Թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող խումբ է բացահայտվել
159
Չորեքշաբթի, 24 հուլիսի, 2024 թ., 12:36
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում, Ոստիկանության ծառայողների հետ սերտ համագործակցությամբ, բացահայտվել է իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով սինթետիկ և այլ բնույթի թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խումբ։ 2024 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողները, օպերատիվ տվյալների իրացման արդյունքում, Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցից ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, Ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Երևան քաղաքի 33-ամյա բնակիչ Վ.Կ-ին՝ իր կողմից վարվող «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ: Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 4.73 գրամ ընդհանուր քաշով թվով 7 փաթեթ և ծալովի դանակ. տղամարդու բանավոր հայտարարության համաձայն՝ հայտնաբերված փաթեթներում առկա զանգվածը «Կրիստալ» տեսակի թմրամիջոց է: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 396-րդ հոդվածի 2-րդ մասով և 334-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ: Ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու նպատակով Վ.Կ-ն ձերբակալվել է: Հայտնաբերված զանգվածների բաղադրությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն. ըստ փորձագետի եզրակացության՝ փորձաքննության ներկայացված զանգվածը «Մեթամֆետամին» տեսակի թմրանյութ է: Նախաքննության ընթացքում, օրենքով սահմանված կարգով, կասկածյալի բնակության վայրում կատարվել է խուզարկություն, որի ընթացքում հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի մոտ 25գ. «Մեթամֆետամին» և մոտ 600գ. «Մաիրուխանա» տեսակի թմրամիջոցներ, էլեկտրական կշեռքներ, ինչպես նաև՝ թմրանյութերի իրացման համար նախատեսված տարբեր տեսակի պարագաներ։ Նախաքննության ընթացքում օպերատիվ տվյալներ են ստացվել խուզարկությամբ Վ.Կ.-ի մոտ հայտնաբերված թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրի վերաբերյալ: Մասնավորապես, ստացված տեղեկությունների համաձայն՝ Վ.Կ-ին թմրամիջոց իրացրել է Երևան քաղաքի 36-ամյա բնակիչ Հ.Դ-ն, ով, նախնական տվյալներով, 33-ամյա հարևանի՝ Ս.Կ-ի հետ ստեղծելով հանցավոր խումբ, ձեռք են բերել առանձնապես խոշոր չափերի հասնող, տարբեր տեսակի թմրամիջոցներ, դրանք պահել են իրենց բնակության վայրերում և այնտեղից էլ դրանք իրացրել: Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ այլ անձանցից բացի, Վ.Կ-ն ևս պարբերաբար, օրվա տարբեր ժամերի այցելել է վերջիններիս՝ տարբեր տեսակի թմրամիջոցներ ձեռք բերելու նպատակով՝ իր հերթին զբաղվելով թմրամիջոցների իրացմամբ։ Ստացված տեղեկությունները ստուգելու նպատակով, օրենքով սահմանված կարգով, կատարվել են խուզարկություններ: Արդյունքում՝ Հ.Դ-ի բնակության վայրում հայտնաբերվել են 14 հատ 100 ԱՄՆ դոլարանոց առերևույթ կեղծ թղթադրամներ, Ս.Կ-ի բնակության վայրում՝ առանձնապես խոշոր չափերի մոտ 300 գրամ «Մարիխուանա» և մոտ 20 գրամ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցներ, էլեկտրական կշեռքներ, 122 հատ առերևույթ կեղծ 100 ԱՄՆ դոլարանոց թղթադրամներ, ինչպես նաև՝ թմրանյութերի պատրաստման, օգտագործման և իրացման համար նախատեսված տարբեր պարագաներ։ 2024 թվականի հուլիսի 18-ին Երևան քաղաքի Արշակունյաց և Ագաթանգեղոս փողոցների խաչմերուկից Ս.Կ-ն, ապօրինի թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով, ձերբակալել և տեղափոխել է Ոստիկանության Կենտրոնական բաժին։ Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն գույնի յուրահատուկ հոտով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող 92.7 գրամ քաշով զանգված։ Հայտնաբերված թմրանյութերի վերաբերյալ նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն։ Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, նախաձեռնվել է քրեական վարույթ: Որոշում է կայացվել՝ նախաձեռնված քրեական վարույթները միացնելու և նախաքննությունը մեկ վարույթում շարունակելու մասին։ Նախաքննության ընթացքում կատարվել են անհրաժեշտ քննչական և ապացուցողական գործողություններ՝ հարցաքննություններ, նշանակվել են փորձաքննություններ, այդ թվում՝ հայտնաբերված դրամական միջոցների կեղծ լինել կամ չլինելու հանգամանքը պարզելու նպատակով նշանակվել է դատանյութագիտական և դատափաստաթղթային համալիր փորձաքննություն: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Վ.Կ-ին և Հ.Դ.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, իսկ Ս.Կ-ին՝ 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նշված 3 անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին, որոնք բավարարվել են։ Նախաքննությունը շարունակվում է։