«Մեր աշխատանքային կարողությունն է հարցը, ոչ թե Իրանի նախագահի էթնիկ ծագումը». Հակոբ Բադալյան
155
Շաբաթ, 06 հուլիսի, 2024 թ., 21:30
Ընկերներ, օրինակ հորական կողմից ադրբեջանցի է Իրանի ներկայիս Գերագույն հոգեւոր առաջնորդ Խամենեին: Այդ հանգամանքը, կարծես թե, այս տարիների ընթացքում որեւէ անգամ չի արժանացել հայ հանրության մտահոգությանը: Հորական կողմից ադրբեջանցի է նաեւ նորընտիր նախագահ Փեզեշկիանը: Այդ հանգամանքը Հայաստանում դարձել է մեծ ուշադրության առարկա, մտահոգության առարկա, որ Իրանը կարող է վարել ավելի ադրբեջանամետ կամ թուրքամետ քաղաքականություն, եւ այլն: Կարծում եմ, որ դա չափազանցություն է, խնդրի ավելի շուտ «նոմինալ» դիտարկում: Սա ամենեւին «արխայինության» կոչ չէ, բայց Հայաստանի հանդեպ Իրանի քաղաքականությունը գլխավորապես կախված է այդ հարցում Հայաստանի աշխատանքի որակից եւ բովանդակությունից: Իհարկե, նաեւ՝ մի շարք այլ հանգամանքներից, բայց դրանց շարքում Իրանի նախագահի, կամ նույնիսկ Գերագույն հոգեւոր առաջնորդի էթնիկ ծագումը նույնիսկ հարյուրերորդական գործոնների շարքում է: Հիմա, օրինակ, ադրբեջանական պրոպագանդան փորձում է այդ տիրույթում խաղարկել էթնիկ ծագման հանգամանքը, անկասկած՝ նաեւ ունենալով դրա շնորհիվ հայ հանրության հանդեպ հոգեբանական առավելության եւս մի նիշ ավելացնելը: Մինչդեռ, իրական գետնի վրա պատկերը շատ ավելի բազմաշերտ է, ոչ միարժեք է անգամ հենց Իրանի ադրբեջանցիների՝ Ադրբեջանի իրենց արյունակիցների հանդեպ վերաբերմունքը: Պետք չէ այդ խնդրի առնչությամբ հայտնվել հոգեբանա-քաղաքական «ծուղակում»: Պատկերացրեք, քաղաքականապես որքան համարժեք կդիտվեր, եթե օրինակ Սունակի՝ Բրիտանիայի վարչապետ լինելուց հետո մտածեինք, որ Լոնդոնի քաղաքականության մեջ սկսելու է գերակշռել «հնդկաստանամետությունը», ավելի արտահայտվել՝ Հնդկաստանի շահը: Իրանը Բրիտանիայից պակաս կայացած եւ ամուր կայսրություն ու պետություն չէ, իսկ իրանցիները՝ պակաս պետական ազգ չեն: Կրկնեմ, խոսքը բոլորովին այն մասին չէ, որ կարող ենք ոտքներս ոտքներիս գցել, իսկ հայ-իրանական հարաբերությունը ինքն իրեն կզարգանա ու կխորանա: Բայց, ինչպես նշեցի, այստեղ մեր աշխատանքային կարողությունն է բուն հարցը, այլ ոչ թե Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների էթնիկ ծագումը: