Երևան`   +18 °C
Այսօր`   Հինգշաբթի, 04 հուլիսի, 2024 թ.

«Նիկոլիզմի ծննդատան հետքերով»․ Ռուբեն Հակոբյան

132
Երկուշաբթի, 01 հուլիսի, 2024 թ., 17:24
«Նիկոլիզմի ծննդատան հետքերով»․ Ռուբեն Հակոբյան

ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական գիտությունների թեկնածու Ռուբեն Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլիզմի ծննդատան հետքերով
Քաղաքագիտության առանցքային դրույթներից է՝ որևէ քաղաքական գործընթացի առարկայական պատկերը ճիշտ հասկանալու և գնահատելու համար, այն պետք է դիտարկել զարգացումների պատճառա-հետևանքային կապի շրջանակներում։ Առավել ևս, երբ դրանք ճակատագրական ու կործանարար հետևանքներ են ունենում որևէ հավաքականության կամ պետության համար։
Հեղափոխության անվան տակ հեղաշրջման միջոցով 2018թ. իշխանությունը Նիկոլ Փաշինյանին հանձնելը շարունակում է ողբերգական հետևանքներ ունենալ։ Եվ այն դեռ կշարունակի սպառնալ Հայոց պետականությանը, քանի դեռ ծննդատունը, որտեղ սաղմնավորվել և լույս աշխարհ է եկել ազգակործան պատուհասը, շարունակելու է գործել և նոր ծնունդներ ընդունել։
Նիկոլի ի հայտ գալը «դրսի հզոր ուժերով» կամ, առավել ևս, Սորոսով պայմանավորելը՝ ընդամենը հարցի բուն էությունից հասարակության ուշադրությունը շեղելու և ոմանց համար պատասխանատվությունից խուսափելու միջոց է։ Այլ հարց է, որ, որպես ազդեցության գործակալի, տարածաշրջանում հետաքրքրություններ ունեցող ուժերն ու պետությունները կարողացան առավելագույնս օգտվել նրա տգիտությունից ու իշխանատենչությունից և մեր իսկ կողմից ծնած-սնած ազգակործանին օգտագործելու արդյունքում մեզ «նվիրել» գլխատված Արցախ ու արյունածոր վերքի վերածված Հայաստան։
Չեմ կարծում, որ ՀՀ ԳԽ իմ գործընկեր պատգամավորներից որևէ մեկն այն ժամանակ կարող էր երևակայել, որ բանակին թիկունքից միշտապես հարվածող եւ ծառայությունից խուսափած ինչ որ մեկը կարող էր դառնալ մեր պետության ղեկավար եւ ԱԺ ամբիոնից էլ, դահիճին հատուկ ինքնագոհությամբ խոստովաներ, որ իր իշխանությունը պահելու համար զոհաբերել է հինգ հազար զինվորի կյանք։ Եվ այսօր էլ, հարյուրավոր թիկնապահներով շրջապատված «ապագա կա» պոռալով և զոհվածների ծնողներին Եռաբլուրից բերետավորների միջոցով քարշ տալով, ոտնակոխ է անում Հայաստանը։ Կամ՝ ԳԽ-ում մենք երբեք չէինք կարող երևակայել, որ ՀՀ Ազգային ժողովը երեսուն տարի անց կարող էր ղեկավարել մի երկոտանի, ով քաղաքացու հարկերով վարձատրվող իր թիկնապահներին կհրամայեր բռնել քաղաքացու ձեռքերը, որպիսի ինքը թքի այդ նույն հարկատու քաղաքացու երեսին։ Եվ այս երկուսն էլ պահը բաց չեն թողնում տարբեր ամբիոններից հայտարարելու, որ իրենց օրոք Հայաստանը դարձել է ժողովրդավարության բաստիոն։
Բայց նաև պետք է խոստովանել, որ Նիկոլ Փաշինյանը համակարգի ծնունդ է, ով ծնվեց բոլորիս համար տեսանելի քաղաքական միջավայրում։ 90-ականների կեսերից, երբ օրվա իշխանությունները սկսեցին անթաքույց կեղծել համապետական ընտրությունները՝ այս հարցում առանցքային դերակատարություն հատկացնելով բանակին, և խորհրդարանն ու գործադիր իշխանություններն էլ ձևավորել «պոլի փեդ լինի՝ ՀՀՇ լինի»՝ հետագայում ավանդույթ դարձած խծբ-ական բանաձևով, այդ պահից դրվեցին նիկոլիզմի ծննդատան կառուցման հիմքերը։ Ճիշտ է, Ադրբեջանում այս երևույթները շատ ավելի խորը արմատներ ունեին եւ ունեն, բայց, որպես պատերազմող պետություն, նրանք կարողացան նաև իրենց բանակը զինել ժանանակի պահանջները բավարարող համապատասխան զենքերով եւ նախապատրաստվել պատերազմի։
Ցավոք, ազգակործանին նախորդող իշխանությունը, հատկապես վերջին տարիներին, նման կարևոր հարցերով ու միջազգային հարթակներում նախաձեռնողական դիվանագիտությամբ զբաղվելու փոխարեն հիմնականում զբաղվեց սեփական իշխանության վերարտադրմամբ: Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում առաջադրելն այդ գործընթացի կուլմինացիան էր, ինչից առավելագույնս օգտվեց իշխանատենչ պատուհասը և տիրացավ իշխանությանը։ Բավական էր քաղաքագիտական-վերլուծական միտքն ու հասարակական կարծիք ձևավորող լրատվամիջոցները դուրս գային տարբեր միջոցների կիրառմամբ ձևավորված կաշկանդումներից և պատասխանատուներից առարկայորեն պահանջեին քաղաքացուն հուզող մի քանի հարցերի պատասխաններ, կարծում եմ հեղաշրջումից հետո հետագա զարգացումները չէին կարող այսքան ողբերգական հետևանքներ ունենալ։
Ահա այդ հարցերից ընդամենը մի քանիսը.
- ովքե՞ր, ինչպե՞ս և ի՞նչ նպատակով ձևավորեցին «Ելք» դաշինքը։ Ի՞նչ խնդիրներ այն պետք է լուծեր և, որ կարևոր է՝ ի՞նչ պայմանավորվածություն էր ձեռք բերվել կողմերի միջև,
- ինչո՞ւ, ի՞նչ նպատակով, ի՞նչ ուժերի միջնորդությամբ և Սահմանադրության խախտմամբ Արմեն Սարգսյանը նշանակվեց ՀՀ նախագահ, ո՞ւմ կողմից փախեփախի կարգավիճակով արտերկրից իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին հայտարարությունը՝ մեր նորանկախ պետության խայտառակ էջերից է,
- ի՞նչ նպատակ էր հետապնդում և որքանո՞վ էր արդարացված երիտասարդ և անփորձ Գևորգ Կուտոյանին ԱԱԾ-ի ղեկավարի պաշտոնում նշանակելը, ինչը պետության անվտանգությունն ապահովող առանցքային պաշտոններից է,
- ինչո՞ւ Ոստիկանությանն արգելվեց իրականացնել ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունները և ձերբակալել Ռադիոտունը գրաված խմբի ղեկավարին։ Ի դեպ, նույնիսկ միջազգային օրենսդրությունն է նախատեսում՝ եթե հարձակում է իրականացվում պետական պահպանության տակ գտնվող ռազմավարական նշանակության օբեկտի վրա, նախազգուշական հրահանգներին չենթարկվելու դեպքում հանցագործին ֆիզիկապես ոչնչացնելը դիտվում է օրինականության սահմաններում։ Ռադիոտունը նման կարգավիճակ ունեցող օբյեկտների թվում է,
- արդյո՞ք արդարացված էր վարչապետի թեկնածուի պաշտոնում Սերժ Սարգսյանի առաջադրվելը։ Առավել ևս, որ Սահմանադրական փոփոխությունների ընդունումն ավելի համոզիչ և անհրաժեշտ դարձնելու համար Սերժ Սարգսյանը կատեգորիկ հայտարարեց, որ չի օգտվելու նոր Սահմանադրությամբ իրեն ընձեռած հնարավորությունից և չի առաջադրվելու վարչապետի թեկնածուի պաշտոնում,
- և, վերջապես, ի՞նչ էր նշանակում «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի»։ Տարիների հեռավորությունից որո՞նք էին այդ «ճիշտի» արձանագրումները։
Առկա են այս բնույթի ևս մի շարք այլ հարցեր, որոնց պատասխաններն է ուզում լսել դեռևս փողոց դուրս չելած և կամուկացի մեջ գտնվող ընդդիմադիր քաղաքացին։
Մենք պարտավոր ենք պատասխանել օդում թափառող այս և նման մյուս հարցադրումներին։ Եվ եթե ոչ հիմա, պատմությունը, միևնույն է, կտա ողբերգական այս վիճակի իրական գնահատականը՝ պատճառա-հետևանքային կապի ամբողջական ընդգրկումով։
Տարբեր առիթներով անդրադարձել եմ այս հարցերին, բայց իրական պատասխանատուները խուսափել են պատասխանելուց՝ ինչ որ քաղաքական ֆեյքերի միջոցով պատասխանները տեղափոխել բոլորովին այլ հարթություն։
Իսկապես, ամբողջական ճշմարտությունը պետք է խոսի ճշմարտության մասին։ Եվ չպետք է ժողովրդին մեղադրել, որ ազգակործանից ազատվելու համար ընդդիմադիր դիրքորոշում ունեցող ոչ բոլոր քաղաքացիներն են ոտքի ելել։ Քաղաքագիտական աքսիոմ է՝ մինչև հետևանքներին անդրադառնալը, նախ պետք է խոսել այդ ողբերգությունը ծնող պատճառների մասին։ Միջին վիճակագրական վերլուծական կարողությամբ քաղաքացու համար համոզիչ չէ, որ Նիկոլի իշխանության գալուն նպաստողներից ոմանք, պատասխան տալու փոխարեն, այսօր հայտնվել են ընդդիմադիր դաշտում և տակից, քաղաքական խաղեր տալով, շարունակում են իրականացնել նիկոլածին ծննդատան ճարտարապետությունն ու քաղաքական դիզայնը, ինչը մեծապես խանգարում է ընդդիմադիր դաշտի առողջացմանն ու համախմբմանը։
Անցյալից պետք է դասեր քաղել և պատասխանատվություն ու համարձակություն ունենալ հրապարակային խոսել թույլ տված սխալների մասին, ինչը առողջ քաղաքական զարգացումների համար անհրաժեշտ նախապայման է»։

Աղբյուրը`   Ռուբեն Հակոբյան