«Հայտարարագրման գործընթացի շուրջ աղմուկ-աղաղակը քաղաքական մանիպուլյացիայի նպատակով է»․ Գոռ Աբրահամյան
62
Այսօր, 14:30
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի նախկին մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Համընդհանուր հայտարարագրման գործընթացը այլընտանք չունի․ բայց հանրությանը նախապես էր պետք իրազեկել դրա նպատակների և մեխանիզմների մասին Համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման գործընթացի մեկնարկի մասին Կառավարությունը հայտարարել է դեռևս 2022թ․ նոյեմբերին, երբ որոշեց այդ համակարգի ներդրմանը վերաբերող օրենդրական փաթեթը անհետաձգելիության ռեժիմով ուղարկել Ազգային ժողով, որն էլ հետագայում ընդունեց այն։ Ընդ որում՝ ներդրման բազմափուլ ռեժիմի, հայտարարագրողների համար մինչև 100 հազար դրամի չափով եկամտային հարկից ետվճարի սոցիալական ծրագրի մասին նախկին ֆինանսների նախարարը հայտարարել էր հենց այդ ժամանակ։ 2023թ․ հունվարին, եթե չեմ սխալվում, ինստիտուտի ներդրման փուլային համակարգի մասին պարզաբանումներ տվել է նաև ՊԵԿ-ը։ 2024թ․ ընթացքում բոլոր պետական ծառայողներն անցել են այդ ռեժիմով և որպես ֆիզիկական անձինք, ՊԵԿ-ին համապատասխան հայտարարագրերը ներկայացրել են։ Ընդ որում՝ բարձրաստիճան պետական ծառայողները, ովքեր ունեն նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն (այդ թվում նաև ես՝ նախկինում զբաղեցրած պաշտոնի բերումով), ստիպված են եղել (և են) երկու հայտարարագիր լրացնելու։ Այնպես որ այս համակարգը նոր բան չէ և առնվազն պետական ծառայողները, նրանց անմիջական հարազատները, իրավաբանական անձանց ու ընկերությունների իրական շահառուները, նրանց անմիջական շրջապատը, այսինքն ահռելի հանրային մի շրջանակ, շատ լավ տեղեկացված են եղել այս համակարգի ներդրման, դրա առանձնահատկությունների և պրոցեդուրայի մասին։ Եվ այն աղմուկ-աղաղակը, որը սկսվել է այդ համակարգի շուրջ, մեծ հաշվով արհեստական բնույթ ունի ու ինչպես սովորաբար է լինում, ավելի շատ քաղաքական շահարկումների և մանիպուլյացիայի նպատակներով է գեներացվում։ Պատահական չէ, որ գրեթե բոլոր հակափաստարկները հանգում են սոցիալականին՝ հիմնված «հարուստներին ու իշխանավորներին թողած՝ խեղճ ու աղքատ մարդկանց եք հայտարարագրում» պոպուլիստական նարատիվի վրա։ Իմ փորձից ելնելով կարող եմ ասել, որ չնայած նախնական ներքին դիսկոմֆորտին՝ հայտարարագիր ներկայացնելը, բովանդակային մասով, առանձնապես խնդիր չի առաջացրել։ Քանի որ մեծ ֆինանսական գործառնություններ իրականացնող չեմ եղել, որևէ խնդիր չեմ էլ ունեցել տվյալները լրացնելու, եկամուտներն ու ծախսերը հայտարարագրելու առումով և լրացուցիչ հարկվելու բան էլ չեմ ունեցել։ Հետևաբար հասարակության այն մասը, որի սոցիալական կարգավիճակն օգտագործելով փորձում են դիմադրություն ստեղծել այս համակարգի ներդրման շուրջ, գործնականում որևէ խնդիր՝ լրացուցիչ հարկամ առումով, չեն ունենալու։ Սակայն կան հարակից հարցեր, որոնք ավելի շատ պետք է խոշորացույցի տակ լինեին, քան հայտարարագրման համակարգի նպատակահարմարության դեմ ուշացած ու անտեղի այս դիմադրությունը։ Մասնավորապես՝ արդյո՞ք պետությունը, էլեկտրոնային համապատասխան համակարգերը պատրաստ են նման ծավալով տվյալների հավաքագրմանը, մշակմանը, թե՞ ոչ և արդյոք շահառուների ամբողջ շրջանակը առարկայորեն պատրա՞ստ է այդ պրոցեդուրաներն անցնելուն, որքանո՞վ է պետությունն իսկապես ազնվորեն և թափանցիկ կերպով օգտագործելու համընդհանուր հայտարարագրումից ակնկալվող ահռելի ծավալի այդ տվյալները։ Երբ պետական ծառայողների և իրավաբանական անձանց շահառուների համար 2023թ․ հայտարարագրման համակարգը ներդրվում էր, սկզբնական շրջանում վերջնաժամկետ էր սահմանվել մինչև մայիսի 31-ը։ Սակայն գործընթացի հենց սկզբում պարզվեց, որ շահառուների մեծ մասը պատրաստ չէ սահմանված ժամկետներում այդ գործընթացն անցնելու, կապված ինչպես տեխնիկական խնդիրների հետ՝ մասնավորապես նույնականացման քարտերի առկայության, համապատասխան հաշվառման, ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգում գրանցման, տարեկան հաշվարկը կամ հայտարարագիրը ներկայացնելու հետ։ Եվ պետությունը ստիպված եղավ վերանայել ժամկետները՝ սկզբում մայիսի 31-ից տեղափոխելով մինչև հուլիսի 22-ը, ապա նաև, եթե չեմ սխալվում՝ մինչև նոյեմբեր։ Այսինքն առաջին այդ փուլում ի հայտ եկան կազմակերպական խնդիրներ, որոնք մեծ հաշվով պայմանավորված էին նոր ինստիտուտի ներդրման պրոցեդուրալ մասից շահառուների անտեղյակության, նախապատրաստված չլինելու, ID քարտեր ստանալու և հայտարարագրման համար այն կիրառելու ընթացակարգերի պատշաճ ապահովման հետ։ Եվ հիմա հարց է առաջանում՝ արդյո՞ք համընդհանուր հայտարարագրման ներկայիս ավելի մասշտաբային փուլում այդ խնդիրները լուծված են։ Հանրային արձագանքներից ակնհայտ է դառնում, որ ընդլայնված շհառուների մի հսկայական բանակի անհանգստությունը կրկին պայմանավորված է անորոշությունների հետ․ ինչը և ինչ չափով է հայտարարագրվում, դրանից ելնելով՝ ինչը, ինչ չափով և ինչ եղանակով է հարկվում, ինչպես պետք է լրացնել հաշվարկ-հայտարարագրերը, ինչպես օգտվել էլեկտրոնային համակարգերից և այլն։ Այս իմաստով հանրային ռազմավարական հաղորդակցությունը պետք է ավելի վաղ սկսվեր և հատկապես հանրության թիրախային շրջանակների համար (էլեկտրոնային համակարգից քիչ օգտվողներ կամ չօգտվողներ, տարեցներ, գյուղաբնակ հանրույթ և այլն), որպեսզի համակարգի ներդրումը ավելի սահուն լիներ իսկ հանրության բավարար իրազեկվածությունը պաշտպաներ նրանց տարատեսակ մանիպուլյացիոն շահարկումներից ու ապատեղեկատվական հոսքերից։ Ընդ որում՝ հանրային իրազեկման անհրաժեշտությունը վերաբերում է նաև այս համակարգի ներդրման նպատակների պարզաբանմանը։ Տոտալ պրոցեսի հարուցումից բխող բնական մտավախությունը հանրային այն կարծրատիպն է ձևավորում, թե պետությունը տոտալ և ավտորիտար վերահսկողություն է սահմանում անխտիր բոլոր անձանց վրա ու սա նրանց վրա ներգործության, ու հատկապես սոցիալապես խոցելի շրջանակներին լրացուցիչ հարկելու միջոց է ծառայեցվելու։ Առանձին պաշտոնատար անձանց կողմից ներկայում ինքնաբուխ կերպով իրականացվող տեղեկատվական արշավները՝ ցույց տալու, որ սա հակակառուպցիոն նպատակներ է հետապնդում, որքան էլ օգտակար, սակայն ուշացած են և ամենևին էլ հախուռն և անձնական նախաձեռնությունների միջոցով չէ, որ պետք է իրականացվեր։ Իրազեկման պլանավորման հիմքում պետք է ընկած լիներ այն ընկալման ձևավորման նպատակը, որ սա ոչ թե հասարակությանը պարտադրվող ինչ-որ բան է, այլ ինստիտուտ, որին անհատական մասնակցայնությունը առաքելություն է հակակոռուպցիոն պայքարում։ Այն պետք է հիմնված լիներ ոչ թե արհեստականորեն կողքից սնուցվող՝ շարքային մարդկանց «հարկման մատերյալ դառնալու», այլ կոռուպցիայի դեմ պայքարում պետությանն անհատապես օգնելու տրամաբանությունից։ Մարդիկ պետք է ի սկզբանե հասկանային, որ ցանկացած դիմադրություն բխելու է այն անձանց շահերից, որոնք մինչ այս եղած կոռուպցիոն վերահսկողության մեխանիզմները կարողանում են օգտագործել՝ շրջանցելու պետության համար առայժմ անտեսանելի՝ նրանց անմիջական կամ ոչ անմիջական փոխկապակցված անձանց միջոցով և դիմադրում են, որովհետև զրկվելու են այդ սողանցքներից։ Մարդիկ պետք է հասկանային ի սկզբանե, որ սա ապօրինի ծագում ունեցող գույքը, շահույթները դրանց շրջանառությունը թաքցնելու մեխանիզմների չեզոքացման համար է արվում։ Պետությունը պետք է կարողանար ցույց տալ, թե ինչպես է այս համակարգը, բարեվարքության ինստիտուտի շրջանակներում, օգտագործելու հանրային ու պետական ծառայությունը կոռուպցիոն ռիսկերից զերծ, կամ նման նվազ ռիսկեր ունեցող անձանցով համալրելու, այլ ոլորտներում, այդ թվում՝ քաղաքական ու մերձքաղաքական, ստվերային ֆինանսական շրջանառությունները բացառելու կամ նվազեցնելու, թաքցվող աշխատատեղերը, եկամուտները պետության համար տեսանելի դարձնելու կամ դրանց շրջանակն էականորեն նվազեցնելու նպատակներին։ Եվ, հետևաբար՝ ովքեր և ինչու կարող են պայքարել այս համակարգի դեմ՝ շահագործելով հանրության լայն շրջանակների անտեղյակությունն ու տեղեկատվական քաոսի գերին լինելու հանգամանքը։ Պետությունը նաև պետք է ի սկզբանե ի ցույց դներ յուրաքանչյուր շահառուի հետ անհատապես աշխատելու, համակարգին ինտեգրվելու հարցում նրանց օգնելու, սովորեցնելու, բացատրելու, բաց, թափանցիկ գործելու, վստահելի գործընկեր (և ոչ վերակացու) լինելու իր պատրաստակամությունը։ Այս իմաստով պետությունը, ռազմավարական հաղորդակցության առումով, ժամանակ է կորցրել և այդ բացթողումը պետք է կարողանա փոխհատուցել հընթացս»։