«ԵՊՀ-ն վերածվում է Նյու-Վասյուկիի»․ Կարեն Հեքիմյան
187
Հինգշաբթի, 12 սեպտեմբերի, 2024 թ., 17:48
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԵՊՀ-ն վերածվում է Նյու-Վասյուկիի: ԵՊՀ-ում, ձերբազատվելով Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի որոշ աշխատակիցներից, որոշել են զբաղվել «Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանային անվտանգությամբ», այլ կերպ ասած՝ հնարավոր ունկնդիրները հրավիրվում են ԵՊՀ, որպեսզի Պապուա-Նոր Գվինեայի, Կամբոջայի և Հոնոլուլու կղզու անվտանգության հիմնահարցերի վերաբերյալ «դասախոսություն» լսեն: Մի կողմ դնենք սարկազմը, քանզի մեծ է հավանականությունը, որ Նոր Հայաստանում գտնվեն մարդիկ, որոնց կհետաքրքրի, թե ինչպես է Խաղաղ օվկիանոսում լուծվում պապուասների անվտանգության հարցը: Խնդիրն այլ է: Ուրեմն, դասախոսությունը կարդալու է ոմն Ազիզյան Ռուբենը: Վերջինս ներկայացված է որպես պրոֆեսոր: Այժմ փորձեք համացանցի որոնողական համակարգերում գտնել «պրոֆեսոր Ռուբեն Ազիզյան»-ին: Վստահաբար՝ չեք գտնի: Չէ, Ռուբեն Ազիզյան անունով մարդ կա, սակայն վերջինս ռուսաստանաբնակ ճանաչված բժիշկ է՝ ուռուցքաբան և պլաստիկ վիրաբույժ: Չեմ կարծում, որ նա այնքան «թեթևանար» և ԵՊՀ-ում «Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանային անվտանգությունից» խոսեր: Ավելին՝ «պրոֆեսոր Ռուբեն Ազիզյան»-ի վերաբերյալ տեղեկություններ չկա նույնիսկ ԵՊՀ-ի կայքում: Այդ դեպքում, ո՞վ է պրոֆեսոր, միաժամանակ՝ պապուասագետ Ազիզյան Ռուբենը: Չգիտեմ: Ակամա հիշեցի հանճարեղ Օստապ Բենդերին, որը չգիտեր շախմատ խաղալ, սակայն Վասյուկիում շախմատի դասախոսություն էր կարդում: ՀԳ. Չմոռանամ նշել, որ ԵՊՀ-ի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետից հեռացված դասախոսների վերաբերյալ տեղեկությունները համացանցում լիուբոլ են»: