«Անընդհատ փորձ է արվում կրկնօրինակել 2018 թվականն, ինչը սխալ է». քննարկում
137
Շաբաթ, 29 հունիսի, 2024 թ., 19:18
Մարտական Եղբայրություն միաբանության գրասենյակում ընթանում է քաղաքական քննարկում:
Բովանդակության խնդիրը: Լիարժեք և հետևողական հակադրություն չի ստեղծվում առկա քաղաքական կուրսին, հատկապես պատերազմի և խաղաղության, Հայաստանի սահմանների, Արցախի հարցերում: Սրա փոխարեն պետք է հստակ ու արմատական հակադրություն կառուցվի եղած քաղաքականությանը, որի հիմքում կլինի այն պնդումը, որ ելքն իրավիճակից միայն ուժայինն է, և ուժային պայքարում հայ ժողովուրդը պետք է տանի հաղթանակ: Տեխնոլոգիայի խնդիրը: Անընդհատ փորձ է արվում կրկնօրինակել 2018 թվականը: Դա սխալ է, որովհետև տեխնոլոգիան չէր 18-ի հաջողության պատճառը: Դա սխալ է նաև, որովհետև ակամայից ընդունում ես Նիկոլի և իր «հեղափոխության» գերակայությունը: Տեխնոլոգիան չպետք է ֆետիշացվի, այլ պետք է ընտրվի ըստ իրավիճակի: 2018-ի գաղափարախոսությունը, միֆը պետք է հաղթահարվի: Պետք է հստակ գնահատվի, որ 2018-ն ի վերջո սխալ էր և վերածվեց չարիքի: Մեթոդի խնդիրը: Նորից կրկնվում է 2018-ի մոդելը՝ թույլ կազմակերպված, «տարերային», զուտ փողոցային շարժում, որը չունի հստակ կառուցվածք և գաղափարախոսություն: Դա կարողացավ հաղթել 18-ի յուրահատուկ պայմաններում միայն: Բայց դրա հետևանքները շատ ծանր նստեցին երկրի վրա՝ կառավարությունը ձևավորեց մի թիմ, որը կազմակերպված չէր, պատրաստ չէր իշխանություն ստանձնելու և չուներ երկիր կառավարելու գաղափարախոսություն ու ծրագիր: Պետք է սրա փոխարեն հստակ դրվի կազմակերպված քաղաքական ուժի և շարժման խնդիրը, որը պետք է ունենա իր հստակ կառուցվածքը, գաղափարը, ծրագիրը: Այս Ուժը պետք է պատրաստ լինի ցանկացած պահի ձևավորելու կառավարություն՝ ոչ թե անցումային, այլ լիարժեք, և ստանձնել պատասխանատվություն: Երևանակենտրոնությունը: «Բոլոր հարցերը լուծվում են Երևանում» պնդումը, որով Բագրատ Գալստանյանը շարժումը Նոյեմբերյանից՝ ուժային պահի կենտրոնից, բերեց Երևան ու այստեղ ցրեց էներեգիան, մինչ Ալիև-Փաշինյանական սահմանազատումն անցկացվեց Նոյեմբերյանում: Հարցերը լուծվում են նաև, բայց ոչ միայն Երևանում: Հայացքի խնդիրը: Ուղղված է դեպի հետ, չի քննադատվում բավարար կերպով ու չի բացահայտվում, որ խնդիրը ոչ միայն 2018-ն էր, այլև դրան նախորդող՝ ամբողջ հետսովետական Հայաստանի շրջանը: Պետք է հստակ գնահատական տրվի Երրորդ Հանրապետությանը և խզում կատարվի դեպի նոր Հայաստան: Միջազգային քաղաքականության հարցերը: Ռուս-ադրբեջանական համագործակցության անտեսումը: Պետք է հստակ գնահատվի միջազգային իրավիճակը, միաժամանակ բացառվի որևէ արտաքին կողմնորոշում:
«Անընդհատ փորձ է արվում կրկնօրինակել 2018 թվական, ինչը սխալ է». քննարկում