ՀՀ Քննչական կոմիտեն հայտնում է․ «Ավարտվել է անձին սեռական շահագործման ենթարկելու դեպքի առթիվ քննված հերթական քրեական վարույթի նախաքննությունը։ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Արագածոտնի մարզի 41–ամյա բնակիչը, 2021 թվականին տաքսի ծառայություն մատուցելու ընթացքում ծանոթանալով Երևանի բնակչուհու հետ, նպատակադրվել է վերջինիս ենթարկել սեռական շահագործման։ Ծանոթությունից օրեր անց, հիշյալ կնոջը սեռական շահագործման վիճակի մեջ դնելու, պահելու և շահագործելու նպատակով, առաջարկել է նրան զբաղվել մարմնավաճառությամբ, որին վերջինս համաձայնվել է: Սակայն 41-ամյա տղամարդը, նրա նկատմամբ պարբերաբար բռնություն գործադրելով, ինչպես նաև, վերջինիս և նրա երեխաների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով, նրանից վերցրել է մարմնավաճառության արդյունքում աշխատած ամբողջ գումարը։ Արդյունքում՝ 2021 թվականի հոկտեմբերից մինչև 2022 թվականի հոկտեմբերը, Երևանի բնակչուհին, գտնվելով շահագործման վիճակի մեջ, ինչպես իր կամ 41-ամյա տղամարդու կողմից վարձակալած բնակարաններում, այնպես էլ տարբեր հյուրանոցային համալիրներում, զբաղվել է մարմնավաճառությամբ և դրա արդյունքում աշխատած՝ օրական միջինը 200․000 ՀՀ դրամ գումարը փոխանցել է 41–ամյա տղամարդուն։ Երբ նշված կինը հրաժարվել է մարմնավաճառությամբ զբաղվելուց կամ աշխատած գումարները 41-ամյա տղամարդուն փոխանցել, վերջինս ամեն անգամ նրա նկատմամբ բռնություն է գործադրել և ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցրել։ Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 41–ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար»։