գտնվող քարի հանքի տարածք:
Մինչև հանցավոր խմբի անդամների ժամանումը, հանքի պահակը, նախնական համաձայնության գալով հանցավոր կազմակերպության անդամ Ա.Մ.-ի հետ, հանցագործությունը պարտակելու և հանցանք կատարած անձանց աջակցելու նպատակով, խոչընդոտելով հանցագործության բացահայտմանը և քողարկելով նրանց գործողությունները, միասին անջատել են տարածքը տեսանկարահանող սարքերի հիշողության կրիչը և հանքի տարածքում՝ հողում, թաղել այն, որը հետագայում հայտնաբերվել է դեպքի վայրի զննությամբ:
Այնուհետև, թաքցնելու նպատակով, հանցագործության միջոց «Պորշ» մակնիշի ավտոմեքենան կայանել են նախապես փորված փոսի մեջ, և հանքի տրակտորիստին հրահանգել տեխնիկայի միջոցով հողով ծածկել այն:
Վերջինս, գիտակցելով իր արարքի հակաիրավական լինելու հանգամանքը, նախնական համաձայնության գալով հանցավոր կազմակերպության անդամների հետ, խմբի կազմում, էքսկավատորի միջոցով հող լցնելով, թաղել է հանցագործության միջոց հանդիսացող ավտոմեքենան, այդ կերպ պարտակել և աջակցել հանցանք կատարած անձանց՝ խոչընդոտելով հանցագործության բացահայտմանը։ Այդ գործողություններով դիտավորյալ վնասել է «Պորշ» մակնիշի ավտոմեքենան, որը հետագայում հայտնաբերվել է դեպքի վայրի զննությամբ:
Հանցակիցների աննկատ փախուստն ապահովելու նպատակով Ս.Դ-ի եղբայրը՝ Ա.Դ-ն, տեղեկանալով կատարված հանցանքի բարեհաջող ավարտի մասին, նույն օրը՝ ժամը 08:35-ի սահմաններում, իր քենակալ Կ.Մ-ից վերցրել է վերջինիս պատկանող «Հունդայի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենան, ապա եղբոր կանչով գնացել է նախապես պայմանավորված վայր՝ Էրեբունի վարչական շրջան, և սպասել հանցակիցներին:
Ս.Դ-ն, Ա.Ս-ն, Ս.Հ-ն, Կ.Մ-ն և Գ.Բ-ն իրենց տեղաշարժը քողարկելու նպատակով, պատահական տաքսի ավտոմեքենայով գնացել են Էրեբունի վարչական շրջան, որտեղ նստել են նախապես պայմանավորված վայրում իրենց սպասող Ս.Դ-ի եղբոր կողմից վարվող «Հունդայի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենան, ով ապահովելով նշված անձանց փախուստը, վերջիններիս տեղափոխել է Երևան քաղաքի Էրեբունի թաղամասում գտնվող իրենց ամառանոց։ Դրանից հետո Ա.Դ.-ն եղբոր՝ Ս.Դ.-ի հրահանգով խմբի անդամներին կրկին տեղափոխել է Երևան քաղաքի Չարբախ թաղամասի տարածք, որտեղից էլ հիշյալ անձինք դիմել են փախուստի:
Ո.Բ-ի և Կ.Մ-ի՝ հանք գալուց հետո Վ.Զ.-ի ցուցումով հանքի աշխատակիցն իր անձնական օգտագործման «Գազ 3102» մակնիշի ավտոմեքենայով խմբի 5 անդամներին՝ վերջիններիս կողմից հափշտակված երկու պայուսակներով, տեղափոխել է Երևան քաղաք: Իսկ այդ ընթացքում Վ.Զ-ն, Ո.Բ-ն և Ա.Մ-ն վերջինիս «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի:
Քննությամբ պարզվել է նաև, որ հանցավոր խմբի անդամներից Ա.Ս.-ն, քննությամբ չպարզված ժամանակահատվածում, իր կնոջն իրացնելու նպատակով, դեռևս չպարզված հանգամանքներում, ապօրինի ձեռք է բերել, փոխադրել, և առանց իր մտերիմին տեղյակ պահելու վերջինիս պատկանող «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայում պահել է ինչպես հափշտակված գումարների մի մասը, այնպես էլ՝ խոշոր չափերով՝ ընդհանուր 51.594 գրամ հաստատուն քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որը 19.980.000 ՌԴ ռուբլի գումարի հետ միասին հայտնաբերվել է ավտոմեքենայում, իսկ 58.000.000 ՌԴ ռուբլին և համապատասխանաբար 12.78կգ. ու 12.74կգ. քաշով ընդհանուր 726.363.555 ՀՀ դրամ արժողության երկու ոսկյա ձուլակտորը 12.04.2024 թվականին հայտնաբերվել են Ա.Ս-ի անձնական խուզարկությամբ:
Հետագայում հանցավոր խմբի կողմից հափշտակված գումարներից 570.000 ՌԴ ռուբլի գումարը հայտնաբերվել է Ս.Հ-ի անվամբ հաշվառված, վերջինիս պատկանող «Տոյոտա Քեմրի» ավտոմեքենայի խուզարկությամբ:
Բացի այդ, հանցավոր խմբի անդամներից Ա.Դ-ն, խախտելով «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքի պահանջները, չունենալով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու իրավունք, քննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում և ժամանակահատվածում, ապօրինի կերպով ձեռք է բերել և իր բնակության վայրում ապօրինի պահել է 17 հատ 7,62մմ տրամաչափի «AK» տեսակի ինքնաձիգներից, «РПК» տեսակի գնդացիրներից և համապատասխան տրամաչափի ակոսափող այլ զենքերից կրակելու համար նախատեսված ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, որոնք հայտնաբերվել են կատարված խուզարկության ընթացքում:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա չորս անձի մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 252-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, 264-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 456-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով,
մեկին՝ 319-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 252-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, 264-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 456-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 393-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով,
մեկին՝ 319-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 252-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, 264-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 456-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 335-րդ հոդվածի 1-ին մասով,
մեկին՝ 264-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 474-րդ հոդվածի 1-ին մասով, ևս մեկին՝ 474-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննության ընթացքում մեղադրյալներից չորսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, երկուսի նկատմամբ՝ տնային կալանքը, իսկ երկուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:
Ութ մեղադրյալի մասն առանձնացվել է առանձին վարույթում, հայտարարվել նախաքննությունն ավարտի մասին, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին:
Եվս երեք անձի նկատմամբ, ովքեր հանցանքը կատարելուց հետո դիմել են փախուստի, որպես խափանման միջոց կիրառվել է կալանք և հայտարարվել հետախուզում:
Ձեռնարկվում են միջոցառումներ ինչպես վերջիններիս, այնպես էլ հանցավոր կազմակերպության մյուս անդամներին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ»:

Աղբյուրը`   ՀՀ Քկ