Երևան`   +21 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2024 թ.

«Իրանը կարող է ամիսներ ու տարիներ խոսել «վճռական պատասխանի» մասին». Հակոբ Բադալյան

124
Շաբաթ, 07 սեպտեմբերի, 2024 թ., 23:24
«Իրանը կարող է ամիսներ ու տարիներ խոսել «վճռական պատասխանի» մասին». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Երբ Իրանը հայտարարում է, որ «վճռական պատասխան» կտա «Զանգեզուրի միջանցքի» փորձերին, Հայաստանում սա առաջացնում է օբյեկտիվ ոգևորություն:
Օբյեկտիվ, որովհետև բնականաբար խոցված ու ծանր վիճակում գտնվող պետության հանրությունը ուզենք, թե ոչ, «սիրում է ականջներով»: Հանրություններն այլ կերպ թերևս չեն էլ լինում: Այլ լինում են այդ հանրությունների կարծիքի ձևավորման ինստիտուտները, խմբերը, անհատները, էլիտաները:
Այդ իմաստով, երբ Իրանը հայտարարում է, որ պատրաստ է «վճռական պատասխան» տալ փորձերին, թերևս պետք է մեր հերթին տալ հարց՝ իսկ այդ պատասխանը կլինի այնքան վճռական, որքան օրինակ Իսրայելի՞ն տրվող «պատասխաններն» են:
Այստեղ խնդրում եմ չդիտել հեգնանք: Սա լուրջ հարց է: Համենայն դեպս, ինքս չեմ հեգնում այդ պատասխանները: Իրանը հսկայական պատմա-քաղաքական խորքով կայսրություն է: Նրա չափումները՝ այդ թվում «վճռական պատասխանների», ունեն բացարձակապես այլ մասշտաբներ, քան, օրինակ, մեր պատկերացումները: Իրանի չափումները ունեն տարիների, անգամ տասնամյակների տարածական «սանդղակ»:
Մի քիչ կոպիտ ու պայմանական եմ ասում, բայց Իրանը կարող է ամիսներ ու տարիներ խոսել «վճռական պատասխանի» մասին, ու ընդ որում, այդպես էլ չհասցնել այն «վճռականը», որը պատկերացնում ու սպասում են շուրջը, այլ իրականացնել գուցե մի «աննկատ խայթոց», որը շրջապատի համար քիչ տեսանելի է, բայց թիրախի համար՝ շատ ցավոտ:
Եվ ուրեմն, երբ մեզ համոզում են, կամ մենք մեզ համոզում ենք, որ Իրանն ընդհուպ ռազմական ուժով կանխելու է որևէ «միջանցքային» զարգացում, արժե, որ գոնե մի քիչ կասկածի կամ քննության ենթարկենք մեր այդ համոզումները, ելնելով հենց վերը նշածս հանգամանքից՝ Իրանի չափումների մասշտաբները խիստ տարբեր են, Իրանի «ռազմավարական համբերության» գործակիցները՝ բավականին բարձր:
Ուրեմն, մեր հաշվարկները կառուցելիս, պետք է չափազանց զգույլ լինել այստեղ ավելորդ վստահությամբ հաշվարկային տարբերությունների «ֆրուստրացիայի» չենթարկվելու համար: Որպեսզի հետո էլ չսկսենք «թշնամի» հռչակել Իրանին, այն դեպքում:
Կրկնեմ, սա չի նշանակում, որ Իրանի գնահատականները՝ կարմիր գծերի և սահմանների փոփոխության անթույլատրելիության վերաբերյալ, հաստատուն չեն կամ վստահելի չեն: Կարծում եմ՝ հաստատուն են և վստահելի:
Հարցն այն է, որ խաբկանքի մեջ չհայտնվենք հարկ եղած դեպքում ռեակցիաների չափման հարցում, որից հետո գործենք արդեն երկրորդ սխալը՝ Իրանից «նեղանալը»»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան