Երևան`   +29 °C
Այսօր`   Կիրակի, 07 հուլիսի, 2024 թ.

«Բաքուն «սրում» է շահերի բախումը»․ Հակոբ Բադալյան

97
Հինգշաբթի, 04 հուլիսի, 2024 թ., 09:30
«Բաքուն «սրում» է շահերի բախումը»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մինչ բոլորի ուշադրությունը կենտրոնացած էին Աստանայում Պուտինի հետ Ալիևի եւ Էրդողանի հանդիպումների վրա, որոնք անշուշտ կարևոր են ու դիտարկման արժանի, Աստանայում տեղի է ունեցել ոչ պակաս, իսկ գուցե առավել կարևոր մի բան. Բաքուն ու Պեկինը, Սի Ցզինպին-Ալիև հանդիպման արդյունքում, ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին Հռչակագիր:
Բովանդակությունը անշուշտ կարևոր է, բայց ինքնին այդ փաստաթղթի ստորագրման հանգամանքը արդեն իսկ շատ խոսուն և ուշագրավ փաստ է, առավել ևս, որ գերտերությունները որևէ մեկի հետ այդպիսի փաստաթղթերը չեն ստորագրում հենց այնպես, այսպես ասած՝ նշումի համար:
Իսկ հանգամանքը ուշագրավ է օրինակ նրանով, որ Բաքուն Պեկինի հետ ռազմավարական գործընկերության մասին Հռչակագիր է ստորագրում այն բանից հետո, երբ օրինակ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Օ Բրայանը Կոնգրեսում հայտարարում է՝ ի դեպ Բաքու այցից առաջ, որ Կենտրոնական Ասիա-Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա երթուղին դիտարկում են ԿԱ ռեսուրսները Ռուսաստանի և Չինաստանի ճանապարհները շրջանցելով Եվրոպա հասցնելու կարևոր ուղի:
Եվ ահա, Ադրբեջանը ռազմավարական փատաթուղթ է ստորագրում այն Չինաստանի հետ, որին նաև Ադրբեջանի միջոցով շրջանցելու առաջնահերթության մասին է բարձրաձայնում ԱՄՆ:
Կարող է թվալ, թե Ադրբեջանը Չինաստանին հակադրում է Նահանգներին: Այո, եթե իհարկե քաղաքական պրոցեսները դիտարկում ենք այն պարզունակությամբ, որ ցավոք սրտի գերակշռում է հայաստանյան դիտարկումներում:
Գործնականում, Ադրբեջանը փորձում է լուծել այլ խնդիր, ինչը և վտանգավորն է: Փաստացի, Բաքուն այդպիսով «սրում» է շահերի բախումը: Սա իհարկե որոշակիորեն խաղ է նաև սեփական ռիսկի վրա, բայց ամբողջ հարցն այն է, որ այդ ռիսկը այսօրվա աշխարհում ընդհուպ էքզիստենցիալ է, այն կա և սուր է՝ դու սրես, թե ոչ: Ալիևը դա շատ լավ է հասկանում, և գնում է «ընդառաջ»:
Նպատակը՝ ըստ իս, սրելով շահերի բախումը, ըստ էության խթանել կոմպրոմիս, կոմպրոմիս Ադրբեջանի վրա:
Սա է մարտահրավերը, որը բարդ խաղ է պահանջում նաև Հայաստանից»: