Երևան`   +20 °C
Այսօր`   Կիրակի, 08 սեպտեմբերի, 2024 թ.

«ԱԳՆ-ն տեղյակ չի եղել Գորիս-Կապան ճանապարհի՝ Ադրբեջանին հանձնման հուշագրի բովանդակության և ստորագրման մասին». Արա Այվազյան

142
Ուրբաթ, 26 հուլիսի, 2024 թ., 21:12
«ԱԳՆ-ն տեղյակ չի եղել Գորիս-Կապան ճանապարհի՝ Ադրբեջանին հանձնման հուշագրի բովանդակության և ստորագրման մասին». Արա Այվազյան

ՀՀ ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը պնդում է՝ այն, որ ինչ-որ փաստաթուղթ կարող է ստորագրվել Գորիս- Կապան ճանապարհը և Սյունիքի Շուռնուխ գյուղի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին, ինքը կամ արտգործնախարարությունը տեղյակ չի եղել։

«Եղել են քննարկումներ։ Հետագայում պարզվեց, որ հայկական կողմը ստորագրել է ինչ-որ հուշագիր Ադրբեջանի հետ և երևի ռուսական խաղաղապահների հետ, ինչի մասին Արտաքին գործերի նախարարությունը տեղյակ չէր»,- «Ազատության» հետ հարցազրույցում ասել է նախկին պաշտոնյան։

Լրագրող - 2020 թվականի դեկտեմբերից Ադրբեջանին անցավ Գորիս-Կապան ճանապարհը, և արդեն 2021-ի հունվարին Ադրբեջանին նաև փոխանցվեց Շուռնուխ գյուղի մի մասը։ Դուք տեղյա՞կ եք, թե իրավական ինչ փաստաթղթերի հիման վրա այս տարածքների հանձնումը, փոխանցումը տեղի ունեցավ։

Արա Այվազյան - Տեսեք, եղել է Անվտանգության խորհրդի նիստ, այդ Անվտանգության խորհրդի նիստը տեղի ունեցավ Արցախում դրան նախորդող նոր ճգնաժամային իրավիճակին, և այդ նիստերից երեք նիստ է եղել, ես երկուսին եմ մասնակցել, ապա մեկնել եմ արտասահման, եղել են քննարկումներ, ես հիմա այդ քննարկումների բովանդակության մասին չեմ կարող բարձրաձայնել, բայց հետագայում պարզվեց, որ հայկական կողմը ստորագրել է ինչ-որ հուշագիր Ադրբեջանի հետ և երևի ռուսական խաղաղապահների հետ, ինչի մասին Արտաքին գործերի նախարարությունը տեղյակ չէր։

Լրագրող - Հուշագիր, որով այդ տարածքները փոխանցե՞լ էին Ադրբեջանին։

Արա Այվազյան - Այդպես հայտարարվեց։ Անվտանգության խորհրդի ժամանակ տարբեր սցենարներ էին քննարկվում, որովհետև ադրբեջանցիները պահանջներ էին ներկայացրել, և տարբեր քննարկումներ էին տեղի ունենում, բայց որ ինչ-որ փաստաթուղթ կարող է ստորագրվի, առնվազն ես տեղյակ չեմ եղել, և հետագայում է դա պարզվել։ Եվ երբ պարզվել է, ես դիմել եմ վարչապետի միջոցով Պաշտպանության նախարարության, որ այդ փաստաթուղթը մեզ տրամադրվի։ Իմ պաշտոնավարման մինչև վերջ այդ փաստաթղթերին ես ծանոթ չեմ։

Լրագրող - Դուք չե՞ք տեսել այն փաստաթուղթը, որով Գորիս- Կապան ճանապարհը և Շուռնուխ գյուղի մի հատվածը փոխանցվել է Ադրբեջանին և պոստ ֆակտում եք իմացել, որ նման՝ եռակողմ հուշագիր է ստորագրվել։

Արա Այվազյան - Այո, եռակողմ կամ երկկողմ. տեղյակ չեմ անկեղծ։

Լրագրող - Առանց սահմանազատման և սահմանագծման որքանո՞վ է այդ հուշագրով այս տարածքների փոխանցումը Ադրբեջանին օրինական։ Կարո՞ղ եք ասել, որ այդ հուշագիրը որևէ իրավական ուժ չունի, որով Հայաստանից տարածքներ են փոխանցվել Ադրբեջանին։ Խոսքը և՛ Շուռնուխի, և՛ Գորիս-Կապան ճանապարհի մասին է։

Արա Այվազյան - Ես չեմ կարող նման բան ասել, որովհետև առաջինը՝ ծանոթ չեմ այդ փաստաթղթին, երկրորդը՝ նման գնահատական պետք է իրավապահները տան։

Լրագրող - Այսինքն՝ ձեզանից՝ արտաքին քաղաքական գերատեսչությունից գաղտնի է այդ ամենն իրականացվել։

Արա Այվազյան - Առնվազն փաստաթղթի ստորագրմանը և բովանդակությանը ես տեղյակ չեմ եղել։

Լրագրող - Բայց, գիտեիք, որ խոսակցություններ գնում են այդ մասին։

Արա Այվազյան - Քննարկումներ են եղել, որովհետև տարբեր առաջարկներ են եղել այդ ուղղությամբ, էլի ճգնաժամային իրավիճակ էր, ու այդ ճգնաժամը...

Լրագրող - Այսինքն՝ Ադրբեջանը պահանջում էր վերադարձնել այդ տարածքները, և մենք պետք է որևէ լուծում տայինք։

Արա Այվազյան - Այո, և իհարկե ռուսական խաղաղապահ առաքելությունը որպես միջնորդ էր հանդես գալիս։

Լրագրող - Եթե չտայինք, պատերազմական իրավիճակ է՞ր ստեղծվում։

Արա Այվազյան - Տեսեք, ամեն անգամ ... ամբողջ նպատակն այն էր, որ իրավիճակը տանել դեէսկալացիայի, Հայաստանին պետք է ժամանակ՝ ուղղակի իրավիճակը հանդարտեցնել, վերականգնել մեր կարողությունները՝ ինստիտուցիոնալ և պաշտպանողական, և ցանկացած ճգնաժամ կարող էր առիթ դառնալ նոր էսկալացիայի։

Լրագրող - Ուրեմն, ճի՞շտ էր իշխանության կողմից այդ քայլը։

Արա Այվազյան - Ես կարծում եմ՝ ոչ, որովհետև դա համակողմանի չի քննարկվել։ Ես հիմա փակագծերը շատ չեմ կարող բացել, բայց դա նաև խախտում էր նոյեմբերի 9-ին ձեռք բերված համատեղ հայտարարությանը, որտեղ առաջին կետով գրված է, որ զորքերը կանգնում են այնտեղ, որտեղ կանգնում են։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։