Երևան`   +18 °C
Այսօր`   Հինգշաբթի, 04 հուլիսի, 2024 թ.

«Աջերի հաջողությունը եվրոպական հանրույթի ձգտումն է դեպի ներդաշնակության վերականգնում». Հակոբ Բադալյան

111
Երկուշաբթի, 01 հուլիսի, 2024 թ., 18:48
«Աջերի հաջողությունը եվրոպական հանրույթի ձգտումն է դեպի ներդաշնակության վերականգնում». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Ֆրանսիայի խորհրդարանի արտահերթ ընտրությանը հաղթող ուժը կրկին աջերն են՝ Մարի Լե Պենի առաջնորդած կուսակցությունը: Մակրոնը երկրորդն էլ չէ՝ երկրորդը ձախերն են, իսկ Մակրոնն՝ ընդամենը երրորդը: Բնականաբար, խոսքը անձնապես Մակրոնի մասին չէ, այլ նրա առաջնորդած ուժի, ինչը, սակայն ըստ էության նշանակում է Մակրոն:

Մեծ հաշվով, Ֆրանսիայի խորհրդարանի արտահերթ ընտրության առաջին փուլի արդյունքը շաբաթներ առաջ կայացած Եվրոխորհրդարանի ընտրության արդյունքի շարունակությունն է: Մակրոնը հենց այդ ընտրությանն աջերի հաղթանակից հետո հայտարարեց արտահերթ խորհրդարանական ընտրություն նշանակելու մասին:

Մեծ հաշվով, ֆրանսիացիների քվեարկությունը անակնկալ չէ: Ընդհանրապես, աջերի հաջողությունը եվրոպական միտում է, ինչը, բնականաբար, պայմանավորված է նրանով, որ, թե Եվրոպայում, թե արևմտյան աշխարհ ասվածում ընդհանրապես վաղուց խախտված է բալանսը, պայմանական ասած՝ հանրություններին առաջնորդող հիմնական գաղափարախոսությունների բալանսը: Խոսքը ազատականության և պահպանողականության մասին է: Արևմտյան աշխարհի առաջադիմության ու արդիականության, մեծ առաջընթացի գրավականը թերևս եղել է հենց այդ բալանսավորված մրցակցությունը:

Աստիճանաբար, այն սկսել է խախտվել լիբերալիզմի ագրեսիվ բնույթին զուգահեռ, այսպես ասած՝ «ֆունդամենտալ լիբերալիզմի» կամ «լիբերալ ֆունդամենտալիզմի» հետևանքով:
Ինչպես ասվում է՝ երջանկությունը ներդաշնակության մեջ է: Նույնը, ըստ իս, նաև հանրությունների դեպքում է, պետք է գաղափարախոսական ներդաշնակություն: Երբ այն խախտվում է, և կապ չունի, թե դեպի որ ծայրահեղություն, հանրությունների մոտ առաջանում են լրջագույն խնդիրներ:

Աջերի եվրոպական հաջողությունը, ըստ էության, եվրոպական հանրույթի ձգտումն է դեպի ներդաշնակության վերականգնում: Ի դեպ, տարօրինակ չհնչի, բայց մեծ հաշվով դրա արտահայտությունն է նաև Թրամպի «ֆենոմենը» ԱՄՆ-ում: Հարցը կրող անձերի, տվյալ դեպքում Թրամպի որակը չէ, հարցը հանրությունների ձգտումներն են, ներդաշնակության փնտրտուքը, «լիբերալ ֆունդամենտալիզմի» կասեցման ջանքը»։

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան