«Ամռանը մաշկային ցանը երեխաների շրջանում առավել հաճախադեպ է». մանկաբույժ
214
Չորեքշաբթի, 31 հուլիսի, 2024 թ., 15:18
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի ֆեյսբուքյան հրապարակումը. «Ամռան ամիսներին տարատեսակ մաշկային ցաներ և մաշկի՝ մինչ այդ գոյություն ունեցող ախտաբանական վիճակների սրացումներն առաջանում կամ սրվում են միջավայրի բարձր ջերմաստիճանի, քրտինքի, միջատների պատճառով և արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ: Անհետաձգելի բուժօգնության ծառայության ղեկավար, մանկաբույժ Լիանա Նազարյանը ներկայացնելով ամռանն առավել հաճախակի հանդիպող ցաների որոշ տեսակները՝ նշում է, որ, մաշկային ցաները երեխաների շրջանում առավել հաճախադեպ են, ինչը պայմանավորված է մաշկի գերզգայունությամբ: Շոգ եղանակին, բարձր խոնավության պայմաններում ջերմային ցանը կամ քրտնախաշն առաջանում է մաշկի ծակոտիների խցանման հետևանքով: «Քրտինքը մնում է մաշկի մեջ՝ առաջացնելով փոքր, քորվող բշտիկներից բաղկացած ցանավորում: Այն տեղակայվում է մաշկի հագուստով ծածկված տեղամասերերում կամ այն հատվածներում, որտեղ կարող է քրտինք կուտակվել՝ պարանոց, արմնկափոս, թևատակ»,-նշում է բժիշկը՝ խորհուրդ տալով կանխարգելելու համար ամռանը երեխաներին պահել չոր և ստվերոտ վայրերում: Խոսելով արևային ցանի մասին՝ մանկաբույժը շեշտում է, որ արևային ալերգիան կամ գերզգայունությունը կարող են զարգանալ ինչպես որոշ դեղամիջոցներ ընդունելու, այնպես էլ ժառանգական նախատրամադրվածություն ունենալու պարագայում: Դրսևորվում է կարմիր, թեփոտվող, խիստ քորվող բշտիկների տեսքով: Որոշ դեպքերում կարող են նույնիսկ բշտեր ձևավորվել, որը, սովորաբար, անցնում է 10-14 օրվա ընթացքում: Մաշկի արևային այրվածքի առաջացման պատճառը արևի ճառագայթների ուղղակի ազդեցություն է: «Այն կարող է խիստ ցավոտ լինել, այտուցվել և ավելի ուշ՝ ապաքինման փուլում, քոր գալ: Կանխարգելելու համար խորհուրդ է տրվում երեխաներին հագցնել պաշտպանող արտահագուստ կամ օգտագործել բարձր SPF գործոն պարունակող արևապաշտպան միջոց»,-ընդգծում է համալիրի Անհետաձգելի բուժօգնության ծառայության ղեկավարը: Ամռան ամիսներին հաճախ հանդիպող խնդիրներից են լողավազանային մաշկաբորբ կամ ֆոլիկուլիտը. վիճակ, որն առաջանում է լողավազանի ջրում առկա քիմիական նյութերի (օրինակ՝ քլոր)՝ մաշկի վրա ունեցած ազդեցությունից: Ձևավորվում են վարդագույն, քորվող բծեր, որոնք հետագայում կարող են բշտերի վերածվել: Խորհուրդ է տրվում լողավազան գնալուց առաջ և հետո ցնցուղ ընդունել, թաց լողազգեստն անմիջապես փոխել, հնարավորինս քիչ լողալ քլորացված լողավազաններում: Միջատի խայթոցի հետևանքով առաջացած ցանը հիմնականում զարգանում է քորվող ցանի և նույնիսկ եղնջացանի տեսքով փոքր, տեղային ռեակցիա: Ոչ շատ վառ գույների հագուստ կրելը, միջատներից պաշտպանող սփրեյերի կիրառումը կարող են կանխարգելել վերոնշյալ դեպքերը: Անհետաձգելի բուժօգնության ծառայության ղեկավար, մանկաբույժ Լիանա Նազարյանը հիշեցնում է, որ մանկահասակ երեխաներն ավելի խոցելի են արևի ճառագայթների անմիջական ազդեցության նկատմամբ, քանի որ նրանց գանգի ոսկրերը բարակ են, մաշկն ու մազերը՝ նուրբ։ Շարունակելով հատկապես ամռանը երեխաների առողջությանը վերաբերող արդի թեմաները՝ նշենք, որ արևահարության նշանները կարող են ի հայտ գալ ինչպես անմիջապես, այնպես էլ արևի ճառագայթների ներգործությունից մի քանի ժամ անց։ Թեթև դեպքերում՝ առաջանում է գլխացավ, գլխապտույտ, թուլություն, երբեմն՝ գրգռվածություն, ծանր դեպքերում՝ ջղաձգություն, փսխում, գիտակցության կորուստ։ «Դեմքի և գլխի մաշկը կարմրում է, պուլսն ու շնչառությունը հաճախանում են, ջերմությունը բարձրանում մինչև 39°»,- զգուշացնում է մանկաբույժը՝ հորդորելով՝ արևահարությունից տուժածին պառկեցնել զով և ստվերոտ տեղ, գլխին դնել սառույց կամ սառը թրջոց, հանել շորերը, փաթաթել խոնավ սրբիչով կամ սավանով, օգտագործել շատ քանակի հեղուկ, իջեցնել ջերմությունը: Վտանգի նշաններն են՝ այրվածքի առկայություն, գիտակցության կորուստ: Այս ցնցումների դեպքում պետք է շտապ դիմել բժշկի։ Վերոնշյալ խնդիրներից խոսափելու և կանխարգելու համար անհրաժեշտ է՝ շոգ եղանակին խմել շատ հեղուկներ՝ օրը 2-3 լիտրի չափ, օգտագործել հանքային ջրեր, արևի տակ գտնվելիս պաշտպանել գլուխը գլխարկով կամ հովանոցով, շոգ եղանակին հնարավորության դեպքում կրել բաց գույնի բամբակյա հագուստ, խուսափել օրվա ամենաշոգ և արևի բարձր ակտիվության ժամերին՝ 12:00-ից մինչև 15:00-ն դուրսում լինելուց։ Մեծ ու փոքր պացիենտները, հետևելով ցուցումներին, կարող են խուսափել ամռան ամիսներին բարձր ջերմաստիճանի հետևանքով առաջացած ախտաբանական վիճակներից»: